2019 թ-ի ապրիլի 9-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի դիտումը:
Վերջին ժամանակներում շատ է խոսվում Համշենի մասին, երիտասարդությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի համշենյան մշակույթը, երգում են համշենյան երգերը, պարում պարերը: Բայց թե ինչ է իրական համշենը և թե իրականում ինչն է համշենի մշակույթը դարձնում այդքան տարբերվող և միևնույն ժամանակ այդքան մոտ ու կանչող՝ քչերին է հայտնի:
Անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ մի երկրամաս է Համշենը: Այլ ազգերի հետ մեկտեղ այսօր էլ Համշենում ապրում են էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Միջոցառման մեկնարկը
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ համշենագետ Սերգեյ Վարդանյանը՝ պատմելով ֆիլմի ստեղծման, նկարահանման աշխատանքների մասին: Նա նշեց, որ Ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան մարդասիրական մրցանակին: Այն ցուցադրվել է նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային, Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոներում, Տորոնտոյի «Նուռ» փառատոնում, Պրահայում եւ այլն:
Սերգեյ Վարդանյանը խոսեց նաև Լուսինե Սահակյանի հեղինակած «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի մասին:
Այնուհետև սկսվեց ֆիլմի դիտումը:
Մաս առաջին / Արդվինի նահանգ
Ֆիլմը երկու մասից է բաղկացած: Առաջին մասում, որ կոչվում է «Արդվինի նահանգ», հայոց Համշեն գավառի մասին պատմական ակնարկից հետո ներկայացվում են դրվագներ Արդվինի նահանգի Խոփա գավառի համշենցիների կյանքից: Ֆիլմը կառուցվել Լուսինե Սահակյանի ուղևորությանը համաձայն: Բռնի իսլամացումից` 18-րդ դարից հետո, բուն Համշենից համշենցիների մի խումբ տեղաշարժվել է Արդվին: Թեև դարերի ընթացքում նրանք կորցրել են հայկական ինքնության շատ կարևոր շերտեր, բայց, զարմանալիորեն, թուրքական այդ մեծ օվկիանոսում կարողացել են պահպանել հայրենի Համշենի բարբառի իրենց տեղական խոսվածքը: Նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։
Համշենցիներն ունեն իրենց յուրահատուկ երգարվեստը, պարերը, որոնք ուղեկցվում են սրնգի, երբեմն` պարկապզուկի նվագակցությամբ, օգտագործում են նաև զուռնա ու դհոլ: Ֆիլմում տեղ են գտել դրվագներ Խոփայի համշենցիների պարերից, երգերից` հայտնի երգիչների և գյուղացիների կատարմամբ, նմուշներ նրանց տեղական խոսվածքից ու բանահյուսությունից, հավատալիքներից, զբաղմունքից, ինչպես նաև խոհանոցից:
Մաս երկրորդ / Ռիզեի նահանգ
Երկրորդ մասը, որ կոչվում է «Ռիզեի նահանգ», արդեն ներկայացվում է թուրքախոս համշենցիներին: Ռիզեի համշենցիների շրջանում թրքացումն առավել խոր արմատներ է գցել: Նրանք մոռացել են իրենց մայրենին` հայերենը, և խոսում են թուրքերեն: Ոմանք ընդունում են, որ ունեն հայկական ծագում, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են:
Ֆիլմը ավարտվում է հետևյալ տողերով ՝ «Ինչո՞ւ այսպիսի ճակատագիր», որն ամբողջացնելով ֆիլմի տպավորությունները, ստիպում է ևս մեկ անգամ հայացք նետել մեր ժողովրդի ճակատագրին և պարզապես պահպանել այն, ինչ մոտ է, մերն է և հարազատ:
Ֆիլմի ցուցադրումից հետո Լուսինե Սահակյանը պատասխանեց մասնակիցների հարցերին, պատմեց մի քանի զվարճալի միջադեպի մասին և խոսեց նկարահանման ժամանակ առաջացած դժվարությունների:
Երեկոն համեմված էր համշենյան շնչով։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ստացան իրենց այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է Համշենը և ո՞վքեր են համշենցիները:
Միջոցառման ավարտին մի խումբ երիտասարդներ, լցված համշենյան էներգիայով, ներկայացրին «Համշենի Թրթռուկ» պարը: