info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Համշենում համշենահայեր փնտրելիս

Համշենահայեր

Համշենահայեր

Քաջքար լեռան վերելքից հետո ուղևորվում ենք Համշեն՝ Քաջքարի ծովահայաց լանջերին գտնվող տարածք, որը ժամանակին հայաբնակ է եղել, իսկ այժմ այնտեղ այլ ազգերի հետ մեկտեղ ապրում են նաև էթնիկ հայեր, որոնք 18-19-րդ դարերում բռնի մահմեդականացվել են:

Համշեն

Պատմիչ Ղևոնդի վկայությամբ 8-րդ դարում Մեծ Հայքի Կոտայք և Արագածոտն գավառներից մոտ 12000 մարդ, չդիմանալով արաբական ճնշումներին, Աբաս Ամատունու և նրա  որդի Համամ իշխանի գլխավորությամբ հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում Բյուզանդական կայսրության մաս կազմող Պոնտոսում:

Բյուզանդիայի կայսր Կոնստանտինը սիրով ընդունում է հայերին, բնակեցնում բարեբեր հողերում, իսկ հայ նախարերներին է նվիրում Տամբուր քաղաքը, որը կարճ ժամանակ անց հիմնովին ավերվում է պատերազմներից: Համամ Ամատունին այն վերականգնում է և կոչում Համամշեն (Համշեն):

Համամ Ամատունու հիմնդրած իշխանությունը տևեց մինչև 15-րդ դար: Այն Բյուզանդական, հետագայում նաև Պոնտական կայսրության կազմում ուներ կիսանկախ դրություն:

Օսմանյան կայսրության ստեղծումից կարճ ժամանակ անց հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ սկսվեց վարվել անհանդուրժողական քաղաքականություն, որը հաճախ հանգեցնում էր պատերազմական գործողությունների:

Օսմանյան կայսրությունը ամեն կերպ փորձում է մահմեդականացնել այս տարածքները: 19-րդ դարի կեսերից սկսվում է քրիստոնյա համշենահայերի արտագաղթը դեպի Ռուսական կայսրության ծովափնյա շրջաններ:

Այսպիսով համշենահայերը բաժանվեցին 2 մասի

  1. Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր
  2. Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր

Համշենահայեր

Զիլ ամրոցն ուսումնասիրելուց հետո սկսեցինք համշենահայերի փնտրտուքը: Մի քանի հոգուց հարցուփորձ անելուց հետո հասկացանք, որ հայերին հանդիպելու համար պետք է գնանք Չեմլիհեմշին (Վերին Համշեն): Զիլ ամրոցից Չեմլիհեմշին հասնելու համար պետք էր շրջանցել լեռաբազուկը, այսինքն պետք էր հասնել ծովափ և մյուս ձորով ուղևորվել դեպի Չամլիհեմշին: Մենք նախընտրեցինք լեռնային ճանապարհը, որն ավելի կարճ էր ու արկածային:

Համշենական երգեր

Համշենական Մելուսես խմբի այս կատարումը ուղեկցում էր մեզ ողջ ճանապարհի ընթացքում

Չեմլիհեմշինում տարբեր մարդկանց հարցուփորձ անելուց հետո մեզ չհաջողվեց հայերի հանդիպել: Համշենահայեր գտնելու համար դիմեցինք համշենական երգերի օգնությանը, մեքենայում միացնում էինք Վովա խմբի կատարումներից մեկն ու հանդիպած մարդկանց հարցնում էինք ծանոթ է արդյոք այս լեզուն և ովքեր են երգում: Մեզ համար զարմանալի էր, որ համշենցիների համար դա անհայտ լեզու էր: Մեր հայաստանյան պատկերացումներն այլ էին այդ տարածքի մասին: Թվում էր թե բոլորը պետք է իմանան համշենական բարբառը:

Երեկոյան հասանք հյուրանոց և համացանցում սկսեցինք փնտրել հայաբնակ գյուղեր: Ֆեյսբուքյան գրառումից հետո հայերի հետ հանդիպելու համար խորհուրդ տվեցին գնալ Բաշոբա:

Հաջորդ օրն առավոտյան ուղևորվում ենք Բաշոբա: Գյուղում հանդիպեցինք շինարարություն անող տղամարդկանց, հայեր չէին, լազեր էին, ցույց տվեցին գյուղի ճանապարհին իր գույնով ու ձևով աչքի ընկնող կարմիր տան կողմ և ասեցին որ այն տանն են հայեր ապրում:

Համշենում համշենահայեր փնտրելիս

Տուն գնալու ճանապարհին հանդիպեցինք երիտասարդ զույգի, տղան էթնիկ հայ էր, բայց հայերեն չէր խոսում: Անգլերենով կարողացանք հասկացնել մեր այցի նպատակը և ինքը մեր հետ քայլեց դեպի կարմիր տունը:

Մտանք կարմիր տան դարպասից ներս, մարդ չկար, դուռը ծեծեցինք ոչ ոք չբացեց: Սպասեցինք մի քանի րոպե ու տեսնենք մի բաց թափքով, կարմիր մեքենա է մոտենում տանը: Հասկացանք, որ տան տերերն են: Պատրաստեցինք ֆոտոխցիկները ու առաջացանք դեպի մեքենան:

Համշենահայեր

Մեքենայի վարորդը տղամարդ էր, մյուս երեքը՝ կանայք:

Համշենահայեր

Մինչև տղամարդը կայանում էր մեքենան, մենք սկսեցինք շփվել կանանց հետ, նրանք շատ ուրախացան երբ իմացան Հայաստանից ենք: Երիտասարդի օգնությամբ անգլերենի ու հայերենի խառնուրդով մի կերպ փորձում էինք հասկանալ իրար: Հավանաբար շատ հետաքրքիր կանցներ հանդիպումը եթե մեքենան կայանելուց հետո չվերադառնար վերը նշված տղամարդը:

Նա շատ կոշտ ձևով այդ կանանց ասաց, որ անցնեն տուն և մեզ էլ ասեց, որ իրենք հայ չեն, իսլամ են և հայերեն խոսել չգիտեն ու չեն ուզում մեզ հետ շփվել:

Համշենահայեր

Այս կնոջ աչքերում նկատվում էր ափսոսանք: Հավանաբար նա էլ չէր սպասում , որ այդ տղամարդը մեզ նման ձևով կվռնդի իր տան շեմից:

Շարունակեցինք համշենահայերի փնտրտուքը, բայց արդեն առանց ֆոտոխցիկների: Որոշեցինք չասել մեր այցի նպատակը և չլուսանկարել մարդկանց, որպեսզի չվանենք: Դե ոչ մեկի համար գաղտնիք չի, որ մինչ օրս Թուրքիայի վարած քաղաքականության արդյունքում ազգային փոքրամասնությունները թաքցնում են իրենց ինքնությունը:

Համշենական բարբառ

Նստեցինք մեքենան մի քիչ բարձրացանք գյուղի գլխավոր ճանապարհով ու հասանք մի հին կամուրջի: Կամուրջի կողքը երկրահրանի տուն էր, տան առաջ նստած էին տարեց տղամարդ և կին: Տան դիմաց կար ծորակ: Դուրս եկանք մեքենայից իբր ջուր խմելու համար: Սկզբում այդ մարդկանց հարցրեցինք կարելի է արդյոք խմել այդ ջուրը, հետո նրանք մեզ հարցրեցին թե որտեղից ենք և այդպես խոսքից խոսք իրենք առաջարկեցին նստել:

Համշենահայեր

Ամուսիններ էին, տղամարդը էթնիկ հայ էր, կինը՝ լազ: Ինչպես հետո պարզվեց այս մարդը 3 անգամ է ամուսնացել, սա արդեն նրա երրորդ կինն էր: Շատ ջերմ զրույց ունեցանք: Խոսում էինք հայերենով: Չնայած որ շատ բառեր չէինք հասկանում, բայց մոտավոր ստացվում էր ընկալել միտքը:

Խոսքի մեջ այդ մարդն ասած, որ ինքը հայ չէ, այլ իսլամ է: Ես նրան փորձում էի բացատրել, որ դա կապ չունի, իսլամն իրենց կրոնն է, բայց ինքը հայ է էթնիկ ծագմամբ: Որպես փաստ ասում էի, որ մենք նույն լեզվով ենք խոսում, ուրեմն երկուսս էլ հայ ենք:

Ազգության խնդիրը սակայն միայն էթնիկ ծագումը չէ: Եթե մարդ իրեն զգում է համշենցի կամ թուրքիացի դա իր իրավունքն է, բայց այդ մասին չէի ուզի խոսել այս նյութում: Դրա մեղավորը երևի մենք ենք,  հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչներ մինչ օրս պնդում են, որ ով քրիստոնյա չի, հայ չի, բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է:

Համշեն

Մեզ վերջապես հաջողվեց համշենահայի հետ հանդիպել, դա արդեն ուրախալի էր: Նկարվելուց և ջերմ հաջող անելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Գյուղից դուրս գալիս մի երիտասարդ կանգնեցրեց մեքենան և խնդրեց, որ իրեն մինչև Հոպա տանենք:

Կարմիր վերնաշապիկով երիտասարդը համշենցի Կադիրն է

Մենք հայերենով հարցրեցինք

– Հա՞յ ես:

Նա պատասխանեց.

– Հա, հա:

Երբ նստեց մեքենան՝ չէինք կարողանում միմյանց հասկանալ: Սկսեցինք կասկածել, որ մեզ խաբել է, որ հայ է, միայն թե հասցնենք իր ուզած վայրը:

Սակայն, երբ միացրեցինք համշենական ամենահայտնի երգերից մեկը՝ «Քուզիմը», երիտասարդը սկսեց կրկնել բառերը:

Տիգրան Վարագ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ