Գոշավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Գետիկ գետի աջ ափին գտնվող Գոշ գյուղում: Համալիրը կրում է հիմնադրի՝ Մխիթար Գոշի անունը, ով Իվանե Զաքարյանի օգնությամբ 1188թ. ձեռնարկում է վանական համալիրի կառուցման գործը:
Պատմություն
Գոշավանք վանական համալիրը Մխիթար Գոշը կառուցել է Գետիկ վանքի ավերակների տարածքում: Դրանով պայմանավորված Գոշավանքը նախկինում հայտնի է եղել Նոր Գետիկ վանք անվամբ: Իսկ 1213թ.-ից հետո՝ Մխիթար Գոշի մահվանից հետո, կոչվել է նրա անունով՝ Գոշավանք:
13-րդ դարում՝ 1242-1250թթ., Գոշավանք վանական համալիրը, որը տևական ժամանակ համարվում էր Զաքարյանների իշխանական վանքը, Զաքարյանները վաճառում են պարոն Ումեկին, ով Հայաստան էր ժամանել Կարինից:
Ճարտարապետություն
Գոշավանքը որպես վանական համալիր ձևավորվել է 12-13-րդ դարերում, քանի որ շինությունների մեծ մասը կառուցվել են այդ ժամանակաշրջանում: Վանական համալիրը կազմված է վանական համալիրի հնագույն՝ Սբ. Աստվածածին եկեղեցուց, ժամատնից, Սբ. Գրիգոր և Լուսավորիչ եկեղեցիներից, գրատուն-զանգակատնից, Սբ. Հռիփսիմե փոքր եկեղեցուց, Մխիթար Գոշի համար նախատեսված շինություններից, նաև նրա դամբարանից:
Վանական համալիրը պարսպապատ չի եղել, սակայն բոլոր կառույցները կամ կառուցված են եղել միմյանց կից, կամ տեղակայված են եղել շատ մոտ: Միակ բացառությունը Սբ. Հռիփսիմե եկեղեցին է, որը գտնվում է Գոշավանքի հիմնական շինություններից առանձնացած՝ համալիրի դիմաց գտնվող փոքրիկ բլրի վրա:
Սբ. Աստվածածին եկեղեցի
Սբ. Աստվածածին եկեղեցին վանական համալիրի առաջին կառույցն է, որը թվագրվում է 1191-1196թթ.: Եկեղեցու հովանավորներն են եղել Քուրդ և Վախթանգ իշխանները: Եկեղեցու հանդիսավոր օծման արարողությունը տեղի է ունեցել 1197թ., որին ներկա էին Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, Զաքարյանները: Վերջիններս այդ ժամանակ հանդիսավոր կերպով եկեղեցուն նվիրաբերեցին կալվածքներ:
Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցմանը հաջորդել են 1197-2003թթ.՝ գավթի, 1208թ.՝ Սբ Հռիփսիմե, 1231թ՝. Սբ Գրիգոր, 1237-1241թթ.՝ Լուսավորիչ եկեղեցիների կառուցումը:
Լուսավորիչ եկեղեցի
Վանական համալիրի կառույցներից առանձնահատուկ է Լուսավորիչ եկեղեցին, քանզի այն փայտակերտ է: Կառուցումը, որը սկսվել էր 1237թ. և ավարտվել 1241թ., հովանավորում էր Գրիգոր Տղա անունով մի իշխան: Չնայած փայտակերտ լինելուն, պատմիչները մշտապես զարմանք և հիացմունք են հայտնել եկեղեցու մասին, իսկ Կ. Գանձակեցին այն անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին առհասարակ աչքի է ընկնում իր զարդաքանդակներով, սակայն առանձնահատուկ է եկեղեցու արևմտյան մուտքը, որի դեկորատիվ կամարներն ու անցումային կիսակամարները հիշեցնում եմ Դեղձնուտի վանքի հորինվածքները:
Ասեղնագործ խաչքարեր
Գոշավանք վանական համալիրի Լուսավորիչ եկեղեցին աչքի է ընկնում նաև մեկ այլ առանձնահատկությամբ՝ «ասեղնագործ» խաչքարերով: Խաչքարերի հեղինակը քարագործ վարպետ Պողոսն է, ով խաչքարերը կերտել է 1291թ.: Մուտքի երկու կողմերում տեղադրված են խաչքարեր: Վերջիններս կատարված են այնպիսի մանրակրկտությամբ և ոսկերչական նրբությամբ, որ ստացել են ասեղնագործ անվանումը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: