Հաղարծինի վանք միջնադարյան հոգևոր և մշակութային համալիրը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա, անտառապատ լեռների գրկում։
Անվան ծագումաբանություն
Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված կա մի գեղեցիկ ավանդազրույց։ Ըստ ավանդազրույցի, երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին»՝ արծիվ։ Այստեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։
Պատմություն
Վանքի հիմնադրման մասին մատենագրական տեղեկություններ չկան և ստույգ հայտնի չէ, թե ով և երբ է կառուցել այն։ Գոշավանք վանքի վարդապետ, պատմիչ Կիրակոս Գանձակեցին, նկարագրելով Մխիթար Գոշի կառուցած Աստվածածին եկեղեցու օծման հանդիսությունները, նշում է, որ դրանց մասնակցել է նաև Հաղարծնի վանքի առաջնորդ Խաչատուր Տարոնացի վարդապետը, որը, ըստ պամիչի, շենացրել էր մինչ այդ լքված և կիսավեր վանքը։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ Գոշավանքի հիմնադրումից շատ առաջ Հաղարծինի վանքը գոյություն է ունեցել։ Սակայն Հաղարծնի վանական համալիրի շինությունները մեծ մասամբ XIII-րդ դարի են և քիչ բան են ասում հուշարձանախմբի հնագույն կառույցների մասին։ Վանքի ամենահին կառույցը Սբ․ Գրիգոր եկեղեցին վիմագիր հիշատակություններ չունի, ուստի և անորոշ է նրա կառուցման ժամանակը։
XI-րդ դարում Հաղարծնի վանքը ավերվել է սելջուկ թուրքերի արշավանքներից։ XII-րդ դարում վրաց թագավոր Գեորգի III-րդ թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է և վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները։
Վերջին անգամ Հաղարծինը վերականգնվել էր 1960-ականների վերջերին’ այն էլ մասնակի։ 2005 թվականին Շարժայի շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմիիի տրամադրած միջոցներով՝ 5 մլն դոլար, կատարվել է վանական համալիրի ամբողջական վերականգման աշխաանքներ, որն ավարտվել է 2012 թվականին։
Ճարտարապետություն
Հաղարծինի վանքը ունի չորս եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։
Սբ․ Գրիգոր եկեղեցի
Սբ․ Գրիգոր եկեղեցին տեղավորված է վանական համալիրի կենտրոնական հատվածում։ Այն համարվում է վանական համալիրի ամենահին կառույցը, չնայած կառուցման տարին անհայտ է։ Միջին մեծության գմբեթավոր սրահ է, արտաքուստ ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով։ Շարված է դեղնագույն սրբատաշ ծակոտկեն քարերով, ներսի պատերը կիսատաշ են։
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը։ Այն ունի քառակուսի հատակաձև և կանգնած է չորս սյուների և ութ որմնասյուների վրա, որոնք միանում են կամարներով ու կազմում շենքի թաղակապ ծածկը՝ կենտրոնի երդիկով։ Գավթի միակ մուտքը արևմտյան կողմից է։ Մուտքի շրջանակի բոլոր ձևավոր ու հարթ մակերեսները, կիսաշրջանաձև ճակատակալը ծածկված են արձանագրություններով։
Գավթի շինարարությունը տեղի է ունեցել 12-րդ դարի վերջում իշխան Իվանե Զաքարյանի հովանավորությամբ։ Բարավորի կիսաշրջան քարի վերնամասում փորագրված արձանագրությամբ վկայված է, որ Զաքարե և Իվանե եղբայրները հաղթական պատերազմներ են տարել օտարների դեմ, թվարկված են ազատագրված բնակավայրերը և ամրոցները՝ Ամբերդ դղյակը, թագավորանիստ Անին, Բջնին, Պարտավը և այլն։ Այնուհետև Իվանե Զաքարյանը իր անունից գրում է, որ «ի դուռն» Հաղարծնի Սբ․ Գրիգոր եկեղեցու կառուցել է գավիթ՝ «վիմարդեն կամարակապ» և եղբոր հիշատակին, իբրև կալվածք Երևանից նվիրաբերել է մեկ այգի․ «․․․այգի յերևանա էտու վասն յիշատակի եղբաւր իմո․․․»։
Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ, որոնցից աչքի են ընկնում Հայր Դանիելը և շերեփը ձեռքին՝ վանքի տնտես Սիմեոնի ողջ հասակով պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով։
Կաթողիկե եկեղեցի
Գտնվում է Սբ․ Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում։ Արևմտյան մուտքի ճակատկալի արձանագրության համաձայն այն կառուցել է Հարբի որդի Խալթը՝ 1194 թվականին։ Եկեղեցին միանավ, թաղակապ ծածկով, անգմբեթ փոքրիկ շենք է, շարված կապտագույն բազալտի սրբատաշ քարերով, կրաշաղախով։
Սբ․ Ստեփանոս եկեղեցի
Սբ․ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1244 թվականին։ Կենտրոնագմբեթ, փոքր չափերի, գողտրիկ շինություն է արտաքուստ ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով։ Կառուցվել է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով։ Հարավային պատի վրա, լուսամուտից վերև փորված է արևի գողտրիկ ժամացույց՝ Ա-ԺԲ ելնդավոր գրերով, իսկ սրանից ներքև՝ XVII-րդ դարում եկեղեցու կատարված վերանորոգման ընդարձակ արձանագրությունը: Հուշարձանի շարվածքի առանձին քարերի վրա, տարբեր դիրքերով փորագրված են Ա, Ս, Մ, Թ, Բ, Կ և այլ գլխագրեր, որոնք հավանաբար կառուցող վարպետների նշաներն են։
Աստվածածին եկեղեցի
Գտնվում է հուշարձանների գլխավոր խմբից հյուսիս-արևելք։ Եկեղեցին գմբեթավոր ընդարձակ դահլիճ է, արտաքուստ երկարաձգված ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով։ Եկեղեցու արտաքին երասապատ քարերը կապտագույն բազալտից և դեղնագույն կրաքարից են։ Կառուցման ժամանակը և կառուցողներն անհայտ են․ հարավային մուտքի ճակատկալ քարի վրա փորագրված են՝ ձախ անկյունում՝ ԻՉԼ (1281), իսկ աջում՝ ԹՎՇԻ (1071)։ Հետազոտողներից ոմանք այս բնագիրը մի ամբողջություն են համարում և այն վերծանում ԻՉԼ թվ[ին] շի[նեցաւ], այսինքն հուշարձանի կառուցումը համարում 1281 թ․։ Մյուսները պահպանված գրերը երկու տարբեր արձանագրություն են համարում և առաջարկում ձախակողմյանն ընդունել եկեղեցու նորագման տարեթիվը (1281), իսկ աջակողմյանը նրա հիմնադրման կամ շինության (1071)։
Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում, Ավագ խորանի զույգ լուսամուտներից բարձր, տեղադրված է մի բարձրաքանդակ, որը պատկերում է եկեղեցին կառուցողներին՝ մանրակերտը ձեռքերին, վեղարի գագաթին թառած թևատարած արծվով։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այս բարձրաքանդակը նախկին եկեղեցուն է։
Հարավային մուտքի արտահայտչականությունը էապես նպաստում է աջ կողմի պատվանդանը պսակող խաչքարը։ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել ընդարձակ գավիթը, որից միայն արևմտյան և հյուսիսային պատերի որոշ հատվածներ են պահպանվել, մնացածը ավերված է։
Սեղանատուն
Սեղանատան հոյակերտ շենքը տեղավորված է հուշարձանախմբի հյուսիս-արևմտյան անկյունում։ Այս կառույցը բազմադարյան հայ ճարտարվեստի աչքի ընկնող կոթողներից է, աշխարհիկ ճարտարապետության ակնառու նվաճումը։ Սեղանատան կամ ինչպես նշված է արձանագրության մեջ, տրապեզի շենքը ուղղանկյուն երկարաձիգ հատակաձևով ընդարձակ սրահ է, թաղակապ, երկու երդիկ ունեցող ծածկով։ Կենտրոնի երկու կարճ սյուները և որմնասյուները միանում են խաչաձև կամարներով, որոնք իրենց վրա են պահում ընդարձակ շինության թաղակապ ծածկը, երկու խոշոր, երկթեք բացվածքով և ստալակտիտներով ձևավորված երդիկներով։
Ներսից պատերին կից ամբողջ երկարությամբ շարված են քարե սրբատաշ նստարաններ, որոնց վրա ճաշկերույթի ժամանակ նստել են վանքի միաբանները։ Սեղանատունը շարված է սրբատաշ ծակոտկեն կրաքարով, տանիքը պատած է եղել սալաքարերով։ Հարավային գլխավոր մուտքի շրջանակի արձանագրությունից իմանում ենք, որ ոմն Կուտաս 1248 թվականին նպաստավորել է սեղանատան շինությանը։
Արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին` բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է: Հաղարծինի սեղանատունը իր ճարտարագիտական լուծումով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Արքայական դամբարան
Գտնվում է Սբ․ Գրիգոր եկեղեցու գավթի հարավային պատի տակ, նրան կից։ Ուղղանկյուն հատակաձևով, մատուռանման փոքրիկ շենք է։ Ներսում երեք տապանաքարեր են՝ հարթ, կիսամշակ։ Հյուսիսային կողմի կապտագույն բազալտի տապանաքարի վրա փորագրված է ՍԲՏ ԹԳ, որ վերծանվում է Սմբատ թագավոր։ Մեջտեղի, նույնպես բազալտե տապանաքարի վրա պահպանվել են առանձին գրեր, որոնք հավաստիորեն չեն վերծանվում։ Հարավային տապանաքարը կրաքարից է, մանր բեկորների է վերածվել, տապանագիրը եղծվել, ուստի չի իմացվում, թե ում գերեզմանն է։ Հավանական է մտածել, որ այստեղ թաղված են Կյուրիկյան թագավորները։
Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: