info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ինչպես պատրաստվել մանկական արշավների

պատրաստվել մանկական արշավների

պատրաստվել մանկական արշավների

Հարկավոր է պատրաստվել մանկական արշավների համար ու հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ մինչև երեխային արշավի ուղարկելը: Արշավները սովորական էքսկուրսիաներ չեն, ու դրանց ժամանակ երեխաները մեծ էներգիա են ծախսում: Արաշվների կարևորությունը երեխաների կյանքում շատ մեծ կարող է լինել, ու դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ նրանց կոփելու և ապագայում ավելի դիմացկուն ու գիտակից մարդ ձևավորելու ճանապարհին: Ամեն դեպքում, պետք է հասկանալ, որ այս թեթև ճամփորդությունները ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն են պահանջում: Այն, թե ինչպես են ծնողները վերաբերվում այս հարցին, կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխաների՝ արշավներից ստացած ամեն տեսակ հիասթափությունների կամ տպավորությունների հարցում: Այնպես որ, պետք չէ մատների արանքով վերաբերվել ձեր երեխաներին արշավների ուղարկելուն, ու եթե նման միտք է ձեզ մոտ առաջացել, պետք է պատրաստվել մանկական արշավների համար և անպայման հաշվի առել ներքոնշյալ հանգամանքները:

Մանկական արշավներ Հայաստանում

Հարցրեք ձեր երեխայի կարծիքը

Անպայման հարցրեք, թե ի՞նչ է ուզում ձեր երեխան, արդյո՞ք նա պատրաստ է երկար քայլել ու խորդուբորդ ճանապարհներ անցնել: Շատ ծնողներ սովոր են տարբեր տեսակ որոշումներ կայացնել իրենց երեխաների փոխարեն, սակայն փաստն այն է, որ չլսելով ձեր երեխաներին, դուք կարող եք չնկատել նրանց իրական պոտենցիալը: Երեխան արշավներին մենակ է մասնակցում, ու եթե նա չցանկացավ քայլել, ստիպված է դա անելու, ու արդյունքում հնարավոր է՝ հոգեբանական լուրջ տրավմա ստանա: Այս ճամփորդությունը կարող է հաճելի ու արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ երեխան ինքն է ուզում դա անել: Իհարկե, սա չի նշանակում, որ դուք չեք կարող ձեր երեխային բացատրել ու ցույց տալ արշավների հետաքրքիր ու լավ կողմերը՝ փորձելով նրա մեջ ցանկություն առաջացնել դրանց նկատմամբ, սակայն եթե արդյունքում նա չցանկացավ մասնակցել, պետք չէ ստիպել:

Հաշվի առեք երեխայի ֆիզիկական ակտիվությունը

Արշավը շատ հաճախ համարվում է սպորտաձև, ու, բնականաբար, երեխայի ֆիզիկական պատրաստվածությունն այս դեպքում կարևոր է: Եթե ձեր երեխան նստակյաց կյանքով է ապրում, որևէ սպորտաձևով չի զբաղում, նրա օրգանիզմի համար այդքան քայլելը կարող է շոկային լինել: Իսկ եթե երեխան ակտիվ է, սիրում է վազել, տարբեր ակտիվ խաղեր խաղալ, արշավելը նրա համար կարող է շատ հեշտ լինել:

Մանկական արշավներ Հայաստանում

Ընդհանրապես, երեխաներն ավելի հեշտ են քայլում, քան մեծերը, քանի որ նրանք սովորաբար ֆիզիկապես ավելի ակտիվ են լինում, բայց, իհարկե, կան նաև բացառություններ: Եթե նա անպայման ցանկանում է մասնակցել արշավի, պետք է նախապես պատրաստվել, մեկ-երկու շաբաթ մարզվել:

Պատրաստեք երեխայի ուսապարկը

Երեխայի ուսապարկը պետք է լինի հնարավորինս թեթև: Մի ծանրաբեռնեք այն տարբեր ոչ պետքական ու ծանր իրերով: Ուսապարկում պետք է դնել ջուրը, սնունդը, տաք հագուստը և հիգիենայի պարագանքերը (անձեռոցիկ, ալկոգել): Ցանկալի է, որ սնունդը չլինի տարաների մեջ, քանի որ դրանք հավելյալ քաշ են ավելացնում: Կարելի է արդեն պատրաստված ու փաթեթավորված սենդվիչներ տեղավորել պայուսակում: Ուսապարկում դրեք նաև արևապաշտպան քսուկ:

Մանկական արշավներ Հայաստանում

Ընտրեք համապատասխան հագուստ

Հագուստի ընտրությունն արշավների ժամանակ շատ կարևոր է: Նախ, այն պետք է լինի սպորտային, ազատ շաժումներ անելուն հարմար: Քանի որ երեխաները երկար ժամանակ արևի տակ քայլելու են, պետք է հնարավորինս պաշտպանված լինեն արևից, անպայման կրեն գլխարկ և հագնեն ոտքերն ու ձեռքերն ամբողջությամբ ծածկող հագուստ: Կոշիկները պետք է լինեն հաստ տակացուով, քանի որ ճանապարհները քարքարոտ են ու անհարմար: Նախընտրելի է նաև, որ կոշիկները բարձր ճիտքերով լինեն, որ ոտքերի կոճերն էլ պաշտպանվեն: Ցանկալի է, որ նրանք ունենան արշավային ձեռնափայտ, քանի այն օգնում է ավելի հեշտ ու անվտանգ քայլել քարքարոտ ճանապարհներին, ինչպես նաև կարող են ծառայել որպես երրորդ հենման կետ առուների անցման ժամանակ:

Մանկական արշավներ Հայաստանում

Ճիշտ սնունդ պատրաստեք արշավի համար

Արշավների ընթացքում հարկավոր է թեթև և ճիշտ սնվել, որպեսզի քայլելն ավելի հեշտ լինի: Փորձը ցույց է տալիս, որ երեխաներն ավելի անկանոն են սնվում արշավի ժամանակ: Որքան էլ ուղեկցորդները խորհուրդ տան հենց առաջին կարճատև հանգստին չսնվել, մեկ է, էլի ուտում են: Դրա համար առաջարկում ենք պատրաստել 3-4 փոքրիկ սենդվիչ կամ բրդուճ՝ ընթացքում ուտելու համար: Կարելի է նաև ընթացքում ուտելու համար միրգ դնել և խորհուրդ տալ, որ միրգ ուտեն մինչև մեծ հանգիստը (որի ընթացքում էլ կարող են ուտել հիմնական սնունդը): Իսկ հիմնական սնվելու համար կարելի է դնել առողջ, թեթև և վիտամինային սնունդ. բանջարեղենի առկայությունը շատ կարևոր է, իսկ որպես հիմնական ուտեստ շատ հարմար է հավի կրծքամիսը՝ բուրգերի կամ բրդուճի տեսքով։ Աշխատեք խուսափել սնունդը տարաների մեջ տեղավորելուց, նախընտրելի է սննդային թղթով կամ տոպրակով փաթաթելը։ Կարող եք երեխաների պայուսակում նաև քաղցրեղեն դնել, սակայն հաշվի առեք, որ շոկոլադը կարող է հալվել տաք եղանակին: Ամենակարևորը՝ ջուր 1.5-2 լիտր՝ 2 տարբեր տարաներով, որից մեկը լինի շատ սառը, որպեսզի մինչև արշավի վերջ թարմեցնող սառնություն մնա:

Մանկական արշավներ Հայաստանում

Երեխայի հետ դիտեք մի քանի տեսանյութ կամ ֆիլմ արշավների մասին

Ցույց տվեք ձեր երեխաներին, թե ինչ է նրանց սպասվում, որտեղ են գնալու ու ի՞նչ են անելու: Նախնական լավ տրամադրվածությունն ու ընդհանուր պատկերացում ունենալը կարող է շատ օգնել նրանց արշավի ընթացքում: Շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն պատկերացնում՝ ինչ են անելու, ուր են գնալու ու հայտնվելով սարերում՝ չեն հասկանում՝ լավ է, թե վատ, որ այնտեղ են ու այդքան քայլում են: Իսկ շատ հաճախ էլ երեխաները տեսնելով հետաքրքիր արշավային ֆիլմեր, տպավորվելով այդ տեսարաններով ու արկածային իրավիճակներով, իրենք են ցանկանում հայտվել նման իրավիճակում ու հասնել իրենց տեսած բարձրունքներին: Այդ պատկերը նրանց արշավն ավելի հետաքրքիր ու հեշտ է դարձնում, նրանք ավելի պատրաստակամ են լինում քայլելու ու հաղթահարելու զանազան բարդություններ:

Մանկական արշավներ Հայաստանում

Ընդհանրապես, եթե ճիշտ և լավ նախապատրաստվեք ձեր երեխային արշավ ուղարկելու համար, դա կարող է լինել նրա կյանքի լավագույն փորձերից մեկը, քանի որ բարեհաջող հաղթահարված վերելքը կարող է դասվել նրա առաջին հաղթանակների շարքում և հիմք ստեղծել շատ լավ հատկանիշների ու որակների ձևավորման համար: Այնպես, որ հարկ է նախապես պատրաստվել մանկական արշավների համար:

Armenian Geographic-ը կազմակերպում է մանկական արշավներ տարբեր ուղղություններով: Մեր արշավներին մասնակցում են 8-14 տարեկան երեխաներ, ու արշավների ուղեկցորդները հանդիսանում են երկար տարիների փորձ ունեցող մանկավարժներ: Մենք խրախուսում ենք, որ մինչև արշավին ուղարկելը՝ պետք է պատրաստվել մանկական արշավների համար և նախապատրաստել երեխաներին այս կարևոր և ազդեցիկ փորձի համար:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում