info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Hey You. Մի վերելքի պատմություն

Hey You

Hey You

Hey You-ն պատմություն է, զգացողություններ, դժվարությունների և փորձությունների, անմոռանալի պահերի միավորում: Բայց որ ամենակարևորն է՝ այն առաջին հերթին ապացույց է, որ արշավները մարդկանց են միավորում, կյանքեր փոխում, տալիս նոր հնարավորություններ բացահայտել մարդուն մեկ այլ՝ մինչ այդ մեզ համար անհայտ կողմից:

Hey You-ն մարդիկ են

Hey You-ն առաջին հերթին մարդիկ են՝ Ռուբեն Զաքոյան, Մերի Անտոնյան, Անի Հակոբյան և Լուսինե Գույումջյան: Չնայած տարբեր մասնագիտացումներին և բնավորությանը՝ նրանց միավորել են  ArmGeo-ի արշավները: Արարատի վերելքին նախապատրաստվելիս նրանց ծանոթությունն ամրապնդվեց և վերափոխվեց ամուր ընկերության:

Եվ այդ ամենի շնորհիվ ձևավորվեց Hey You-ն. «Hey You-ն ծնվեց 2021թ. օգոստոսին, Արագածի լանջերին, երբ չորս ոգեշնչված արշավականներ՝ Հրաչ Արա-Իվանյանի հմուտ ղեկավարությամբ, գնացել էին Արարատի վերելքից մի քանի օր առաջ իրականացվող գիշերակացով կլիմայավարժեցմանը»,- պատմեց Ռուբենը, իսկ Անին հավելեց. «Երեկոյան քայլելիս Մերին միացրեց և սկսեց երգել Pink Floyd-ի Hey You երգը, որը, ինչպես պարզվեց, բոլորիս համար շատ հոգեհարազատ և սիրված էր»:

Ու հենց այդ երգով էլ սկիզբ դրվեց նոր պատմության ու ընկերության, որը որոշեցին հենց այդպես էլ կոչել՝ Hey You: Անին պատմեց, որ Արարատում այն ավելին էր, քան պարզապես ընկերության անուն. «Արարատի վերելքի ընթացքում այնպես էր ստացվել, որ մենք միասին չէինք քայլում և հասկանալու համար՝ ամեն ինչ կարգին է, պարզապես բարձր գոռում էինք «Hey You», և եթե հետ պատասխան էինք լսում՝ ուրեմն գիտեինք, որ ամեն ինչ կարգին է, և շարժվում էինք առաջ»:

Արարատի վերելքը

Նման ընկերության ստեղծման համար միայն երաժշտական ճաշակը հաստատ բավական չէր, այնպիսի ընկերության, որի մասին գիտեն շատ արշավականներ՝ ArmGeo-ի շրջանակներում և դրանից դուրս: Անիի կարծիքով Արարատում նրանք հնարավորություն ունեցան նորովի բացահայտել միմյանց. «Մինչ Արարատի վերելքը, բավականաչափ ժամանակ չէինք տրամադրել իրար ավելի խորը ճանաչելու համար, իսկ Արարատը տվեց մեզ այդ հնարավորությունը»:

Իսկ Ռուբենը վստահ է, որ Hey You-ն ձևավորվել է Արարատում անցկացրած օրերին ու դժվարին պահերին միմյանց կողքին լինելու շնորհիվ. «Ամբողջ ուղևորության ընթացքում իրար քաջալերում էինք, ինչի շնորհիվ բավականին բարդ իրավիճակներ այդ պահին չենք էլ նկատել, միայն հետո ենք զգացել և հասկացել: Իսկ Արարատի վերելքը կապված էր տարատեսակ ֆիզիկական և հոգեբանական դժվարությունների հետ»:   

Արարատը՝ խորհրդանիշ, նոր սկիզբ ու նպատակ

Որպես իրական ընկերներ և առաջին հերթին՝ արշավականներ, Hey You-ի բոլոր անդամների համար Արարատ բարձրանալու պատճառներից ընդհանուրն այն մարդիկ էին, որոնց տարիներ շարունակ ճանաչել և վստահել են իրենց արշավների առաջնորդությունը: Բացի այդ, Մերիի համար, ով կարելի է ասել, Hey You-ի անվան և գաղափարի անուղղակի հեղինակն է, Արարատն ավելի շատ եղել է խորհրդանշական վերելք. «Արարատը լեռնագնացության հետ չեմ ասոցացրել: Լինում են չէ՞ կյանքում պահեր, երբ ինչ-որ խենթ բան ես ուզում անել, բայց չգիտես ինչ: Գուցե հենց այդ մղումներն ինձ տարան Արարատ»:

Եվ եթե Արարատում Մերին արկածներ էր փնտրում, Անիի համար Արարատ բարձրանալն ուրիշ նպատակ ուներ. «Ինձ համար առաջնային պատճառը 5000+ վերելքների սկիզբը հենց Արարատից սկսելն էր»: Իսկ ահա Ռուբենի համար Արարատը «ևս մի նոր գագաթ, արկածներ, նոր հույզեր և տպավորություններ էր, դե մի քիչ էլ՝ սնապարծություն»,- ասաց Ռուբենը։

Անընդհատ լսում էի՝ «Ռուբ բան չմնաց»

Կարծում ենք, յուրաքանչյուրիս համար միշտ հետաքրքիր է, թե ինչ են զգում Արարատվածները՝ մարդիկ, ովքեր բարձրացել են Արարատը: Hey You-ին նույնպես խնդրեցինք կիսվել իրենց զգացողություններով և Ռուբենը պատմեց. «Բուն վերելքի ժամանակ աշխատում էր միայն ողջ մնալու բնազդը, գլխումս ոչ մի միտք չկար, միայն ճանապարհն էր և Տիգրան Գասպարյանի անդադար հնչող ձայնը՝ «Ռուբ բան չմնաց, դու կարող ես» (Տիկ ջան, դու գիտես, որ առանց քեզ Արարատի նվաճումը չէր լինի)։ Իսկ այ գագաթին ամբողջ կուտակվածը դուրս պրծավ՝ կամ հույզերից էր, կամ ուղղակի թթվածնի պակասից, բայց չէի կարողանում շնչել, հավատս չէր գալիս, որ ես հասա»։

Չնայած Անիի համար գագաթ հասնելն առանց արցունքների չի եղել, բայց ընթացքը եղել է ավելի անորոշ. «Երբեմն չէի պատկերացնում, դեպի ուր եմ քայլում ու չէի էլ մտածում, թե ինչպիսի էմոցիաներ կարող են առաջանալ գագաթին»: Իսկ Մերիին հուզել էին խմբի մյուս անդամների ապրումները. «Իրականում, գագաթին տարբեր էմոցիաներ ես ունենում, բայց քեզ համար կարևորները կարողանում ես տարանջատել միայն ժամանակի ընթացքում»:

Ռեջեբի սպանությունը

Չնայած Արարատի վերելքի հետ կապված Hey You-ի հետաքրքիր պատմությունները շատ են, բայց նրանք առանձնացրին «Go Down»-ի և Nuttela-ի պատմությունները: Ռուբենը պատմեց. «Համարյա հասել էի սառցադաշտին, հոգնած էի, երեք գիշեր չքնած, հեռվում մշուշոտ երևում էր գագաթը: Ու այդ պահին կողքովս սրընթաց մի ստվեր է անցնում ու կանգնում իմ դիմաց: 

Անին էր, աչքերն արցունքոտ հարցրեց՝ «Ռուբե՛ն, դանակ ունե՞ս»: Ոնց որ երազ լիներ, բան չէի հասկանում։ Հարցնում եմ, թե ի՞նչ է եղել, ի՞նչ դանակ, ինչի՞ համար, ու ստանում շոկային պատասխան՝ «Էդ Ռեջեբին (մեր քուրդ ուղղեկցորդի մասին էր խոսքը) պիտի սպանեմ»: Այդ պահին ավելի շփոթվեցի, չէի հասկանում, թե ինչ է կատարվում հարցնում եմ՝ «հո քեզ չի նեղացրե՞լ»: Ու Անին. «Հա, ինձ ասեց՝ Անի՛, go down, ինձ ասեց իջի ներքև»։ Հետո հասկացա ամեն ինչ ու պարզվեց, որ մի պահ Անին վատ է զգացել, իսկ մեր հոգատար ուղեկցորդն առաջարկել էր ներքև իջնել։ Ռեջեբն ուղղակի չգիտեր, թե ում հետ գործ ունի)))»:

Մյուս պատմությամբ կիսվեց Անին. «Նախաճաշի ժամանակ մեզ միացել էր մի գերամանացի երիտասարդ, երբ խմբի անդմաներից մեկը խնդրեց Nuttela-ն փոխանցել, հենց այդ պահին երիտասարդի դեմքի արտահայտությունը վերածվեց զարմանքի ու հարցրեց՝ «Do you know what’s Nutella?»: Փորձեք պատկերացնել մեր արձագանքը))))»:

Կյանքը 5165-ից հետո

Hey You-ի համար Արարատի վերելքը նոր փորձ էր, տպավորություններ, հմտություններ, և ինչպես ասաց Անին. «Այն սովորեցրեց պատրաստ լինել անկանխատեսելիին՝ գիտակցելով, որ ամեն ինչ մեր ձեռքերում է»:

Իսկ Մերին սկսել է առավել հաճախ նկատել Արարատը. «Առահասարակ այն բոլոր լեռները, որոնք բարձրանում ես, միշտ էլ սկսում ես այլ հայացքով նայել: Արարատն ինձ տվեց 9 օր, որոնք նման չէին իմ կյանքի մնացած օրերին՝ իմ մեջ ավելի ամրացնելով այն միտքը, որ դրական մտածելը կարևոր է կյանքում և ամենուր»։

Hey You-ի ապագա պլանները

Խոսելով ապագա պլանների մասին Ռուբենը նշեց. «Մենք նախատեսում ենք համատեղ մի քանի արշավ Հայաստանից դուրս, ցավոք տեղական արշավներին միշտ չի ստացվում միասին մասնակցել, բայց հնարավորության դեպքում բաց չենք թողնում իրար հանդիպել սարերում»։ 

Այն մարդկանց, ովքեր որոշել են գնալ Արարատ, Hey you-ն խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի մարդկանց, ում հետ ճանապարհ անցնելը ձեզ համար կլինի առավել հարմարավետ և տպավորիչ, քանի որ շատ կարևոր է, թե ում հետ ես առաջին անգամ հասնում գագաթ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային պատմություններ