Հակոբավանք
Հակոբավանք կամ ինչպես հանդիպում ենք մասնագիտական գրականությունում՝ Մեծառանից վանքը, գտնվում է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս՝ տեղակայված անտառածածկ բլրի վրա:
Մեծառանից անունով կոչել են Արցախի համանուն տեղամասի անվամբ, որը հետագայում վերափոխվել է և կոչվել Ներքին Խաչեն:
Պատմություն
Արձանագրությունները հուշում են, որ վանքը կառուցել են Հասան Ջալալ Ա-ի ծնողները՝ Վախթանգն ու Խորիշահը 13-րդ դարի սկզբին՝ 1212թ.-ին: Սակայն կա փոքրիկ մի նրբություն, որն ուսումնասիրողներին թույլ է տալիս առաջ քաշել վարկած, որ Հակոբավանքը կառուցվել է հին հոգևոր կենտրոնի ավերակների վրա: Քանզի պահպանված արձանագրության մեջ նշվում է «վերստին շինեցի», և թույլ է տալիս մտածել, որ խոսքը վերակառուցելու, վերանորոգելու մասին է:
Չնայած այդ մասին է վկայում նաև Հակոբավանքի ամբողջ կառույցը, քանի որ այն չի ներկայացնում իրենից մեկ ամբողջական շարվածք: Ընդհանուր պատկերում նկատելի են կառույցի հիմնական շինանյութից տարբերվող՝ գերեզմանաքարերի, խաչքարերի կտորները:
Դրացից որոշների վրա պահպանված արձանագրություններից ենթադրվում է, որ դրանք պատկանում են 7-9-րդ դարերին: Այս պահին մեզ հայտնի արձանագրություններն իմի բերելով, ուսումնասիրողները նշում են վանքի վերակառուցման երկու տարեթիվ՝ 1212թ. և 1725թ.: Սակայն պետք է նշել նաև, որ վանական համալիրի հիմնական հոգևոր և աշխարհիկ շինությունները կառուցվել են 12-13-րդ դարերում՝ Հասան-Ջալալյանների օրոք և հովանավորությամբ:
Վանական համալիր
Հակոբավանք վանական համալիրը կազմված է մեծ և փոքր եկեղեցիներից, մեծ եկեղեցու գավթից, փոքր եկեղեցու գավիթ-ժամատնից, սեղանատնից, գրատներից և բուխարիներով տաքացվող բնակարաններից, վանականների կացարաններից, տնտեսական բնույթի շենքերից:
Սբ. Հակոբ եկեղեցի
Առաջին եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ կառույց է: Հյուսիսային պատի ետևում գտնվում են չորս ճգնարանները, որտեղ կարելի է մուտք գործել միայն խորանի տակով: Ահա այս պատճառով եկեղեցու բեմը բարձրադիր է: Այնտեղ կարելի է բարձրանալ միայն հարավային կողմում կառուցված աստիճանների միջոցով: Նման հորինվածքն այնքան էլ բնոորոշ չէ հայկական եկեղեցաշինությանը:
Ուսումնասիրողները կարծում են, որ այն ապացուցում է Հակոբավանքի՝ ավելի հին եկեղեցու ավերակների վրա կառուցված լինելու փաստը, ըստ որի ճգնարանները պահպանվել են նախկին եկեղեցուց, ուստի, վերակառուցումն իրականացվել է նոր հորինվածքը համապատասխանեցնելով հին կառույցներին:
Գավիթ
Եկեղեցու արևմտյան պատին կից գտնվում է գավիթ-սրահը: Գավիթը հետաքրքրական է դարձնում առջևի պատի փոխարինումը եռակամար բացվածքով: Նման ճարտարապետական լուծում հանդիպում է նաև Տաթևի վանքում: Գավիթը չունի մեկ ընդհանուր շարվածք և շինանյութ:
Պատերը կազմված են երկմետրանոց գերեզմանաքարերից, վարդագույն խաչքարերից, մոխրագույն տապանաքարերից, կաթնագույն վիմագիր սալիկներից: Գավթի վրա առկա արևի ժամացույցը կերտված է բաց նարնջագույն քարի վրա:
Երկրորդ եկեղեցի և գավիթ-ժամատուն
Առաջին եկեղեցու գավթից դեպի հյուսիս ձգվում է երկրորդ եկեղեցին՝ կրկին ուղղանկյուն հատակագծով միանավ կառույց է: Եկեղեցին հարավային մուտքով կապված է եռակամար սրահով գավթին, իսկ արևմտյան բացվածքով՝ գավիթ-ժամատանը:
Հայկական եկեղեցաշինության մեջ գավիթներն ի հայտ են եկել 10-րդ դարից սկսած: Իսկ Հակոբավանքի գավիթ-ժամատունը համարվում է հնագույններից մեկը՝ եզակի լինելով իր հորինվածքով: Հայկական եկեղեցիների գավիթները սովորաբար կառուցում էին գլխավոր եկեղեցու արևմտյան պատին կցված՝ ունենալով մեկ ամբողջական հորինվածք:
Սակայն գավիթ-ժամատունը ոչ միայն առաջին և գլխավոր եկեղեցուն կից չէ, այլ նաև կառուցված է երկրորդ եկեղեցու մոտակայքում: Այն առանձին հորինվածքով կառույց է, իսկ եկեղեցու հետ կապվում է մեկ ընդհանուր միջանցքով:
Գրչական կենտրոն
Բացի այն, որ վանական համալիրը 13-րդ դարում եղել է կաթողիկոսական նստավայրը, նաև ճանաչում է ձեռք բերել որպես գրչության հայտնի կենտրոն: Այստեղ կազմվել են թվով 42 ձեռագրեր: Արցախի տարածքում գտնվող բոլոր վանքերի և եկեղեցիների արձանագարությունները բացառապես հայալեզու են և արժանացել են մի շարք պատմիչների անդրադարձին: Վանական համալիրի կազմում կար մատենադարան և գրատուն, որտեղ էլ պահվում էին ձեռագրերը:
Չնայած Հակոբավանք վանական համալիրը հիմնականում զուսպ է արտաքին հարդարանքում, այնուամենայնիվ պատկերն այլ է խաչքարերի դեպքում: Դրանք արտահայտում են վաղ և միջին դարերի խաչքարագործ վարպետների ձեռագիրն ու մոտեցումը:
Բացի հոգևոր կառույցներից, վանական համալիրի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ աշխարհիկ կառույցներ, որոնք վկայում են համալիրի հոգևոր և աշխարհիկ կյանքի մեծ կենտրոն լինելու մասին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: