Հայաստանը մարդկության հնագույն օրրաններից մեկն է: Այն հայտնի է իր դարավոր պատմաճարտարապետական կոթողներով, գողտրիկ լճերով, բուժիչ ջրերով, բնակլիմայական, կենդանական և բուսական աշխարհի բազմազանությամբ, և, իհարկե, հարուստ ու ինքնատիպ մշակույթով: Հայաստանը խոսող քարերի երկիր է, քանի որ այստեղ ամեն մի քար «խոսում է» ՝ պատմելով անցյալի, ներկայի, ինչպես նաև հայ շինարարի վարպետության մասին: Հայաստանի յուրաքանչյուր անկյուն ունի իր անցյալն ու ներկան, անկրկնելի գեղեցկությունն ու հմայքը: Այդ է պատճառը, որ մարդիկ իրենց ակտիվ հանգիստը կազմակերպում են տարբեր ձևով, բնության տարբեր վայրերում:
Պահպանել բնությունը նշանակում է անկեղծորեն սիրել հայրենիքը
Սիրել և պահպանել բնությունը չի նշանակում միայն գեղագիտական հաճույք ստանալ: Ընտրելով բնության գրկում հանգստանալն ու կազդուրվելը՝ ամեն մեկը պետք է կարողանա պահպանել այն՝ մյուսներին ևս հնարավորություն տալով վայելելու մեր չքնաղ բնախշարհը: Յուրաքանչյուր մարդ՝ հատկապես բնության գրկում շրջագայողը, հաճախակի պետք է հանդես գա համամարդկային արժեք ներկայացնող բնության հարստությունների, պատմաճարտարապետական անկրկնելի հուշարձանների պահպանության օգտին: Նրանք պետք է լինեն գործի առաջին նախաձեռնողները, բնության բարեկամներն ու պահապանները: Չպետք է մոռանալ, որ անցյալի ժառանգությունը ժողովրդի սեփականությունն է, որի հարատևության ապահովումն ու վերականգնումը, լավագույն ավանդույթներից օգտվելը պատիվ է բերում յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի ժողովրդի:
Անտառներն ու նրանց դերը մեր կյանքում
Մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը և հաճախ մոռանում, որ դա կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է: Անտառների պահպանման հետ ուղղակիորեն կապված է մոլորակի պահպանման խնդիրը: Դեռ հնագույն ժամանակներից փայտանյութն օգտագործվում է որպես հիմնական շինանյութ, իսկ ներկայումս՝ ավելի քան 20 հազար տեսակի նյութերի և առարկաների հիմնական աղբյուր: Անտառները պահպանում են հողն էրոզիայից, մեղմացնում կլիման և այլն, հետևաբար պետք է միաժամանակ հոգալ անտառային նոր գոտիների ավելացման մասին, խիստ վերահսկողություն սահմանել ընդդեմ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև արգելել էնդեմիկ և արժեքավոր կենդանիների որսը:
Խարույկի ճիշտ պատրաստումը
Արշավների ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձվի խարույկի ճիշտ օգտագործմանը: Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա խարույկի համար ճիշտ վայր ընտրել, վառել այն՝ բնության պահպանման և հակահրդեհային միջոցների բոլոր կանոններին համապատասխան: Այստեղ ոչ մի դժվարություն չկա: Ուղղակի պետք է հիշել, որ խարույկը անհրաժեշտ է պատրաստել շինություններից, ծառերից և վրաններից 8-10 մ հեռու՝ բաց տարածությունում: Խարույկի պատրաստման ձևերին ծանոթանալու համար կարդացե՛ք «Ինչպե՞ս խարույկ պատրաստել» հոդվածը:
Արշավների ընթացքում այժմ հազվադեպ կարելի է հանդիպել կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, քանի որ ուշադրություն չի հատկացվում նրանց բազմացմանն ու խնամքին, այլ, ընդհակառակը, երբեմն իրականացվում է գաղտնի որս, նույնիսկ արգելոցներում: Այս ամենի դեմ, իհարկե, պետք է խիստ և հետևողական պայքար մղել:
Բնության, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմաճարտարապետական հուշարձանների բարեկարգումն ու պահպանումը յուրաքանչյուր մարդու` հատկապես արշավականի քաղաքացիական պարտքն է: Հանգիստը ճիշտ և բովանդակալից անցկացնելուց հետո՝ դադարի վայրից հեռանալիս պետք է խնամքով մաքրել շրջակայքը:
Պահպանել բնությունը նշանակում է անկեղծորեն սիրել հայրենիքը:
Նյութը՝ Անի Ռակոբյանի
Կարդացեք նաև՝