Գլուտ և Վարդուտ
Կամատուրի լեռներ և Գլուտ լեռ
Կամատուրի լեռները գտնվում են Լոռու մարզում: Հանդիսանում են Տափերի լեռների արևելյան ճյուղավորությունը: Սկսվում են Մեծտուն գագաթից և արլ. ուղղությամբ ձգվում մինչև Հովանաձոր գետի հովիտը: Երկարությունը՝ 3,5 կմ: Ամենաբարձր կետը Գլուտ լեռն է: Գլուտ լեռը գտնվում է Հովանաձոր գետի աջ կողմում, Հովնանաձոր գյուղից 2 կմ հս.: Բարձրությունը՝ 2105 մ է: Գլուտի հս.-արլ. լանջին է գտնվում Աճարկուտ աղբյուրը: Լեռան լանջերը ժայռոտ են և ծածկված մարգագետնային բուսականությամբ: Գագաթը հստակ արտահայտված չէ:
Ի սկզբանե մենք որոշել էինք բարձրանալ միայն Գլուտ լեռը, բայց երբ Գլուտից տեսանք ինչ հեռավորության վրա է գտնվում Վարդուտը, որոշեցինք բարձրանալ նաև Տափերի լեռների ամենաբարձր գագաթը:
Տափերի լեռներ և Վարդուտ լեռ
Տափերի լեռները գտնվում են Լոռու մարզում: Հանդիսանում են Լեջան լեռնազանգվածի հվ.-արլ. ճյուղավորությունը: Սկսվում են Լեջան գագաթից և հվ.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Մեծտուն գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հվ.արմ.՝ իջնում Ձորագետի կիրճը: Երկարությունը՝ 12 կմ: Ջրբաժան են Հովանաձոր և Մենձոր գետերի միջև: Ամենաբարձր կետը Վարդուտ լեռն է: Բարձրությունը՝ 2353 մ է:
Վարդուտը գտնվում է Մենձոր և Հովանաձոր գետերի միջև, Հովնանաձոր գյուղից 5 կմ հս.արմ.: Վարդուտի լանջերը ջրառատ են, ծածկված են քարակույտերով և մարգագետնային առատ բուսականությամբ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Աղասի Մարտիրոսյանի