Գնդեվանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք՝ Արփա գետի ձախ ափին:
Անվանում
Կա մի վարկած, որ վանքը իր անունը ստացել է Սուփան Գնդունու անունից, որը եղել է վանքի առաջին ճգնավորներից: Վանքի շինությունն ավարտելուց հետո հավաքել են մերձակա վայրերում ապրող ճգնավորներին, որոնցից ամենահասակավորն ու անվանին եղել է Սուփան Գնդունին։
Պատմություն
Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայության համաձայն` Գնդեվանքը հիմնադրել է սյունյաց Սմբատ իշխանի կին Սոփիա իշխանուհին X դ., որպես ճգնավորների մենաստան: Նույն ժամանակ տիկին Սոփիան հիմնել է տալիս Գնդեվազ գյուղը և Ատչար գյուղի հետ նվիրում վանքին։ Այս երկու գյուղերից ստացված եկամուտներով պետք է ապրեին Գնդեվանքի վանականները։ Վանքը ի սկզբանե հիմնադրվել է, որպես ձորի ճգնավորների մենաստան:
Գնդեվանքը ժամանակի ընթացքում քանիցս վերանորոգվել է: Հայտնի է, որ 1309 թ. եկեղեցին նորոգել է Գրիգորը (Գրիգորես)։ 1604 թ․ պարսից շահ Աբասը ավերել է վանքը և գյուղը: 1691 թ.` վանքը վերանորոգել է Պետրոս վարդապետը, որի արձանագրությունը պահպանվել է եկեղեցու արևմտյան պատին: 1875 թ. Հովհաննես վարդապետ Տեր-Հարությունյանը, բնակվելով վանքում, մաքրել և բարեկարգել է, ապա վանքը նորոգել է տաթևցի վանահայր Պետրոս վարդապետը: 1968 թ. սկսվել է հուշարձանախմբի (եկեղեցու, գավթի) վերանորոգումը, որն ավարտվել է 1971 թ.:
Ճարտարապետություն
Վանական համալիրը կազմված է Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավիթից, սեղանատնից, գերեզմանատնից, բնակելի և օժանդակ շինություններից, վանքապատկան ջրանցքից: Վանական համալիրը շրջապատված է բրգավոր պարսպապատով։
Գլխավոր եկեղեցի
Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցել է Սյունյաց Սոփիա իշխանուհին 936 թ.: Եկեղեցու արևմտյան պատի վրա գտնվող շինարարական արձանագրության մեջ Սոփիա իշխանուհին հիացմունքով նշում է` «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն վերայ»:
Կառուցված է բազալտի սրբատաշ քարերով: Ըստ հատակագծային հորինվածքի եկեղեցին քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է` արևելյան զույգ ավանդատներով: Խաչաթևերը մշակված են եռանկյունաձև հատվածքի «հայկական խորշերով»:
Գմբեթի առագաստներին պատկերված են չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Եղել են նաև որմնանկարներ, որոնց հեղինակը նկարիչ Եղիշե երեցն է (X դ.): Ավագ խորանում պահպանվել է Քրիստոսի պատկերի փոքր հատվածը: Ավելի ուշ շրջանի գործեր են ավանդատների մուտքերից վեր պատկերված ֆիգուրները: Կատարման վարպետությամբ աչքի է ընկնում հյուսիսային ավանդատան պատի Աստվածամոր պատկերը, որն ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է: Որմնանկարները, ցավոք, վերջին տասնամյակներում խոնավությունից քայքայվել են:
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը։ Այն թաղածածկ դահլիճ է, կառուցել է Քրիստափոր վանահայրը 999 թ.:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: