info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հավապտուկ վանք

Հավապտուկ վանք

Հավապտուկ վանք

Հավապտուկ վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Վանք գյուղից 5կմ դեպի հարավ: Նույն գյուղի մոտակայքում  է գտնվում նաև Գանձասարի վանական համալիրը: Հայտնի է նաև Հավոցպտուկ, իսկ տեղացիների շրջանակում՝ Ռուզանի բերդ անուններով:

Ճարտարապետություն

Վանքը բաղկացած է մեծ և փոքր եկեղեցիներից, գավթից, և վերջիններիս շուրջը ընդլայնվող այլ աշխարհիկ կառույցներից: Վանքի արևելյան հատվածում՝ բլրի թեք լանջին, ձգվում են գերեզմանոցները:

Հավապտուկ վանք

Թե՛ Հավապտուկի վանքում, թե՛ Գանձասարի համալիրում հանդիպող գերեզմանոցներն աչքի են ընկնում իրենց խաչքարերով և տապանաքարերի հորինվածքով: Վանքն իրենից ներկայացնում է ուղղանկյուն սրահ՝ կամարաձև հորինվածքով: Այն կառուցված է անմշակ կրաքարից: Սակայն հիմա այն գտնվում է կիսավեր վիճակում և պահպանվել են միայն վանքի պատերը:

Հավապտուկ վանք

Վանքին արևմտյան կողմից կից գտնվում է քառակուսի հատակագծով անխորան շինությունը: Գավիթն ընդհանուր է եկեղցու և քառակուսի շինության համար՝ մուտքերը տեղակայված լինելով հարավային կողմից: Ինչպես վանքի դեպքում, այնպես էլ գավիթի՝ կառուցված է անմշակ քարից:

Վանքի տարածքում գտնվող խաչքարերը հիմնականում ծառայել են որպես գերեզմանոցային կոթողներ: Դրանց բարձրությունը հիմնականում չի գերազանցում 1 մետրը:

Հավապտուկ վանք

Իրենց հորինվածքով պարզ են՝ կատարված հիմնականում երկրաչափական և բուսական զարդանախշերով: Քանի որ դրանք նախատսված են եղել որպես գերեզմանոցային կոթողներ, հիմնականում կրում են փոքրիկ արձանագրություններ այն մասին, թե ում համար է պատրաստված խաչքարը, և ով է եղել տվյալ մարդը: Իսկ որոշ խաչքարերում հանդիպում ենք նաև խաչքարագործ վարպետի անունը:

Արձանագրություն

Եկեղեցու հարավային խորանի ճակատակալ քարին պահպանված արձանագրության համաձայն վանքը կառուցվել է 1163թ. Հասանի՝ Վախթանգ և Մամքանա որդու իշխանության օրոք: Կառուցվել է Յոհանի կողմից իր և մերձավորների փրկության համար, ինչպես նաև որպես իր ծնողների հիշատակ: Ի դեպ, այս արձանագրության շնորհիվ պարզ է դառնում նաև վանքի երկրորդ անվան՝ Ռուզանի վանք, ծագումը:

Հավապտուկ վանք

Հասան Ջալալ Ա-ն ունեցել է երեք դուստր՝  Մամախաթունը, Մինախաթունը և Ռուզուդանը: Ստացվում է, որ վանքը կոչել են նրա դուստր Ռուզուդանի անունով: Իսկ մեկ այլ արձանագրության շնորհիվ իմանում ենք, որ վանքը վերակառուցվել է 1223թ. Հասան Ջալալ Դոլմի իշխանության տարիներին: 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ