Գևորգ Հարոյան
Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Մասնագիտությամբ դերասան եմ: Այժմ Civilnet ինտերնետային հեռուստաընկերությունում զբաղվում եմ օպերատրությամբ և լուսանկարչությամբ:
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Առաջին արշավ, որպես այդպիսին, չէի պլանավորել: Զարմուհիս խնդրեց ընկերակցեմ, և այդ ընկերակցությունս դարձավ ճակատագրական Armenian Geographic-ի հետ իմ արդեն 2.5 տարվա մտերմության համար: Արշավում էինք Հայաստանի հարավ՝ Մեղրի, ուր գիշերակացը պետք է լիներ Armenian Geographic-ի սիրված արշավականներից մեկի՝ Գագիկ Սարգսյանի մանկության տանը՝ Լիճք գյուղում: Արշավախմբում ոչ ոքի չէի ճանաչում: Երբ դուրս եկանք Երևան Մեղրի մայրուղի, խմբի անդամները սկսեցին ներկայանալ: Նրանցից մեկի այն հարցին, արդյոք ֆեյսբուքում կամ, թե ոչ, որոշեցի հումորով պատասխանել: Խոսքիս լուրջ տոն տալով պատասխանեցի. «Մեր կրոնին դեմ ա»: Մի կարճ ժամանակ լռությունը խախտում էր միայն մեքենայի ձայնը, և մերթընդմերթ ինձ էին ուղղվում խեթ, հարցական հայացքներ: Վերջապես բոլորի սրտից, սակայն Տիգրան Շահբազյանի շուրթերով հնչեց սպասված հարցը. «Ախպերս, ձերը որ կրոննա»: Հարցին պատասխանեցի ծիծաղով, և բոլորի սիրտը տեղն ընկավ: Իսկ Մեղրիի բնության գրկում՝ խարույկի շուրջ, գիթառի ռիթմերի և գեղեցիկ պարերի տրամադրությամբ հետագա ընկերությունն անխուսափելի էր: Իսկ ինչ վերաբերում է հարմարավետության գոտուց դուրս գալուն, ասեմ, այնպես չէ, որ քաղաքային կյանքն իր ռիթմով իդեալական է ինձ համար: Բնության գրկում ես ավելի ներդաշնակ եմ ինձ հետ:
Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում, ի՞նչ են տալիս քեզ լեռները
Նախօրոք ասեմ, որ այս հարցի պատասխանը տալուց միշտ կիսատության զգացում եմ ունենում: Լեռներ բարձրանում եմ բնությանն ավելի մոտ լիենլու մղումով, ինչպես որ Armenian Geographic-ի կարգախոսն է՝ եղիր մոտ բնությանը: Բնությունն ինձ համար միայն լեռը չի իր գագաթով, այլ նաև գյուղը, գյուղացին, նրա պահած կենդանին… մի խոսքով ինդուստրիայից հեռու լինելու զգացողությունը: Լեռների հետ հարաբերվելուց մարդ երևի այնտեղ թողնում է իր բացասական էներգիան՝ իր հետ բերելով ալպիական մաքրություն:
Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին
Այս պահին թերևս Սահյանի այս տողերը հիշեցի.
ԱՅՍՏԵՂ ՍԱՐԵՐ ԿԱՆ
Այստեղ սարեր կան սարերի վրա,
ԵՎ ձորերի մեջ ձորեր կան մթին,
Ես չեմ հավատում իմ մայրամուտին,
Այստեղ սարեր կան սարերի վրա։
Այս իմ աշխարհն է, և ես եմ նրա
Քարերից բուսած բանաստեղծ որդին,
Այստեղ սարեր կան սարերի վրա,
ԵՎ ձորերի մեջ ձորեր կան մթին։
Ես չեմ հավատում իմ մայրամուտին։
Ունե՞ս ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Այո: Բայց այս տարի կոնկրետ ծրագրեր չկան:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Հիշարժան արշավներ շատ են եղել: Բայց ամենահիշարժան արշավները հաճախ գիշերակացով արշավներն են: Դրանցից այս պահին կառանձնացնեմ ամանորն Արցախում, երբ խախտելով ամանորն ընտանիքի հետ անցկացնելու ավանդույթը, նշում ես տարվա թերևս ամենահետաքրքիր տոնը ծանոթ ու անծանոթ արշավականների հետ մեզ բոլորիս համար այդքան խորհրդանշական Շուշիում:
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Ուղղակի արշավեք: Լեռներ բարձրացեք: Ի վերջո գոնե ճանաչեք ձեր հայրենիքը: Բնությունն իր մեջ ունի ձեր շատ հարցերի պատասխանները: Ուղղակի գնացեք այդ պատասխանների հետևից:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: