info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գևորգ Հարությունյան

Գևորգ Հարությունյան

Գևորգ Հարությունյան

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, երկրորդը՝ բիզնեսի կառավարում։ Աշխատում եմ երկրորդ մասնագիտությամբ։

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

Չեմ հիշում։ Մանուկ հասակում սիրում էի թափառել գյուղի սարերում, ինձ համար բացահայտումներ անել, դպրոցական տարիներին քեֆերի, էքսկուրսիաների ժամանակ հաճախ խմբից առանձնանում, մոտակա բլուրը կամ սարն էի բարձրանում՝ անհայտն էր ձգում և, իհարկե, բացվող տեսարանները։

Գևորգ Հարությունյան

Հետո սկսեցի ինքնուրույն արշավել, երբեմն ընկերների հետ, նպատակը հիմնականում ճանաչողական էր՝ լքված ամրոցներ, վանքեր, բնական հուշարձաններ․․․

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Առաջինը՝ իմ վերաբերմունքն է փոխվել բնությանը․ սուտ է՝ քաղաքում նստած չես կարող գնահատել բնությունը և խնամքով վերաբերվել նրան․ մինչև գիշերն անտառում չքնես, ամբողջ օրը սարերում չթափառես ու լեռնային գետակի ջուրը չխմես, չես գիտակցի, որ բնությունն է քո միջավայրը։ Իսկ կյանքումս բազմաթիվ հրաշալի մարդիկ են հայտնվել արշավների շնորհիվ։

Գևորգ Հարությունյան

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Դժվարանում եմ պատասխանել․ չեմ փնտրում երևի, ուղղակի լեռներում հանգստանում եմ, խաղաղվում մի տեսակ։

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Դե իհարկե, ամեն անգամ գագաթին կանգնելիս գալիս է․ «Այստեղ սարեր կան սարերի վրա, Եվ ձորերի մեջ ձորեր կան մթին․․․» Սա բանաստեղծություն չի, սա տեսարան է, որ կարելի է տեսնել․․․

Գևորգ Հարությունյան

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

2016 թվականին ArmGeo-ի անդամների հետ գնացինք Քաջքար, որն Արևելապոնտական լեռների բարձր գագաթն է։ Իսկական լեռնային ճանապարհորդություն էր՝ ինֆորմացիայի պակասի պատճառով չկար հստակ ծրագիր, չբացահայտված, գողտրիկ մի երկրամաս՝ լիքը պատմական և բնական հուշարձաններով, բավականին դժվար վերելք և հզոր գագաթ՝ փառահեղ տեսարաններով․․․

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Ուզում եմ Հայաստանը ծայրից ծայր սարերով-ձորերով քայլելով անցնել։

Գևորգ Հարությունյան

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Ազատություն, խաղաղություն, հանգստություն։

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Արշավականները ամենասովորական ոչ սովորական մարդիկ են, որոնք գիտեն, թե որտեղ է իրական կյանքը։

Գևորգ Հարությունյան

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)

Տիգրանի հետ ընկերացել էինք մինչև ArmGeo-ն, ծանոթացել էինք լեռներում, արշավել իրար հետ։ Երբ հիմնադրվեց ակումբը, ճանաչելով Տիգրանի մոտեցումները, այլևս կասկած չունեի, թե որն է իմ արշավական ակումբը։ Հետո նոր ու լուսավոր մարդիկ եկան, ու արշավական ակումբը դարձավ նաև ընկերական ակումբ։

Գևորգ Հարությունյան

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Կասեմ՝ եկեք, ես իմ հարմարավետության գոտին գտել եմ հենց արշավներում։

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.