Գնիշիկի կիրճ
Արփա գետն իր վտակներով Վայոց ձորում առաջացրել է բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, ձորեր, որի պատճառով էլ այստեղի աշխարհագրական անունների մի զգալի մասը վերջանում է «ձոր»-ով` որորնցից մեկն էլ Գնիշիկաձորն է (Գնիշիկի կիրճ):
Գնիշիկաձորն ունի 200-300 մ լայնություն հովտի վերին հատվածում, 50-80 մ լայնություն՝ ստորին հավածում: Հսկայական այս ձորը ստորին հոսանքում (մինչև Արփա գետի կիրճին` Քարափաձորին միանալը) առաջացնում է խորը կիրճ՝ 150-200 մ խորությամբ և 20-40 մ լայնությամբ: Գնիշիկ գետի կիրճը իր ահռելի քարափներով և լերկ ժայռերով ու զառիթափ լանջերով հիշեցնում է ոչ երկրային պատկեր:
Նորավանքի կարմիր ժայռերը
Ձորով հոսող գետի համար յուրօրինակ պարսպի դեր են կատարում Գնիշիկաձորը շրջափակող դեղնա-կարմրագույն ժայռերն ու քարափները:
Երբեմն տեղատարափ անձրևներից հետո քարափներից գահավիժող ջրերը ստեղծում են ջրվեժներ` առանձնահատուկ գեղեցկություն հաղորդելով ձորին: Արևոտ օրերին այդ ժայռերն ու քարափները լույսի ու ստվերի համանվագ են ստեղծում, որից ձորը ստանում է աննկարագրելի գեղեցկություն:
Կիրճի հատակով կառուցված է ասֆալտապատ ճանապարհ, որը տանում է դեպի հայ ճարտարապետության կոթողներից մեկը` Ամաղուի Նորավանքը:
Լուսանկարները՝ Արաքս Ասատրյանի, Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի