info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հալիձորի բերդ

Հալիձորի բերդ

Հալիձորի բերդ

Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական համալիր է  Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին: Կառուցվել է XVII դարի առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ և 1668 թ. ունեցել է 70 միանձնուհի: XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Տեղակայված է Ողջի գետի ափին։

Ճարտարապետական առանձնահատկություններ

Բերդի պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև։ Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Միակ, կլոր բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։ Ամրոցի անսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցված անմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով։ Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի երկու կողմերում՝ զույգ ավանդատներով։ Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից գտնվում են թաղածածկ երկհարկ շինություններ, որոնք գավթի դեր են կատարել, իսկ տանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն։ Հալիձորի բերդի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքական բանակի պաշարմանը։

Բերդ-համալիրի կառույցներից՝ Սբ. Աստվածածին եկեղեցի

Համալիրում թե´ տեղադրությամբ և թե´ չափերով գերիշխողը Ս.Աստվածածին եկեղեցին է: Կառուցվել է XVII դ., վերակառուցվել՝ 1723 թ.: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ դահլիճ է, արևելյան խորանի աջ և ձախ կողմերում՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահի վրա բարձրանում է զանգակատունը: Եկեղեցին գավիթ չունի: Եկեղեցու նախկին երկթեք տանիքը պաշտպանական նկատառումներով, վերածել են հարթ տանիքի, հավասարեցրել երկու կողմերի երկհարկանի շինությունների տանիքներին և դարձրել բարձրադիր հրապարակ՝ ռազմական գործողություններ մղելու համար:

Սբ. Աստվածածին եկեղեցուց հյուսիս կանգուն է ուղղանկյուն հատակագծով, չորս մույթերով, գմբեթածածկ մի շինություն, որը հավանաբար դամբարան է եղել: Կառուցվել է XVII դ.: Ըստ ավանդության՝ այստեղ է գտնվում Դավիթ Բեկ զորավարի տապանաքարը: Ամրոցի հյուսիսային կողմում է XVII դ. կառուցված սեղանատունը: Արևմտյան պարսպին կից՝ միաբանության խցերի հետքերն են: Հարավային պարսպին կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն, որը, հավանաբար, կառուցվել է ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել: Հալիձորի բերդը Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:

2006-2009 թթ. բերդի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Վերականգնվել են Սբ. Աստվածածին եկեղեցին, արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, հարավային մուտքը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բերդեր և ամրոցներ