Armenian Geographic լեռնային նախագիծը 2022 թվականից կազմակերպում է արշավային ուղեկցորդների պատրաստման երկամսյա դասընթաց:
Տարեցտարի լեռներ բարձրացողների և հանգիստը քայլարշավների միջոցով անցկացնողների թիվն աճում է։ Հետևաբար զբոսաշրջության ոլորտում գնալով ավելի է մեծանում արշավային ուղեկցորդների պահանջարկը։
Դասընթացին մասնակցելու 3 ամենակարևոր պատճառներն են՝
- Տեսական գիտելիքներ արշավային տուրիզմի մասնագետներից
- Գործնական հմտությունների ձեռքբերում արշավների ընթացքում
- Լավագույններին աշխատանքի ապահովում
Դասընթացի տևողությունը 2 ամիս է՝ կազմված տեսական և գործնական դասընթացներից։
Տեսական դասերի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի լեռների աշխարհագրությանը, սովորում են կազմել և մշակել արշավային երթուղիներ, ընտրել ճիշտ արշավային գույք և հանդերձանք: Ձեռք են բերում GPS-ից օգտվելու և տեղանքում կողմնորոշվելու հմտություններ, սովորում և կատարում են առաջին բուժօգնության տեսական, ինչպես նաև գործնական դասեր:
Արշավների ընթացքում մասնակիցները սովորում են գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքները: Մասնակիցների ցանկությամբ՝ նրանք հնարավորություն են ունենում իրենց ուժերը փորձել որպես ուղեկցորդ և հետնապահ:
Դասընթացի բանախոսներն են Armenian Geographic-ի հիմնադիր, «Հայաստանի լեռները» և «Լեռնային կղզի» գրքերի հեղինակ Տիգրան Վարագը, բժիշկ Ռաֆայել Ժամակոչյանը, արահետային տուրիզմի և արահետաշինության մասնագետ Աշոտ Դավթյանը, Արմջեոյի մենեջեր Հրաչուհի Այվազյանը և այլոք։
Ի՞նչ են ստանում մասնակիցները դասընթացից
Դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել նույն հետաքրքրություններն ու գաղափարները կիսող մարդկանց հետ, ձեռք են բերում նոր ծանոթություններ ու ընկերներ։
Եվ որ ամենակարևորն է՝ կարճ ժամանակահատվածում կարողանում են ձեռք բերել նոր մասնագիտություն, որից հետո հնարավորություն ամրապնդել իրենց գիտելիքները պրակտիկ փորձով:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին տրվում է հավաստագրեր Armenian Geographic-ի կողմից: