Արշավային կոշիկ
Կոշիկն արշավականների հանդերձանքի կարևորագույն մասն է՝ հարմարավետ և անվտանգ քայլքի համար: Այն բարեհաջող արշավի գլխավոր գրավականն է: Սկսնակներին բարդ է լինում կողմնորոշվել շուկայի բազմազանության մեջ: Այսօր արտադրվում են ամենատարբեր տեսակի և նշանակության արշավային կոշիկներ՝ շատ մեծ որակային և գնային տարբերություններով:
Այս խառնաշփոթի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար որոշեցինք պատրաստել այս նյութը, որտեղ փորձեցինք անդրադառնալ հարցի ամենակարևոր կետերին՝ բացատրելով հիմնական սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել արշավային կոշիկի ընտրության հարցում։
Եվ այսպես, ինչպիսի՞ն պետք է լինի ձեր արշավային կոշիկը: Այս հարցի լուծումը զգալիորեն կհեշտանա, եթե դուք անկեղծ պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչ բարդության երթուղիներով եք պատրաստվում քայլել: Որքան բարդ է երթուղին` կտրատված ռելիեֆով, քարքարոտ կամ ցեխոտ հատվածներով է, թե ոչ: Որքան բարդ է երթուղին, այնքան ամուր և բարձր ճիտքով պետք է լինի կոշիկը, որպեսզի պինդ պահի կոճերն ու սրունքը:
Որքան ծանր է լինելու ձեր ուսապարկը: Ծանր ուսապարկը լրացուցիչ ճնշում է ստեղծում ոտնաթաթերի վրա և դեֆորմացնում կոշիկի տակացուն, ինչը կարող է բացասական ազդել կոշիկի՝ ռելիեֆի հետ կպչողունակության վրա: Այդ իսկ պատճառով որքան ծանր է ձեր ուսապարկն, այնքան հաստ և ամուր տակացու պետք է ունենա կոշիկը:
Ինչ մարզավիճակում եք դուք գտնվում։ Հատկապես կարևոր է այս հարցում ոտքի մկանային և ջլային հյուսվածքների մարզվածությունը: Որքան մկանոտ և էլաստիկ ջլեր ունեն ձեր ոտքերն, այնքան քիչ օժանդակ ֆիքսացիայի կարիք ունեն ձեր կոշիկները: Այդ իսկ պատճառով դուք կարող եք տեսնել փորձառու և մարզված արշավականներին թեթև բոթասներով, քանի որ նրանց ոտքերի հյուսվածքները պինդ են և մարզված: Սկսնակներին խորհուրդ չի տրվում նման կոշիկներով արշավել, քանի որ վնասվածքներ ստանալու ռիսկը նրանց մոտ մեծ է:
Պատասխանելով այս հարցերին դուք արդեն քիչ թե շատ պատկերացում կկազմեք ձեր ապագա կոշիկի մասին:
Արշավային կոշկների տեսակները
Պայմանականորեն արշավային կոշիկները կարելի է բաժանել երեք խմբի՝
- Թեթև քայլարշավային կոշիկներ (անգլ. “hiking boots”)
- Թրեքինգային կոշիկ (անգլ. “trekking boots”)
- Ալպինիստական կոշիկ (անգլ. Mountaineering boots)
Բնականաբար այս բաժանումը պայմանական է և դրանց միջակայքում կան շատ ենթատեսակներ: Բայց որպեսզի չխճճվենք տեղեկատվության գերհագեցվածության մեջ՝ կառաջնորդվենք այս դասակարգմամբ:
Թեթև քայլարշավային կոշիկներ
Թեթև քայլարշավային կոշիկները նախատեսված են հանգստյան օրերի կարճատև քայլարշավների համար, որոնք անցնում են պարզ, ոչ շատ կտրտված ռելիեֆով: Սրանց ճիտքը շատ բարձր չէ, պաշտպանում է միայն կոճի մի մասը, տակացուն համեմատաբար փափուկ է, որպես ամորտիզացիոն շերտ օգտագործվում է EVA փրփուրից ներդիրներ, որն ընդունում է կրողի ոտնաթաթի ձևը՝ ապահովելով մաքսիմալ հարմարավետություն:
Այսպիսի կոշիկները չեն առանձնանում ամրությամբ և երկարակեցությամբ, նախատեսված չեն երկարատև, ծանր ուսապարկով թրեքինգների համար: Շատ հաճախ վերևի հատվածը պատրաստված է լինում ցանցանման կտորից: Այս ամենից կոշիկը դառնում է թեթև և հարմարավետ, այն լավ է շնչում և հարմար է շոգ եղանակին արշավի գնալու համար: Սակայն այս ամենի հետ մեկտեղ տուժում են պաշտպանական գործառույթները՝ ավելի վատ է պահում ջուրը և բարդ քարքարոտ տեղերում քայլելիս շատ արագ շարքից դուրս է գալիս: Ամեն դեպքում ցածր գնի պատճառով շարունակում են հանդիսանալ ամենապահանջվածն ու տարածվածը հայաստանյան շուկայում:
Թրեքինգային կոշիկներ
Սա բավականին մեծ դաս է, այսպիսի կոշիկները կարող են միմյանցից շատ տարբերվել և նախատեսված լինել տարբեր նպատակների համար: Բայց բոլորին միավորում է մի քանի հստակ հատկություն, որոնք կփորձենք հակիրճ ներկայացնել:
Նախ այս տեսակի կոշիկների ճիտքն ավելի բարձր է, ամբողջությամբ գրկում է կոճերը, և մասամբ կամ ամբողջությամբ՝ սրունքը՝ կախված մոդելից: Սրանց տակացուն լինում է բազմաշերտ: Կոշտ և փափուկ մի քանի շերտեր հաջորդում են իրար, որպեսզի ստեղծեն ամրության, հարմարավետության և գետնի հետ կպչողունակության լավագույն համադրությունը: Քանի որ այս կոշիկները օգտագործվում են ավելի էքստրեմալ պայմաններում և մեծ ծանրաբեռնվածությամբ, նրանց տակացուները պետք է լինեն ամենաորակյալն ու ամուրը: Տակացուներ արտադրող առաջատար ընկերությունը աշխարհում “Vibram”-ն է: Կան մի քանի բացառություններ՝ օրինակ Salomon բրենդն ունի իր սեփական մշակման “Contragrip” տակացուները, որոնք նույնպես հրաշալի կպչողունակություն են ապահովում:
Conagrip-ը հաճախ օգտագործվում է թրեյլրանինգի, սքայրանինգի մրցումներում իր թեթև քաշի և առավել ինֆորմատիվ լինելու համար: Vibram-ի տակացուները շատ ամուր են, չեն սահում և ապահովում են ամուր կպչողություն գետնի հետ: Կախված կոշիկի մոդելից բազմաշերտ հատուկ համակցությունն ապահովում է իդեալական հարմարավետություն և անվտանգություն: Միշտ ընտրեք այնպիսի կոշիկ, որի տակացուն լինի Vibram կամ Salomon՝ իր Contagrip-ով:
Թրեքինգային կոշիկները կարվում են հիմնականում կամ կաշվից, կամ զամշից, կամ այս երկուսի համադրությամբ: Տեքստիլից և ցանցից կարված թրեքինգային կոշիկներ գրեթե չեն հանդիպում, քանի որ այստեղ ամրությունը և դիմացկունությունը առաջնահերթ է: Ընդհանրապես հիշե՛ք հետևյալ սկզբունքը․ որքան քիչ կարեր լինեն, որքան միատարր լինի կոշիկը, այնքան ավելի ամուր, ջրադիմացկուն ու երկարակյաց կլինի այն: Տարբեր տեսակի կտորներով և ցանցերով միմյանց կարկատած կամ սոսնձված կոշիկները, թեև ավելի թեթև են լինում, հարմարավետ և էժան, սակայն ավելի վատ են պաշտպանում ոտքերը խոնավությունից և շուտ են մաշվում:
Այստեղ պետք է առաջնորդվել, թե ինչ նպատակով եք գնում այն: Թրեքինգային կոշիկների մեջ, որպես ամորտիզացիոն շերտ, տակացուից հետո օգտագործվում է առավել խիտ EVA փրփուր, կամ պոլիուրետան, որը ավել կոշտություն և ամրություն է հաղորդում կոշիկի հիմքին՝ չթողնելով նրան դեֆորմացվել բարդ ռելիեֆով քայլելիս:
Վերջինը հանդիպում է առավել բարձր դասի կոշիկներում, որոնցից պահանջվում է մաքսիմալ ամրություն: Այս կոշիկները ավելի թանկ են: Որպես կանոն, դրանց գինը սկսվում է 200-300 դոլլարից: Եթե դուք պլանավորում եք հաճախ մասնակցել արշավների և գնալ երկարատև թրեքինգների վայրի ճանապարհներով, որոնք խնամված արահետներից դուրս են, և եթե ձեր ուսապարկը հաճախ է հասնում և անցնում 20 կիլոգրամը, ապա այս կոշիկները ձեր համար են:
Ալպինիստական կոշիկներ
Սրանք բաժնվում են իրենց հերթին միաշերտ և բազմաշերտ տեսակների: Միաշերտները նախատեսված են մինչև 5000 մետր բարձրության լեռների համար (ամառային Էլբրուսը նրանց առավելագույնն է): Բազմաշերտերը նախատեսված են արդեն բարձր լեռնային ալպինիզմի համար 6-7000 մ+ բարձրության բարդ լեռնագագթներ հասնելու համար: Նրանց մեջ օգտագործված են ամենաթարմ տեխնոլոգիաներն ու լավագույն թանկարժեք նյութերը, ինչի պատճառով էլ նրանց գինը հաճախ կարող է հասնել 1000 դոլլարի և անցնել:
Բոլոր ալպինիստական կոշիկներն ունեն մաքսիմալ ամուր կմախք, հաճախ օգտագործվում են մետաղական թիթեղներով լրացուցիչ ամրացումներ, նրանց կապիչները հատուկ ձևով են նախագծված, որպեսզի ֆիքսեն ոտքը բոլոր կարևոր հատվածներում: Դիմացից և ետևից ունեն հատուկ ամրակներ (ռանտեր) ալպինիստական կատվիկներ ամրացնելու համար: Այս կոշիկները ծանր են լինում, յուրաքանչյուրի քաշը կարող է գերազանցել մեկ կիլոգրամը: Այդ իսկ պատճառով նման կոշիկները հարմար կլինեն բարձրլեռնային վերելքների համար:
Հիմա, երբ մենք իմացանք կոշիկների հիմնական տեսակները, կբացատրենք նաև մի քանի ընդհանուր բան, որոնք պետք է իմանալ արշավային կոշիկ ընտրելիս:
Ինչ է մեմբրանը
Մեմբրանները հատուկ մշակված պոլիմերային նյութեր են, որոնց մոլեկուլների միջև խտությունն այնպես է արված, որ քրտինքի գոլորշիները կարողանան դուրս գալ, բայց և առավել մեծ մոլեկուլներ ունեցող ջրային կաթիլները ներս չանցնեն: Սրա շնորհիվ կոշիկը, հագուստը, կամ ցանկացած այլ իր, որտեղ օգտագործվում է մեմբրան, ստանում են առաջին հայացքից միմյանց հակասող հատկություններ՝ միաժամանակ ապահովում են և՛ ջրակայունությոն, և՛ չեն քրտնեցնում:
Մեմբրաններ արտադրող ամենահայտնի ընկերությունը Gore-Tex-ն է: Նրա արտադրանքը օգտագործվում է ամբողջ աշխարհով մեկ արտադրվող հանդերձանքի և գույքի մոտավորապես 80%-ում: Նշված բոլոր տեսակի կոշիկներն էլ արտադրվում են մեմբրանով: Սա պարտադիր պայման է հանդիսանում ցանկացած կատեգորիայի արշավ գնալու համար:
Նոր կոշիկով չգնա՛ք արշավ:
Նոր գնված կոշիկը պատրաստ չէ արշավ գնալու համար: Այն կոշտ է լինում, լավ չի նստում ոտքին և հարում է կրունկներն ու մատները: Պետք է այն մի քանի օր կրել քաղաքում, քայլել, որպեսզի կոշիկը մի փոքր փափկի և հարմարվի ձեր ոտնաթաթին՝ ընդունելով նրա ձևը: Սա հատկապես վերաբերվում է կոշտ, ծանր կոշիկներին:
Ինչպես ընտրել ճիշտ չափսը և ձևը
Այստեղ ճիշտ չափս ընտրելը չափազանց կարևոր է, քանի որ սխալ կոշիկը կարող է լուրջ վնասել ձեր ոտքը: Եթե կոշիկը շատ մեծ լինի, ապա ոտնաթաթը չի ֆիքսվի կոշիկի մեջ և կոլորվի, եթե փոքր լինի՝ կհարվի, կլինեն վերքեր, իսկ իջնելիս եղունգները կարող են հարումից կոտրվել: Իսկ կոտրված եղունգը, հավատացեք, շատ երկար է վերականգնվում: Միշտ նախապատվությունը տվեք մի փոքր մեծ չափսին, եթե ընտրության առջև եք կանգնած: Երկարատև քայլքից հետո ոտնաթաթերը արյան ակտիվ շրջանառության և ծանրաբեռնվածության պատճառով կարող են այտուցվել և փքվել: Արդյունքում, եթե կոշիկը լինի ոտքի ճիշտ չափսով, կամ առավել ևս մի քիչ փոքր, ապա փքվելով ոտնաթաթը սեղմվելու է և հանգեցնի նույն հետևանքներին:
Ցանկալի է կոշիկ ընտրելու գնալ երեկոյան: Օրվա այդ ժամերին ոտնաթաթը սովորաբար ուռած է լինում, միգուցե մի փոքր այտուցված: Այդպիսով, դուք կընտրեք այն չափսը, որն ավելի ճիշտ կհամապատասխանի դաշտային պայմանների իրականությանը: Վերցրեք ձեզ հետ մի քանի զույգ տարբեր հաստության գուլպաներ: Փորձեք բոլոր գուլպաներով, որովհետև դուք այն հաստատ հագնելու եք թե՛ ամառային եղանակին, թե՛ փոքր-ինչ ցուրտ եղանակին, երբ արդեն անհրաժեշտ են լինելու հաստ գուլպաներ:
Մի շտապեք ընտրություն կատարել, տարբեր մոդելներ փորձեք: Հնարավոր է, որ անգամ նույն բրենդի տարբեր մոդելների միևնույն չափսը տարբեր ձև նստի ձեր ոտքին: Հագե՛ք կոշիկը և քայլեք խանութում, փորձեք աստիճաններով բարձրանալ և իջնել: Հանդերձանքի խանութներում լինում են հատուկ պլատֆորմներ՝ քարերով պատրաստված, որոնց վրա քայլելով կարող եք զգալ, թե ինչպես է կոշիկն իրեն դրսևորում լեռներում քարերի վրա: Մի ամաչեք փորձել տարբեր մոդելներ և երկար քայլել դրանցով:
Հիշեք, որ կլորիկ գումար եք վճարելու այդ կոշիկի համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: