info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մանկական արշավների կարևորությունը

մանկական արշավներ Հայաստանում

մանկական արշավներ Հայաստանում

Նորագույն տեխնոլոգիաներն ու համացանցը հիմնովին փոխել են մեր օրերի երեխաների մանկության զբաղմունքներն ու հետաքրքրությունները: Այս ամենն իր դրական հատկանիշներով հանդերձ՝ ազդում է երեխաների կենտրոնացվածության ու ակտիվության վրա: Երեխաներն ավելի քիչ են դրսում խաղում, վազում, շփվում այլ երեխաների և, վերջ ի վերջո, բնության հետ: Արշավը այն հրաշալի միջոցն է, որը կարող է լրացնել այդ բացը: Այս բազմաֆունկցիոնալ զբաղմունքը կարող է փոխել ձեր երեխայի տրամադրությունը, առողջությունը, արդյունավետությունը, ինչպես նաև հիմք դնել լավ ապագայի համար: Դա է պատճառը, որ Armenian Geographic-ը սկսել է կազմակերպել մանկական արշավներ Հայաստանում:

Արշավների դրական ազդեցությունների մասին երկար կարելի է խոսել, սակայն այժմ անդրադառնանք նրան, թե դրանք ինչպես կարող են ազդել հենց փոքրիկների զարգացման վրա:

Երեխաներ

Գաղտնիք չէ, որ բնության մեջ ժամանակ անցկացնելը դրական է անդրադառնում ոչ միայն մարդու ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա: Իսկ եթե մարդը փոքր տարիքից առողջ ու երջանիկ ապրելակերպով է ապրում, արդեն երիտասարդ տարիքում նա ավելի  արդյունավետ ու հաջողակ կլինի: Արշավելը այն զբաղմունքներից է, որն անգամ մեծ տարիքում կարող է հիմնովին փոխել մարդկանց աշխարհայացքն ու ապրելակերպը, դարձնել նրանց ավելի խաղաղ ու երջանիկ: Հասկանալի է, որ եթե երեխաները փոքր տարիքից սկսեն արշավների գնալ, այն բնականորեն նրանց մեջ կսերմանի այնպիսի արժեքներ, որոնք հետագայում նրանց ուղղակի թևեր կտան: Ներկայացնում ենք այն արժեքները, որոնք երեխաները կարող են ձեռք բերել արշավելու արդյունքում:

Հոգատարություն բնության հանդեպ

Լինելով բնության գրկում՝ երեխաներն ավելի հստակ են տեսնում այն վնասները, որ մարդը կարող է հասցնել ու հասցնում է իրեն ու շրջակա միջավայրին: Երբ երեխաներին ասում են՝ «մի՛ աղտոտեք բնությունը», նա կարող է այդ նախադասության իմաստը լավ չպատկերացնել: Բայց երբ ինքը գտնվում է այդ բնության մեջ ու տեսնում է, թե բնությունն ինչպես է մեռնում այդ ամենի արդյունքում, ավելի գիտակից է դառնում:

փոքրիկ տղան արշավի ժամանակ

Հարգանք և կարեկցանք

Կախված քո կյանքի պայմաններից՝ հարգանքը դժվար է սովորելը, բայց այն երեխաները, որոնք արշավում են ու շատ ժամանակ են անցկացնում բնության հետ, սովորում են հարգալից լինել բնականորեն: Երբ նրանք ճանապարհներին ուսումնասիրում են թռչյունների բները, կենդանիների ձագերին և նման այլ երևույթներ, նրանք կարեկցանքով ու հարգանքով են լցվում ուրիշ էակների նկատմամբ:

Ընկերասիրություն

Շատ հին մի ասացվածք կա, որ մարդկանց իսկապես ճանաչում ես նրանց հետ ճանապարհ անցնելուց հետո: Այսպիսով, երեխաները, արշավների մասնակցելով, սովորում են, թե ինչ է նշանակում լինել իսկական լավ ընկեր: Այն դժվարանցանելի ճանապարհները, որ նրանք անցնում են այլ երեխաների հետ, մտերմացնում են  նրանց, սովորեցնում օգնել միմյանց ինչ-որ ճանապարհի հատված անցնել կամ կիսվել ունեցած սնունդով ու ջրով:

դժվարանցանելի ճանապարհներ

Աշխատասիրություն

Ծողները փոքր տարիքից ցանկանում են, որ իրենց երեխաները չլինեն ալարկոտ և ծույլ, սակայն ոչ հաճախ են կարողանում աշխատասիրություն սերմանել իրենց երեխաների մեջ: Շատ հաճախ փոքրիկներն իրենք էլ չեն հասկանում ինչ են սիրում, ինչ չեն սիրում, դրա համար չեն իմանում՝ ինչպես արդյունավետ կառավարեն իրենց ժամանակը: Արշավների ընթացքում երեխաները երկար ճանապարհներ են անցնում ու հասնելով վերջնակետին՝ բավարարվածության զգացում ունենում ու գիտակցում, որ այդքան ճանապարն իզուր չեն անցել: Նրանք գործնականորեն համոզվում են, որ ֆիզիկական աշխատանքն իրականում կարող է շատ ավելի մեծ հաճույքի հանգեցնել, քան նստակյացությունը: Արշավներից հետո նրանք լցվում են եռանդով ու ոգևորվածությամբ, ինչի արդյունքում ավելի հաճույքով ու էներգիայով են տրվում այլ աշխատանքներ կատարելուն:

Խիզախություն ու դիմացկունություն

Արշավները փոքրիկներին կոփում են ու պատրաստում կյանքի դժվարություններին: Հարմարավետության գոտուց դուրս մեծացած երեխաները միշտ էլ ավելի ուժեղ ու դիմացկուն մարդիկ են մեծանում: Ճանապարհներին նրանք սովորում են տարբեր անհարմարությունների պայմաններում քայլել ու երջանիկ զգալ: Այդ արշավները նրանց համար իսկական կյանքի դասեր են դառնում, ցույց են տալիս, որ խորդուբորդ ճանապարհներ միշտ էլ կլինեն, սակայն դրանց հաղթահարելն ու բարձրունքներին հասնելը երբեք անհնար չէ: Մանկական արշավներ Հայաստանում նույնպես ցույց են տվել այս դրույթի իրավացիությունը:

Մանկական արշավներ Հայաստանում

Մանկական արշավները Հայաստանում

Վերջին տարիներին մանկական արշավներ Հայաստանում նույնպես մեծ տարածում են գտնում: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ ավելի լավ են գիտակցում, թե ինչպես կարող են նպաստել իրենց երեխաների աճին ու զարգացմանը: Armenian Geographic-ը նույնպես իրականացնում է մանկական արշավներ Հայաստանում տարբեր ուղղություններով: Այս արշավներին կարող են մասնակցել 8-15 տարեկան երեխաները:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում