Արշավային կարգապահություն և էթիկա
Արշավային կարգապահություն պահելը բխում է առաջին հերթին արշավականների սեփական շահերից: Վերջին տարիներին արշավելու մշակույթը սկսել է զարգնալ Հայաստանում ու նկատելի է, որ շատերն են հետաքրքրված ակտիվ հանգստի այս միջոցով: Այդուհանդերձ, մարդիկ կարգապահություն չեն սիրում, ինչը նաև երևում է այս բնագավառում:
Այնինչ, փաստն այն է, որ արշավային կարգապահության անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ անվտանգության հետ: Սա երբեմն մարդկանց կողմից թերագնահատվում է, և շատ հաճախ նրանք շրջանցում են տարբեր կարգապահության նորմեր: Իհարկե, արշավային կարգապահությունը նաև արշավն ավելի արդյունավետ ու հաճելի դարձնելու կարևոր հանգամանք է, ինչը ևս կարևոր է: Այժմ կներկայացնենք արշավային կարգապահության մի քանի դրույթներ, որոնց անհրաժեշտ է հետևել արշավների ընթացքում:
Հետևել ուղեկցորդի հրահանգներին
Լեռնային ուղեկցորդին լսելու ու հետևելու կանոնը արշավային մշակույթում ամենակարևորներից է: Լեռնային ուղեկցորդը պատասխանատու է առավել անվտանգ ու արդեն անցած ճանապարհներով մարդկանց ուղղորդելու համար, սակայն միայն եթե խումբը ենթարկվում է նրա հրահանգներին: Այս դեպքում ուղեկցորնդներն այն մարդիկ են, որոնք տիրապետում են իրավիճակին և կրում են ամբողջ պատասխանատվությունը:
Եթե դուք արշավում եք, պետք է հասկանաք, որ պարզապես չեք այցելում այդ վայրերը, այլ քայլում եք հստակ սահմանված տեմպով ու ուղղությամբ: Այսինքն՝ այս ակտիվ հանգստի միջոցը պահանջում է հստակ կանոնակարգում, որն անում են լեռնային ուղեկցորդները: Նրանց չենթարկվելը կարող է ճակատագրական լինել ոչ միայն ձեզ, այլև՝ մյուս մասնակիցների համար:
Շարքով քայլել
Շարքով քայլելը նույնպես բխում է անվտանգության ու վերահսկելիության նկատառումներից: Սա արշավային մշակույթի կարևոր բաղադրիչներից է: Սարերում ժամանակի հաշվարկը շատ կարևոր է, քանի որ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունները կարող են բարդացնել կամ անհնար դարձնել քայլելը:
Լեռնային ուղեկցորդները հաշվարկում են, թե տվյալ դեպքում մի կետից մյուսն անցնելու համար քայլելու ինչպիսի տեմպ ու արագություն է պետք: Երբ դուք շարքից դուրս եք գալիս, սկսում եք ձեր սեփական տեմպով քայլել ու ստեղծել քաոս խմբում՝ շեղելով ընդհանուր խմբի տեմպը: Բացի դրանից, լեռնային ճանապարհները կարող են լինել դժվարանցանելի ու խորդուբորդ: Այս դեպքում ևս ավելի անվտանգ է շարքով անցնել այդ ճանապարհները, քան՝ քաոտիկ:
Տանել սեփական ուսապարկը և մնացած իրերը
Եթե որոշել եք արշավել, պատրաստ եղեք բոլոր դժվարությունները հաղթահարել ինքնուրույն: Ծանր իրերով երկար քայլելը բոլորի համար էլ սթրեսային կարող է լինել, ու պետք չէ մտածել, որ որևէ մեկը ավելի լավ կարգավիճակում է, քան՝ դուք: Այնպես որ, եթե արշավում եք, վերցրեք ձեր ու ձեր իրերի ամբողջ պատասխանատվությունը ու մի ծանրաբեռնեք ձեր կողքիններին, որոնք իրենց սեփական իրերն էլ պետք է տանեն: Նշանակություն չունի՝ ձեզ հետ արշավում է ձեր հայրը, եղբայրը, մայրը, ընկերը, թե ամուսինը, մի տվեք ձեր իրերը նրանց, անգամ եթե նրանք ցանկանան տանել:
Տանել սեփական աղբը և չթափել լեռներում
Լեռներում գտնվելու կարևորագույն էթիկայի կանոններից է աղբը բնության մեջ չթափելը: Պետք է գիտակցել, որ այդ հատվածներում սանիտարահիգենիկ աշխատանքներ չեն կարող իրականացվել, ու բնության մաքրությունն ու պաշտպանությունը մնում է այդ վայրերն այցելողների վրա: Ամեն մեկս պետք է մեզ պատասխանատու համարենք սարերում մաքրությունը պահպանելու ու այնտեղ աղբ չթողնելու համար:
Armenian Geographic-ը մեծ ուշադրություն է դարձնում արշավական կարգապահությանն ու էթիկային: Մենք աշխատում ենք այնպես անել, որ մեր արշավների ժամանակ այս դրույթները պահպանվեն:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: