10 արշավային երթուղի սկսնակների համար
Տարեցտարի ավելանում է մարդկանց թիվը, ովքեր հետաքրքրվում և ցանկանում են զբաղվել արշավներով, բարձրանալ սարեր, նվաճել գագաթներ։ Արշավներով զբաղվելու համար անհարժեշտ է ոչ թե սկսել բարդ արշավներից և սկզբնապես մտածել Գեղամա լեռները, Խուստուփ և Արագած լեռան գագաթները բարձրանալու մասին, այլ խորհուրդ է տրվում, ունենալ որոշակի արշավային փորձ, և նոր միայն մտածել բարդ գագաթներ նվաճելու մասին, որպեսզի ոչ թե տանջվեք, այլ վայելեք արշավը։ Անհարաժեշտ է ըտրել հեշտ և գեղեցիկ երթուղներ, և այդպիսով քայ առ քայլ ավելացնել արշավային փորձը։
Ստորև մենք առանձնացրել ենք մեկօրյա այն արշավային երթուղները, որոնք հարմար են սկսնակ արշավականների համար և անհրաժեշտ չէ ունենալ մեծ արշավային փորձ դրանք գնալու համար։ Այս արշավային երթուղիները հասանելի են ֆիզիկապես առողջ ցանկացած մարդու համար։
1․ Վարդագույն կիրճ
Երթուղու երկարաություն – 17 կմ
Լավագույն ամիսները արաշավելու համար – նոյեմբերից – ապրիլ
Վարդագույն կիրճը գտնվում է Երանոսի լեռների լանջերին, Արարատի մարզում։ Անունը ստացել է գույնի պատճառով։ Վարդագույն կիրճի արշավի ընթացքում տեսնում ենք Ազատի ջրամբարը, Երանոսի ու Գեղամա լեռների, Արարատի տեսարանները։
Վարդագույն կիրճում գույները փոփոխվում են վառ կարմիրից մինչև բաց նարջնագույն։
2․ Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Երթուղու երկարաություն – 20 կմ
Լավագույն ամիսները արաշավելու համար – մարտ, ապրիլ, մայիս, նոյեմբեր
Միգուցե կարդալով արշավային երթուղու երկարությունը, մտածեք, թե այն շատ երկար է սկսնակ արշավականների համար, բայց արշավը ինքնին բարդ չէ։ Արշավը սկսում ենք Գառնի գյուղից: Սկզբում տեսնում ենք Ազատի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան, այնուհետև, անցնելով XI դարի կամրջով, մուտք ենք գործում Խոսրովի արգելոց և քայլում ենք դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ։
Այս արշավային երթուղին նաև հարմար է ձմեռային արշավների համար և հատկապես գեղեցիկ է, երբ ամբողջությամբ սառցակալում է Աստղիկի ջրվեժը։
3․ Ձորագետի կիրճ
Երթուղու երկարաություն – 10 կմ
Հարաբերական բարձրություն – 430 մ
Լավագույն ամիսները արաշավելու համար – ապրիլ, մայիս, հունիս, հոկտեմբեր
Ձորագետի կիրճը համարվում է Հայաստանի ամենատպավորիչ կիրճերից մեկը, որը գտնվում է Լոռու մարզում։ Այն Ստեփանավան քաղաքից սկսած ունի մոտավորապես 100 – 120 մ խորություն և կիրճի միջով է հոսում համանուն գետը՝ Ձորագետը, որի երկարությունը 67 կմ է։ Ձորագետի կիրճը հարուստ է մի քանի արշավային երթուղիներով, որոնցից ամենահայտնին համարվում է քայլարշավը դեպի՝ Ցիցքար։ Հանրության շրջանում այս տեղանքը ավելի շատ հայտնի է Արևածագի ձոր անվամբ։
Տեղացի գյուղերի բնակիչների շրջանում տարածված «վեճ» գոյություն ունի, թե որտեղ է գտնվում Ցիցքարը, Կուրթան գյուղի ձորում, թե Արևածագ գյուղի ձորում։ Այս քայլարշավային երթուղու մեջ է ներառված նաև Հնեվանքը, որը VII դ․ վանական համալիր է։
4․ Սմբատաբերդ – Ցաղաց քար
Երթուղու երկարաություն – 14 կմ
Հարաբերական բարձրություն – 400 մ
Լավագույն ամիսները արաշավելու համար – մարտ, ապրիլ, մայիս, հոկտեմբեր, նոյեմբեր
Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա:
Այս արշավը սկսում ենք Եղեգիս գյուղից։ Նախ քայլում ենք դեպի Սմբատաբերդ, որի բերդապարիսպներից աննկարագելի տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռներ։ Այնուհետև քայլում ենք դեպի Ցաղաց քարի վանական համալիր (X դար), որն ուսումնասիրելուց հետո գեղեցիկ լեռնային արահետով իջնում ենք Եղեգիս։ Այստեղ այցելում ենք Զորաց տաճար, որը միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է համարվում։
5․ Վերելք Գութանասար
Երթուղու երկարություն – 10 կմ
Հարաբերական բարձրություն – 500 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ, մայիս, հունիս, նոյեմբեր
Գութանասարը հանգած հրաբուխ է և գտնվում է Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում: Բարձրությունը՝ 2299 մ է։
Արշավի վերջում այցելում ենք բոլորին հայտնի Սև ավազե պատ։
6․ Երեք բազեների արահետ
Երթուղու երկարություն – 15 կմ
Հարաբերական բարձրություն – 650 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ, մայիս, հունիս, հոկտեմբեր, նոյեմբեր
Տավուշի մարզի ամենագեղեցիկ արահետներից մեկն է համարվում։ Արշավը սկսում ենք Հովք գյուղից և բարձրանում ենք դեպի Իջևանի լեռներ։ Արահետն անցնում է անտառապատ տարածքով։
Ճանապարհի մի կողմում Իջևանի լեռների ժայռերն են, մյուս կողմում՝ Աղստևի հովիտը։ Արշավն ավարտում ենք Հաղարծին գյուղում։
7․ Վերելք Ապակեքար
Երթուղու երկարություն – 11 կմ
Հարաբերական բարձրություն – 500 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ – մայիս, հոկտեմբեր – նոյեմբեր
Ապակեքարը «Դիլիջան ազգային պարկի» ամենագրավիչ լեռներից է։ Գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև։ Բարձրությունը 1651 մ է։ Հաղարծին գյուղից լեռը բավական դժվարամատչելի տեսք ունի, բայց իրականում վերելքը միջին բարդության է, քանի որ հետևի կողմով դեպի գագաթ է բարձրանում շատ գեղեցիկ ու ապահով արահետ։
Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստևի հովիտը։ Արշավը սկում ենք Հովք գյուղից և անցնելով Իջևանի լեռների լանջերով ավարտում ենք Հաղարծին գյուղում։
8․ Վերելք Տեսիլք լեռ
Երթուղու երկարություն – 8 կմ
Հարաբերական բարձրություն – 600 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – հոկտեմբերից – հունիս
Տեսիլք լեռը գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մոտ: Բարձրությունը 1371 մետր է: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Աղստևի հովիտը: Գագաթնամերձ հատվածում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ:
Լեռան արևելյան կողմում է գտնվում Տեսիլքի քարանձավը: Քարանձավի մեծ սրահում գտնվող 2 ճեղքից լույս է ընկնում քարանձավի մեջ:
9․ Պարզ լճից – Գոշ գյուղ
Երթուղու երկարություն – 8 կմ
Հարաբերական բարձրություն – 400 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ – հունիս, հոկտեմբեր – նոյեմբեր
Այս երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում Գոշ գյուղում: Ճանապարհն անցնում է փարթամ բուսականությամբ պատված անտառով: Մի քանի փոքրիկ գետակներ անցնելուց հետո բացվում է մի ընդարձակ մարգագետին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Իջևանի լեռնաշղթան և Դիմաց լեռը:
Անցնելով մարգագետինները ճանապարհը տանում է դեպի՝ Գոշ գյուղ: Գյուղի վերևից արդեն երևում է Գոշավանքը:
10․ Վերելք Արտանիշ
Երթուղու երկարություն – 12 կմ
Հարաբերական բարձրություն – 600 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – դեկտեմբերից – մայիս
Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ։ Լեռան գագաթը նաև այն վայրն է, որտեղից ամենագեղեցիկն է երևում Մեծ և Փոքր Սևանների միացման հատվածը:
Վերելքը սկսում ենք Շողակաթի մոտակայքից։
Մի մոռացեք, առաջին անգամ արշավ գնալիս և ընդհնարապես ընտրեք պորֆեսիոնալ արշավային կազմակերպություն։ Առաջին արշավային փորձը շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված, թե արդյոք աշխարհում կավելանա ևս մեկ արշավի սիրահար։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: