info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայրավանք

Հայրավանք

Հայրավանք

Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անվանումներով, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ժայռոտ հրվանդանի վրա: Հայրավանքը IX-XII դարերի վանական համալիր է, որը բաղկացած է եկեղեցուց Սբ. Ստեփանոս և գավիթից:

Հայրավանք

Սբ․ Ստեփանոս

Սբ. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: Եկեղեցին քառաբսիդ գմբեթավոր կառույց է՝ ներսից և դրսից խաչաձև հատակագծով։ Խորանները ներքուստ և արտաքուստ բոլորաձև են: Հարավ արևելյան կողմում կառուցված է մի ավանդատուն, որն հավանաբար հետագայում է ավելացվել: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, սակայն կամարները և ութանիստ թմբուկով գմբեթը սրբատաշ տուֆից են:

Եկեղեցու վրա կա 5 արձանագրություն, որոնցից ամենահինը 1211 թվականին արված արձանագրությունն է։ Ըստ արձանագրության եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է Հովհասափ և Ներսես վարդապետների կողմից։ Նույն ժամանակ սուրբ հայրերը կառուցել են տվել նաև եկեղեցուն կից երկսյուն երդիկավոր ութանիստ շթաքարեզարդ գմբեթով գավիթը։

Գավիթ

Եկեղեցու արևմտյան մասում XII դարի վերջին կառուցվել է գավիթը: Ձորին մոտ լինելու և ժայռոտ տեղանքի անհարմարության պատճառով գավիթն ստիպված են եղել եկեղեցու առանցքից շեղել և փոքր-ինչ կողք տեղափոխել: Գավիթն ամբողջությամբ կառուցված է սրբատաշ քարերով: Արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ: Կենտրոնում` երկու սյուների և երկու կիսասյուների վրա կանգնած է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթը՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից: Գմբեթի բոլոր հիմնական տարրերը մշակվել են կատարյալ ձևով, և երբ երդիկից թափանցում է արևի ճառագայթը, լույսի և ստվերի խաղը անկրկնելի գեղեցկություն է հաղորդում նրան:

Հայրավանքն ունի պարսպապատ փոքրիկ բակ, որտեղ կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր։

Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը` վերակառուցվել: Հայրավանքի վերաբերյալ մեզ է հասել մի գեղեցիկ ավանդապատում:

Ակոբ Աղի խաչքար

Վանական համալիրի տարածքում է գտնվում Ակոբ Աղի խաչքարը։ Խաչքարը կերտվել է 16-րդ դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր և տապանաքարեր կազմող Ակոբը։

Ակոբ Աղի խաչքար

Խաչքարը հարուստ է քանդակներով։ Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչները։

Ավանդազրույց

Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, կոտորածը չտեսնելու համար, հրաշագործ մի խաչ ուսին կապած իրեն նետում է ջուրը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնցված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: Զարմացած Լենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից: Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք:

Այս ավանդությունը գրի է առել կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, իսկ դեպքերը տեղի են ունեցել 1381-ին: Կաթողիկոսը նշում է, որ վանահայրն այդ հրաշքն իրագործել է Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ (խաչը հետագայում տեղափոխել են Սևանավանք):

Վանքից 1 կմ հեռու գտնվում է Սպիտակ բերդ ամրոցը։ Ավանդության համաձայն` Հայրավանքը վերջինիս հետ կապված Էր ստորգետնյա ուղիով և իբր այդ պատճառով էլ Հայրավանքը կոչվել է նաև Այրիվանք։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ