Գեղամ Զաքարյան
Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Տնտեսագետ (Customer Success Manager)
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Շատ վաղուց էի ցանկանում մասնակցել արշավների, գոնե մի անգամ դժվար գագաթ հաղթահարել, դուրս գալ հարմարավետության գոտուց, բայց միշտ ինչ-որ բան հետ էր պահում։ Հիշում եմ՝ 2016 թվականի ձմռանը ArmGeo – ն պլանավորել էր գիշերակացով արշավ: Եվ երբ տեղեկացա այս մասին, մեծ ցանկություն ունեցա մասնակցել, սակայն ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց սպասել մինչ եղանակը կտաքանար, քանի որ համապատասխան հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ չունեի։ Ի վերջո առաջին արշավին մասնակցեցի 2017 թվականի ապրիլի 24 – ին, որի ընթացքում բարձրացանք Մարիամ լեռը։ Իսկ դրանից հետո «նպատակ» դրեցի իմ առջև՝ ավելի շատ բարձունքներ նվաճել։
Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները
Միշտ մտածում էի, որ լեռներում ինձ ավելի լավ կզգամ, ավելի ազատ ու կկտրվեմ առօրյա խնդիրներից. պարզվեց՝ չէի սխալվում։ Յուրաքանչուր արշավից հետո ինձ էներգիայով լի եմ զգում, ինչպես նաև արշավների ընթացքում ծանոթանում և ընկերանում եմ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ։ Բացի այդ, ցավոք, շատ վատ եմ ճանաչում Հայաստանը, իսկ արշավներն ամենալավն են հնարավորություն տալիս ճանաչել լեռնային Հայաստանի տարբեր տարածաշրջանները, ինչպես նաև տեղացիների նիստ ու կացը։
Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին
Горы — ступени в небо. Поднимаясь по ним, я иду к новой жизни.
Men may meet but mountains never.
Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Իհարկե, ունեմ։ Երկրորդ վերելքից հետո առաջացավ ցանկություն հաղթահարել նոր ու ավելի բարդ գագաթներ: Վստահ եմ, որ մոտ ապագայում կանցնեմ 5000 մետրի շեմը։
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Այս պահի դրությամբ ամենահիշարժան արշավը Այրիքարի վերելքն է: Այդ օրը միանալով երեք փորձառու արշավականներին՝ հախթահարեցինք մի քանի գագաթ: Դա իմ երկրորդ արշավն էր ու դժվարությամբ էի կարողանում հետ չմնալ նրանցից։ Յուրաքանչուր մետրն անցնելիս ուզում էի ընկնել ու հանգստանալ:
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Իմ կարծիքով նրանց կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը մտածում է, որ հնարավոր է չկարողանա դժվարություններ հաղթահարել, իսկ մյուսը՝ չի մասնակցում, որովհետև չունի համապատասխան պարագաներ։ Առաջին խմբին կասեմ, որ հաստատ կարող են, եթե ես կարողացա, դուք էլ կկարողանաք, և եթե ինչ-որ հարցում դժվարանաք, մենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ կօգնենք: Իսկ եթե ունեք հարմար կոշիկ, որը ափսոս չի հագնել նման տեղ, կարող եք մասնակցել առաջին արշավին: Հետո արդեն ինքներդ կորոշեք արժի ձեռք բերել համապատասխան հագուստ հանուն վերելքների, թե՝ ոչ։
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: