Արցախի Համեստ տատիկը. Վորոշիլյան հրաձիգ
Կրկին Armenian Geographic խումբն Արցախում է: Այս տարածաշրջանն ինձ համար մի վայր է, որտեղ ապրում են ուժեղ, քաջ, ազատ ու գեղեցիկ մարդիկ, չնայած նրան, որ սահմանի վրա դեռ անհանգիստ է…
Գանձասարից ոչ հեռու կա մի գյուղ Առաջաձոր անունով: Հենց այնտեղ էլ մենք ուղևորվում ենք` Համեստ տատիկի մոտ: 90-ամյա տատիկը անցել է երկու պատերազմների միջով, նրա ձեռքերը հաց են թխել, երեխաներ մեծացրել և զենք բռնել: Համագյուղացիները պնդում են, որ դեռ մի քանի տարի առաջ Համեստ տատիկը կարող էր հրացանի կրակով, ոչ մոտ տարածությունից, կպնել ծխախոտի գլանակին և դա զարմանալի չէ, քանի որ Համեստ տատիկը վորոշիլյան հրաձիգ է:
Վորոշիլյան հրաձիգը
Համեստի տունը մեծ է, գեղեցիկ և հյուրասեր: Այնտեղ չկան շատ սենյակներ ու շատ մարդիկ: Տան շեմից բացվում է հիանալի տեսարան դեպի անտառապատ լեռները: Թոռը` Սուրենը, պատմում է, որ այս տուն իրենք տեղափոխվել են 1960 թվին, ինչի մասին վկայում է տան աստիճանի արձանագրությունը: Նա տանում է ինձ թոնիրի մոտ, որտեղից բուրում էր արցախյան հացի հոտը: Սուրենը պատմում է, որ պապիկը շատ էր սիրում իր կնոջը` Համեստին, և հատուկ նրա համար թոնիրը բարձր է սարքել, որպեսզի Համեստը շատ չկռանա:
Հայրական տնից հետո Սուրենը տանում է ինձ նախնիների գերեզմանոց: Դեռ հեռվից նկատում եմ գեղեցիկ հուշարձան: Սա տատիկի մոր` Խորաշի գերեզմանն է, ով մահացել է 1910 թվականին: Հուշարձանը պատվիրել է Գերմանիայից Միխաիլ Աղաբաբյանը: Արցախյան պատերազմի ժամանակ թշնամու հրթիռը վնասել էր հուշարձանը, բայց ծոռների ջանքերով այն վերականգնվեց: Ես քարանում եմ հուշարձանի առաջ: Քարի վրա փորագրված խոսքերը չեն կարող անտարբեր թողնել. «Թող մայրական կաթը եռա ձեր մեջ և դառնա այնպիսի աղբյուր, որ անցորդները անցնեն ու ասեն՝ հողդ թեթև լինի»:
Գերեզմանի հանգստությունը երկար պահեց մեզ: Լռությունը խաթարեց հեռախոսի զանգը: Զանգում էր Համեստ տատիկը. անհանգստանում էր… Սկսվեց հորդառատ անձրև: Ճանապարհին մեզ դիմավորեց Արշավիր պապիկը, որն ամեն կերպ փորձում էր մեզ տանել իր տուն, որպեսզի չորացնի և թեյ հյուրասիրի: Պարզվեց Արշավիրը վկա է եղել Համեստի հարսանիքին:
Դռան շեմից մեզ դիմավորում է հաճելի ծուխը: Մեզ նստեցրին տաք վառարանի մոտ, Համեստ տատիկը իր պահոցից շորեր տվեց, որպեսզի փոխվենք: Սուրենի մայրը մեր համար թեյ է պատրաստում, իսկ Համեստ տատիկը այդ ընթացքում հեռախոսով խոսում էր Արշավիրի հետ, ինչը ժպիտ է առաջացնում, նրանք 90 տարեկան են, բայց կարողանում են օգտվել տեխնիկայից…Իմ այդ դիտողությանը Սուրենը պատասխանեց. – « տատիկին մի աչքով մի նայի, ինձ անընդհատ հաղորդագրություններ է գրում, տեսողություն ունի, աշխարհը չունի»:
Տատիկը իմանալով, որ ես ուզում եմ իր հետ ոչ միայն զրուցել, այլ նաև լուսանկարել, շտապ գնաց փոխվելու, չնայած նրան, որ հոյակապ տեսք ուներ: Երբ մարդը մաքուր է, բարի, լուսավոր, շրջապատված թոռներով ու ծոռներով, նա չի կարող հոյակապ տեսք չունենալ:
Համեստ տատիկի ժառանգական անկյունը
Սկզբում Համեստ տատիկին լուսանկարեցի ժառանգական անկյունում: Այդպես ես անվանեցի այն սեղանը, որի վրա դրված էին նախնիների, բարեկամների լուսանկարները, կարևոր գրքեր ու փաստաթղթեր: Սեղանի վերևը փակցված են սրբերի նկարներ: Ամեն օր սկսվում և ավարտվում է աղոթքով: Հետո նկարվում ենք մեկամյա ծոռնիկի հետ, որը հաշվով արդեն 20-րդն է:
Ի դեպ համեստը մասնագիտությամբ բժիշկ է, 48 տարի աշխատել է հիվանդանոցում: Եղել է բուժքույր Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ: Օգնություն է ցույց տվել նաև Արցախյան պատերազմում:
Ինչպե՞ս կարող է Արցախը լինել առանց խորովածի և թթի օղու: Սեղանի գլխին նստած է Համեստ տատիկը: Բոլորը ուշադիր լսում են նրա անշտապ բաժակաճառը, որի ամեն խոսքը ոսկուց թանկ է:
Հեղինակ` Ելենա Շուվաեվա-Պետրոսյան