info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հաղպատ վանական համալիր

Հաղպատ

Հաղպատ / Լուսանկարը՝ visitdebedcanyon.com կայքից

Հաղպատ վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում՝ Դեբեդ գետի աջակողմյան բարձրադիր լեռնահարթակի վրա: 10-13-րդ դարերում համարվում էր Հայաստանի խոշորագույն հոգևոր-մշակութային և գիտակրթական կենտրոններից մեկը: Հաղպատ և Սանահին վանական համալիրները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Վանքը բազմիցս վերանորոգվել է և շրջապատված է պարսպով: Այն իր մեջ ներառում է հետևյալ կառույցները՝ Սբ. Նշան եկեղեցին իր գավիթով, մյուս երկու եկեղեցիները՝ Սբ. Գրիգորը և Սբ. Աստվածածինը: Բացի այդ գրատուն-մատենադարանը, Համազասպի ժամատունը, զանգակատունն ու սեղանատունը: Վանական համալիրի մասն են կազմում նաև երեք՝ խաչքարերով պսակված մատուռները, երկու տնտեսական շենքերն ու միջանցքները (փոքր գավիթները): 

Պատմությունը

Սկզբնաղբյուրներից՝ Հաղպատ վանական համալիրի մասին մեզ հասած տեղեկությունները, հիմնականում հանդիպում են Սանահին վանական համալիրի հետ միասին: Պատճառներն ավելի քան տրամաբանական են, քանի որ վանքերն ունեն նույն ժամանակագրությունն ու գտնվում են միմյան շատ մոտ: Պատմիչ Ասողիկը, ով ժամանակագրական առումով ամենամոտն է կանգնած վանքի հիմնադրմանը, վկայում է՝ թե՛ Սանահինը, թե՛ Հաղպատը կառուցել է Աշոտ Ողորմածը: Երկու համալիրների հիմնադրման մասին կարծիքներն իրարամերժ են: Սանահինին անդրադառնալով մենք արդեն նշել ենք, որ արձանագրությունները վկայում են, որ այն կառուցվել է Աշոտ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ՝ իրենց որդիների բարեկեցության համար:

Բացի այդ, Հաղպատ վանական համալիրում իրենց ներդրումն են ունեցել Արարատյան կողմնակալության իշխանաց-իշխան, Հովհաննավանքի գլխավոր նվիրատուներ Վաչե Ա-ն և նրա կինը՝ Սամախաթունը, որոնք վանական համալիրին են նվիրել ձիթհանքեր:

Հաղպատ վանական համալիրը համարվում է Հայաստանի ամենաերկարակյաց գործող հոգևոր ու մշակութային օջախներից մեկը: Նրա տարեգրությունը 1000 տարուց ավելին է: Այդ ժամանակաշրջանի մասին են վկայում վանքի պատերին փորագրված վիմագրությունները՝ տալով անգնահատելի տեղեկություններ վանքի և ժամանակաշրջանի՝ պատմական, քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի մասին:

Հաղպատ հոգևոր կենտրոնը

Հաղպատի հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որ Հաղպատ էր տեղափոխվել Սանահինից՝ հայտնի լինելով որպես գրիչ: Առաջին վանահայրերից հայտնի է նաև Տիրանուն երեցը, ով Սիմեոնի հետ համատեղ հիմնել է վանքի հոգևոր դպրոցը։ 11-րդ դարում Կյուրիկյանների թագավորությունն անհամեմատ ուժեղանում է:

Հաղպատ / Լուսանկարը՝ yekegheci.ru կայքից

Դրանով պայմանավորված վանքում տեղի են ունենում բուռն շինարարական աշխատանքներ: Այդ ամենի շնորհիվ 11-րդ դարի վերջին՝ Սարգիս վանահոր ժամանակ, եպիսկոպոսանիստը Սանահինից տեղափոխվում է Հաղպատ: Այդ ժամանակաշրջանում Սանահինի և Հաղպատի միաբանների թիվը հասնում էր 500-ի:
Սակայն 12-րդ դարում վանքը ավերվում և թալանվում է սելջուկների արշավանքներից, իսկ դարի վերջին՝ ահեղ երկրաշարժից: Սակայն դարեվերջյան հաջողվում է ազատագրել Հյուսիսային Հայաստանը և Հաղպատը թևակոխում է նոր բարեփոխումների փուլ: Զաքարյան-Արծրունիների հովանավորությամբ վանքը նոր շունչ է առնում՝ կառուցվում է հայտնի ժամատունը, որը կրում է այդ ընթացքում մեծ հռչակ ունեցող Համազասպ եպիսկոսպոսի անունը: 

Ճարտարապետություն

Հաղպատ վանական համալիրը հայկական եկեղեցական ճարտարապետության գլուխգործոցներից է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս կազմող այս հուշարձանը տեղական և բյուզանդական ճարտարապետական ավանդույթների յուրահատուկ համադրություն է։ Եկեղեցիների մեծ մասը խաչագմբեթային են: Տարբեր ժամանակներում կատարված բազմաթիվ վերանորոգչական աշխատանքները չեն խախտել համալիրի ճարտարապետական նախնական հորինվածքն ու ներդաշնակությունը:

Սբ. Նշան եկեղեցի

Եկեղեցին վանական համալիրի գլխավոր շինությունն է և ժամանակի ընթացքում շրջապատվել է մյուս կառույցներով: Բարձրադիր գմբեթի շնորհիվ եկեղեցին գերիշխող դիրք ունի համալիրում: Ունի ուղղանկյուն հատակագիծ և երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան, որոնց շնորհիվ եկեղեցին կապվում է հյուսիսարևմտյան միջանցքի և գավիթի հետ: Խորանը երկու կողմից շրջապատում են կրկնհարկ ավանդատները:

Հաղպատ / Լուսանկարը՝ visitdebedcanyon.com կայքից

Ճարտարապետական լուծումներով առանձնանում են արևմտյան մուտքի դեկորատիվ կամարներն ու որմնասյուները: Արևելյան կողմում աչքի են ընկնում մանրակերտը ձեռքերի մեջ քանդակները, որպիսիք հանդիպում են Սանահինում, Անիում, Հառիճում: Իսկ եկեղեցու հյուսիսային բաց սրահում կան երկու փոքր մատուռներ: Դրանց առջև կանգնեցված է խաչքար՝ խաչելության ավետարանական պատկերաքանդակներով: Սբ. Նշանի որմնանկարները եկեղեցին դարձնում են եզակի: Ավագ խորանն ամբողջությամբ պատված է եղել որմնանկարներով, որոնք մասնակի պահպանվել են մինչ օրս:

Սբ. Աստվածածին և Սբ. Գրիգոր եկեղեցիներ

Սբ. Աստվածածին կամ Խաթունաշեն եկեղեցին գտնվում է գավթից դեպի հարավ: Կառուցվել է Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի հովանավորությամբ՝ դրանով է պայմանավորված երկրորդ անունը: Կառուցման հստակ տարեթիվ չկա, սակայն ճարտարապետական լուծումները բնորոշ են 13-րդ դարին: Եկեղեցին այդքան էլ մեծածավալ չէ, սակայն ունի չորս ավանդատուն: Իսկ մուտքը շքեղ հարդարված Է զարդաքանդակ ուղղանկյուն շրջանակով, կամարով և որմնասյուներով: Ճակտոնապատը զարդարված է հավերժության խորհրդանշով, իսկ կողքերից` Կենաց ծառի փոքր խաչքարերով։

Սբ. Նշան եկեղեցու գավթի հյուսիսային կողմում գտնվում Է Սբ. Գրիգոր եկեղեցին: Ենթադրվում է, որ կառուցվել է 1025թ.: Հատակագիծը 1211թ. վերակառուցումից հետո դարձրել են խաչաձև՝ պաշտամունքի յոթ խորաններով: Մուտքի կողքերում գտնվող ավանդատները եռահարկ են, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Պատերը ժամանակին զարդարված են եղել որմնանկարներով և այցելուների շռայլ նվիրատվություներով։

Զանգակատուն

Հաղպատի զանգակատունը հայ միջնադրայան ճարտարպետության եզակի երևույթներից է: Կառուցվել է 1245թ. վանահայր Համազասպի նախաձեռնությամբ: Այն եռահարկ է և գտնվում է հիմնական հուշարձանախմբից մի փոքր դեպի արևելք՝ կառուցված լինելով մի հին շինության տեղում: Ըստ Կիրակոս Գանձակեցու հենց այդտեղ է թաղված Հովհաննես Սարկավագը՝ Սբ. Նշան եկեղեցուց դեպի արևելք:

Հաղպատ / Լուսանկարը՝ visitdebedcanyon.com կայքից

Զանգակատան առաջին հարկն ունի խաչաձև հատակագիծ, որի արևելյան կողմում գնտվում են երկու ավանդատները: Շենքը տպավորիչ է իր սլացիկ ծավալով, իսկ առաջին հարկի անկյունային որմնախորշերը ավելի են ընդգծում ճարտարապետական հորնվածքը՝ առավել տպավորիչ դարձնելով կառույցը: Երկրորդ հարկը արտաքինից ութանիստ է, իսկ ներսից՝ ուղղանկյուն: Երկրորդ հարկը նույնպես ունի ավանդատներ՝ թվով չորսը՝ տեղակայված սրահի անկյուններում: Այս հարկն աչքի է ընկնում գեղեցիկ ձևավորված պատուհաններով, որոնք երկփեղկ են և զարդարված երկթռիչք կամարներով: Հարկերը միմյանց հետ հաղորդվում են ներքին քարե աստիճաններով։

Համազասպի ժամատուն

Հաղպատ վանական համալիրում աչքի է ընկնում Համազասպ վանահոր անունը կրող ժամատունը, որը կառուցվել է 13-րդ դարում՝ ենթադրվում է 1257թ.-ին: Իր առհելի չափերի շնորհիվ (400մ) համարվում է միջնադարյան Հայաստանի ամենամեծ ժամատունը: Տանիքի համար հիմք են հանդիսանում չորս սյուները, իսկ հորինվածքն ամբողջացնում են խաչվող կամարները: Ինչպես համալիրի մյուս շինությունները, ժամատան զարդարանքը նույնպես զուսպ է՝ սյուներով և դեկորատիվ կամարներով ձևավորված է միայն մուտքը:

Գրատուն և սեղանատուն

Գրատան կառուցվածքը հետաքրքիր է: Յուրաքանչյուր պատի վրա երկուական որմնասյուներ պահում են տանիքի միաթռիչք կամարները: Վերջիններիս խաչումից ձևավորվում է գրատան երդիկավոր բացվածքը, որը միահյուսվում է երդիկավոր գմբեթի հետ: Պատերը ներսից ունեն որմնախորշեր, որոնք ըստ ամենայնի, օգտագործվել են որպես գրապահոցներ: Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու և Համազասպի ժամատան միջանկյալ տարածքում: Կառուցվել է 11-րդ դարում, սակայն հիմնովի վերանորոգվել՝ 13-րդ դարում (ենթադրվում է 1258-1262թթ.):

Հաղպատ / Լուսանկարը՝ yekegheci.ru կայքից

Հաղպատ վանական համալիրի հյուսիսարևելյան կողմում է գտնվում սեղանատունը: Այստեղ նույնպես օգտագործվել է խաչվող կամարների հնարքը: Երկու ցածրադիր սյուների շնորհիվ երկարավուն սրահը բաժանված է հավասար մասերի: Իսկ ցածրադիր սյուների վրա դրված երկթռիչք կամարները խաչվում են որմնասյուներին հանգչող կամարների հետ: Մուտքը արևմտյան կողմից է, իսկ արևելյան պատը ներքուստ ձևավորված է կամարակապ խորշով։ Ըստ հնագետ-պատմաբան Կ.Ղաֆադարյանի՝ այս տիպի սեղանատները ընդամենը երկուսն են: Հնարավոր է, որ ինչպես Հաղարծինի վանքի սեղանատունը, այնպես էլ Հաղպատինը, կառուցել է ճարտարապետ Մինասը 1240-ականներին:

Ավանդություն

Մի իշխան վարպետ է կանչում վանք կառուցելու նպատակով: Վարպետն իր որդու հետ գալիս է Սանահին, և սկսում են աշխատել: Սակայն հոր, որդու և մի ենթավարպետի  միջև վեճ է ծագում: Որդին թողնում է հորը և հեռանում: Իսկ մի ուրիշ իշխան կանչում է այդ որդուն մեկ ուրիշ վանք կառուցելու համար: Եվ երբ նոր վանքի պատերը բարձրանում են՝ Սանահինից հայրը նկատում է նոր վանքը և կիրակի օրը գնում որդու մոտ: Մոտենալով կառույցին մանրակրկիտ զննում է շենքը: Լռության մեջ բոլորը սպասում էին վարպետի արձագանքին, իսկ նա ոտքը դնում է վանքի պատերից մեկին և ասում. «Հա՛խ պատ է», որը նշանակում էր «իսկական, ամուր պատ է»: Այս ասելով նա գրկում է որդուն, համբուրում և նրանք հաշտվում են: Եվ ահա այդ օրվանից էլ վանքը կոչում են Հաղպատ:  

 

Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Դիվան Հայ վիմագրության» աշխատությունից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ