Դուք արդեն ձեռք եք բերել արշավային կոշիկ, բաճկոն, ուսապարկ, տաբատ, սակայն պետք չէ մոռանալ նաև ձեռնոցների կարևորության մասին: Հիշե՛ք, որ հիպոթերմիայի ժամանակ մարմինը սկսում է ցրտահարվել հենց վերջույթներից: Այնպես որ ձեռքերի գրագետ պաշտպանությունը ցրտից չափազանց կարևոր է: Թեև այս հարցն ավելի հեշտ է, քան կոշկի և ուսապարկի ընտրությունը, այնուամենայնիվ, կան մի քանի նրբություններ, որոնք պետք է իմանալ արշավային ձեռնոց ընտրելիս։
Ձեռնոցը կատարում է երկու գործառույթ՝ պաշտպանական և ջերմացնող:
Ժայռամագլցման ու քարանձավախուզության ժամանակ, կամ պարզապես ամռանն արշավի մասնակցելիս կարելի է հագնել մատները կտրած բարակ կտորից ձեռնոցներ պաշտպանական ներդիրներով: Կհամապատասխանեն հեծանվորդի ձեռնոցները, կամ այնպիսի ձեռնոցներ, որոնք կրում են հատուկ ջոկատայինները: Դրանք կպաշտպանեն ձեր ձեռքերը քերծվածքներից և արևահարումից:
Իսկ ձեռքերը ցրտից, քամուց և թրջվելուց պաշտպանելու հարցին ավելի լուրջ է պետք մոտենալ: Նախ ցանկալի է ունենալ մի քանի տարբեր հաստության ձեռնոց: Մեկ զույգ ֆլիսե, կամ նման այլ նյութից (օրինակ սոֆթշել) բարակ ձեռնոց՝ որպես առաջին շերտ: Սա պետք է որոշակի տաքություն ապահովի, բայց լինի փափուկ և բարակ, որպեսզի չկաշկանդի ձեր մատների շարժունակությունը, և դուք կարողանաք տարբեր գործողություններ կատարել: Ցանկալի է, որ այս ձեռնոցները լինեն ջրից որոշակի պաշտպանությամբ, որպեսզի խոնավ մակերեսներին և ձյանը դիպչելիս միանգամից չթրջվեն:
Տաք արշավային ձեռնոցներ
Հաջորդը վերցնում ենք հաստ և չափազանց տաք ձեռնոց՝ հատուկ ցուրտ պայմաններում կրելու համար: Հաճախ լինում են երկշերտ և միմյանցից առանձնացվող: Ներքին շերտը կարող է լինել փետուրե, բրդյա, ֆլիսե կամ այլ սինթետիկ մեկուսիչով, իսկ արտաքինը՝ պոլիէսթերի ջրակայուն շերտով, հաճախ պատահում է կաշվից, կորդուրայից և այլ ամուր գործվածքներից: Ձեռնոցներն ունենում են հետևյալ հնարավորությունները, որոնք ցանկալի է առկա լինեն․
- Մեմբրանե շերտի առկայություն
- Կաշվե ուժեղացումներ ափի մեջ, կոճերի հատվածում՝ վնասվածքներից հավելյալ պաշտպանության համար
- Բացվող շղթաներ, որոնց տակ կա ցանց, որը շոգ եղանակին ուժեղացնում է օդափոխությունը
- Ձեռնոցները ձեռքերից կախելու համար թելեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում հանեք և ձեռքերից կախած պահեք, ամեն անգամ ուսապարկի մեջ հանել-դնելու փոխարեն:
- Ցուցամատի և բթի վրա հատուկ շերտ, որի հանդեպ սմարտֆոնների էկրանները զգայուն կլինեն: Այսպիսով դուք հաստ ձեռնոցով կկարողանաք օգտվել ձեր հեռախոսից:
Թաթմաններ
Վիճելի հարց է, թե ո՞րն է ավելի լավ՝ տաք ձեռնոցը, թե՞ թաթմանը: Դե… երկուսն էլ ունեն իրենց լավ և վատ կողմերը: Պետք է ընտրել ըստ նշանակության:
Թաթմաներն էլ են լինում տարբեր՝
- բարակ ֆլիսե թաթմաններ,
- թեթև, բայց չափազանց տաք, փետուրե թաթմաններ,
- ջրակայուն շերտով, կոշտ թաթմաններ
Թաթմանի առավելությունը ձեռնոցի հանդեպ այն է, որ բոլոր մատներն ընդհանուր տարածքում են և ազատ, ոչ մի բան դրանց չի սեղմում և այդպիսով ավելի տաք են մնում: Այդ պատճառով կարելի է ավելի հաստ թաթման ընտրել, ավելի շատ ջերմամեկուսիչ լցոնումով: Սակայն թաթմանով ոչ մի աշխատանք չես կարող անել, բացի թրեքինգյաին փայտիկները կամ, օրինակ, սառցահատը բռնելուց: Դրա համար թաթմանի տակից պետք է հագնել համեմատաբար թեթև, բայց կրկին տաք ձեռնոց: Որպեսզի անհրաժեշտության դեպքում թաթմանը կարողանաք հանել և ձեռնոցով աշխատանք կատարել:
Հայաստանյան արշավների ժամանակ, անգամ ձմռանը (մինչև 3000մ), չեն հանդիպում այնպիսի պայմաններ, որտեղ թաթմանների անհրաժեշտություն լինի: Դրա կարիքը կարող է լինել, եթե դուք օրացույցային ձմեռով գնում եք Արագած, կամ Աժդահակ: Մնացած դեպքերում ամուր, ջրակայուն և տաք ներդիրով ձեռնոցը պետք է լիովին բավարար լինի:
Թաթման կաորղ է պետք գալ ինչպես Արարատի, այնպես էլ ավելի բարդ վերելքների ժամանակ։ Ամեն դեպքում փետուրե թաթմանները նախատեսված են էքստրեմալ սառը պայմաններում բարձրլեռնային վերելքենրի համար: Խորհուրդ կտանք վերցնել ավելի բարակ, բայց պինդ գործվածքով թաթման, որը հնարավոր կլինի հագնել այլ ձեռնոցի վրայից:
Անկախ նրանից, թե ինչ արշավային ձեռնոց և թաթման կվերցնեք, միշտ ունեցեք փոխնորդ ձեռնոց, քանի որ թրջվելու դեպքում ձեռնոցը հաշված րոպեների ընթացքում կցրտահարի ձեր ձեռքերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք