ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:
Գեղարքունիքն ամենախոշոր մարզն է ըստ տարածքի և զբաղեցնում է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր: Բնակչության խտությունը կազմում է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական բնակավայրերում: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: Գեղարքունիքի մարզի կլիման բնորոշվում է երկարատև և խստաշունչ ձմեռներով, քանի որ գտնվում է ընդհանուր առմամբ ծովի մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա են նաև խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:
Սևանա լիճ
Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային , եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ:
Գոգավորության հյուսիսային մասով ձգվում են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը օղակ է Սևանի ու Վարդենիսի լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լանջերը զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար ընդարձակը Մասրիկի դաշտն է: Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900-2200մ բարձրություն:
Կլիմա
Տարեկան արևափայլի միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-2800 ժամ/տարի: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է , իսկ ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները, մթնոլորտային տեղումները շատ չեն: Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարածությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով:
Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային , ենթալպյան և ալպյան բուսատեսակները: Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս լեռնաշղթաների լեռնալանջային , բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքներ: Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ են զբաղեցնում փշարմավի պուրակները:
Կենդանական աշխարհը
Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի իջեցման հետևանքով խիստ կրճատվել է թռչունների ու ձկների տեսակները: Բնական մյուս տեսակի ռեսուրսներից , մարզը հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին հանքախորշերում պահպանված նշանով ոսկի արդյունահավել է հազարամյակներ առաջ: Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի հանքավայրի ոսկուց: Կան քրոմի ու հրակայուն ապարների զգալի պաշարներ Շորժայի հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ` Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ` Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի և Մարտունու տարածաշրջաններում:
Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանները` խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները:
Մարզի տարածքում է գտնվում «Սևան Ազգային պարկը» /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում է Սևանի միջլեռնային գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով: Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ: