info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

արշավային գլխարկ

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

Արշավային հանդերձանքի կարևոր բաղադրիչներից է արշավային գլխարկը: Ընդհանրապես հագուստի ընտրությունն արշավների ժամանակ կարևոր նշանակություն ունի, քանի որ նման ոչ ստանդարտ պայմաններում մեր մարմինը հավելյալ պաշտպանության ու հարմարավետության կարիք ունի: Լեռներում եղանակային կտրուկ փոփոխությունները կարող են տարբեր ազդեցութուններ ունենալ մեր մաշկի վրա, դրա համար լեռներ գնալիս հարկավոր է պատշաճ կերպով պատրաստվել: Լեռներում արևի ճառագայթները շատ ուժեղ կարող են լինել, ու միայն արևապաշտպան քսուքը կարող է բավարար չլինել ձեր մաշկը պաշտպանելու համար: Անձրևելու, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների հավանականությունը լեռներում նույնպես մեծ է, ինչը կարող է անհարմարության պատճառ դառնալ: Այս ամենը հաշվի առնելով՝ արշավային գլխարկ կրելը գրեթե պարտադիր պայման է արշավների ժամանակ:

Արշավային գլխարկ

Արշավային գլխարկ ընտրելիս կարևոր է հաշվի առնել, որ այն չկրի ձևական բնույթ ու ունենա պաշտպանիչ հատկանիշներ: Արշավային գլխարկները կարող են լինեն տարբեր տեսակի, բայց եթե նպատակային առումով նայենք՝ գոյություն ունեն արևապաշտպան ու ցրտից պաշտպանող արշավային գլխարկներ: Այս երկու տեսակի գլխարկներն էլ անհրաժեշտ են արշավների ժամանակ՝ անկախ նրանից արշավում եք ամռանը, թե ձմռանը:

Արևապաշտպան արշավային գլխարկ

Արևապաշտպան գլխարկ

Եթե խոսենք արևապաշտպան գլխարկներից, ցանկալի է, որ արշավային գլխարկները լինեն լայն եզրերով, ինչը հնարավորություն կտա պաշտպանել դեմքն արևից և քամուց: Հասկանալի է, որ գլխարկները հիմնականում գլխամաշկը և դեմքի մաշկը պաշտպանելու համար են, սակայն կան գլխարկներ, որ նաև ունեն վիզը պաշտպանելու հնարավորություն, ինչը նույնպես շատ դրական հանգամանք է:

Սարերում քամիները շատ ուժգին կարող են լինել, դրա համար գլխարկը պետք է հարմարեցված լինի ձեր գլխին այնպես, որ քամին չկարողանա հանել այն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ, օրինակ, ծովափնյա արևապաշտպան գլխարկներն այնքան էլ հարմար չեն լեռներում քայլելու համար: Դրանք սովորաբար շատ ամուր չեն նստում գլխին, ինչի արդյունքում էլ հեշտությամբ ընկնում են: Դրա համար, նախընտրելի է, որ գլխարկը լինի հենց ձեր գլխի չափով ու ամրանալու հնարավորություն ունենա:

Ֆլիսե արշավային գլխարկ

Ցրտից պաշտպանող արշավային գլխարկները, բնականաբար, տարբերվում են արևապաշտպան գլխարկներից: Սրանք նախատեսված են գլուխն ու ականջները ցրտից ու ուժեղ քամիներից պաշտպանելու համար: Այս գլխարկները տաքությունը պահելու հատկություն ունեն, ու, որպես կանոն, չեն ունենում եզրեր: Ցրտից պաշտպանող արշավային գլխարկերը շատ հաճախ լինում են ֆլիսից կամ ֆլիսե միջադիրով: Ֆլիսն ունի ջերմամեկուսիչ հատկություն ու թույլ է տալիս, որ մարդու գլուխն ու ճակատային մասը չսառչեն:

Ֆլիսե գլխարկ

Որպեսզի ձեր արշավային ուղևորությունն անցնի առավել հարմարավետ ու ապահով, մի մոռացեք կրել արշավային գլխարկ կամ գլուխն ու դեմքը պաշտպանող այլ միջոցներ: Մենք մեր արշավականներին նույնպես խրախուսում ենք կրել արշավային գլխարկ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք