Արկածային Սվանեթ / 7 օր
2024 թ․-ի հունիսի 22-28-ը հրավիրում ենք մասնակցել դեպի Սվանեթ մեր ճամփորդությանը։
Սվանեթը մեր ամենագեղեցիկ ու հագեցած արշավային ուղղություններից է: Այն սկսել ենք կազմակերպել 2013-ից:
Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին, այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:
Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):
Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացիր մանրամասներին:
Օր 1։ Աշտարակների քաղաք
Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք երեկոյան: Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:
Օր 2։ Երկգլխանի Ուշբա
Սվանեթի հետ ծանոթությունը սկսելու ենք Մեստիայի ազգագրության թանգարանից, որտեղ կծանոթանանք Վրաստանի այս գողտրիկ անկյան պատմությանն ու ավանդույթներին։ Այնուհետև ճոպանուղով կբարձրանանք արշավի մեկնարկի կետ։ Սա այն տեղն է որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սվանեթի ամենահայտնի և դժվարամատչելի լեռը՝ Ուշբան։
Ճոպանուղու վերջին կանգառից կսկսենք մեր արշավը դեպի 2473 մետր բարձրության վրա գտնվող գագաթ։ Սա այն կետն է, որտեղից մեր առջև կբացվի ողջ Սվանեթն ու Կովկասյան լեռները։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Օր 3։ Բեզենգիի պատ
Այս արշավը խոստանում է լինել Սվանեթի ճանապարհորդության ամենատպավորիչը։ Այսօր ունենալու ենք ջիպինգ և արշավ։ Առավոտյան ամենագնաց մեքենաներով կուղևորվենք բարձրալեռնային գյուղ, որը լքվել է 1876 թվականին։
Մեր նպատակակետից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Բեզենգիի պատը։ Սա Կովկասյան լեռնաշղթայի ամենաբարձր հատվածն է, որն ունի միջինում 5000 մետր բարձրություն։ Այստեղ են գտնվում այնպիսի Կովկասյան հսկաներ ինչպիսիք են Տետնուլդը, Շխարան, Գեստոլան, Ջանգիտաուն։ Սա եզակի հնարավորություն է արշավականի համար լինել այսքան մոտ 5000-անոց լեռներին։
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մետր
Օր 4։ Շդուգրա ջրվեժ և Ուշբայի սառցադաշտ
Առավոտյան մեկնում ենք Բեչոյի շրջան, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին և գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Ջրվեժի գեղեցկությամբ կհիանանք հեռվից, քանի որ մոտենալն անհնար է:
Ջրվեժը տեսնելուց հետո կշարունակենք մեր արշավը մինչև Ուշբայի սառցադաշտ: Այստեղ բացի սառցադաշտ տեսնելուց կտեսնենք նաև Կովկասյան լեռների ամենահայտնի լեռներից մեկը՝ Ուշբան այլ անկյան տակ:
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր
Օր 5։ Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ
Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Օր 6։ Մեզիրի
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Բեչոյի շրջան։ Իրականացնելու ենք վերելք դեպի Բակի լեռնանցք։ Արշավի սկզբում անցնելու ենք սաղարթախիտ անտառով այնուհետև դուրս ենք գալու ալպիական մարգագետիններ։ Ճանապարհին տեսնելու ենք փոքրիկ լճակ, որտեղ արտացոլվում են Մազերի լեռն ու Ուշբան։ Արշավն ավարտելու ենք 10-րդ դարում կառուցված փոքրիկ եկեղեցու մոտ։
Ցանկության դեպքում կարող ենք շարունակել ճանապարհը մինչև Բակի լեռնանցք։ Վերադարձը նույն ճանապարհով։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մետր
Օր 7։ Վերադարձ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 5։00
Արժեքը՝ 490 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
6 գիշերակաց հյուրատանը (Մեստիա)
5 նախաճաշ (վերադարձի օրվա նախաճաշը ներառված չէ)
Թանգարանի մուտքի տոմսը
Ճոպանուղու վճարը
Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Քանի որ Մեստիան տուրիստական քաղաք է, այստեղ շատ են կոլորիտային, համեղ և ավանդական ճաշացանկով ռեստորանները, այնպես որ սնունդի հարցը հեշտ լուծելի է։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունիսի 1-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Ուշադրություն
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին