Հարսնասար լեռ
Առաջին անգամ որոշեցինք բարձրանալ Հարսնասար անցած տարի: Հասանք Գնիշիկ և ձյան ծածկույթից ու լեռան հեռավորությունից հասկացանք, որ չենք հասցնի լույսով հետ վերադառնանք: Հարսնասարը սահմանամերձ լեռ է: Վայքի լեռների բարձր կետերից մեկն է՝ 2773 մ բարձրությամբ: Գտնվում է Վայոց ձորի և Նախիջևանի սահմանագլխին:
Սա մեր Հարսնասար բարձրանալու երկրորդ փորձն էր և չնայած ձյան ծածկույթին ու քամու ուժգնությանը հասանք գագաթ:
Հարսնասարի մասին
Հարսնասար անվան հետ կապված հետաքրքիր ավանդապատում կա: Գնիշիկեցիներն ու Նախիջևանում գտնվող Ազնաբերդցիները շրջապատված լինելով թրքաբնակ գյուղերով միայն իրար են աղջիկ տվել: Գյուղերի մեջ կապը եղել է լեռներով: Այն սարը որով անցել է գյուղերն իրար կապող ճանապահը կոչվել է Հարսնասար:
Կա ևս մեկ ավանդապատում, որը մեզ պատմեց մի ծերունի Գնիշիկ գյուղում: Մի անգամ երբ Ազնաբերդցիները եկել են Գնիշիկ հարսանիքի, կերել, խմել, քեֆ են արել ամբողջ գիշեր և առավոտը սարերով ճամփա են ընկել դեպի Ազնաբերդ: Ճանապարհին բուք է սկսվել և հարսն ու փեսան, իչպես նաև հարսանքավորների մեծ մասը մահացել են: Այդ օրվանից է սարը կոչվել Հարսնասար:
Չգիտեմ այս պատմություններից որն է համապատասխանում իրականությանը, բայց սարով հարս տանելու ավանդույթն ու դրա հետ կապված սարի անունը հետաքրքիր են:
Բարձրանալուց եղանակը լավ էր, սակայն ցավոք գագաթնամերձ հատվածում ամպերը փակեցին սարը և շատ բան հնարավոր չեղավ տեսնել ու լուսանկարել:
Օձասար
Ճանապարհին դեպի հարավ բացվող ամենագեղեցիկ տեսարանը Օձասարն էր: Շատ անսպասելի էր տեսնել լեռը այդքան պարզ:
Օձասարը կամ Վիշապասարը գտնվում է Երնջակ գավառի կենտրոնական մասում: Բարձրությունը՝ 2412 մ: Այն հարթությունից միանգամից վեր խոյացող վիթխարի լեռ է: Նրա շուրջ են հիմնադրվել Երնջակ գավառի հնամենի գյուղերն ու բերդերը:
Քանի որ Հարսնասարը սահմանամերձ է մենք խորհուրդ չենք տալիս կրկնել այս վերելքը:
Տիգրան Շահբազյան