Գեղարդ վանական համալիրը կամ Այրիվանքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գողթ գյուղում: Տեղակայված է Ազատ գետի աջ ափին: Հայաստանի այն եզակի հոգևոր կառույցներից է, որոնք միաձուլված են շրջապատող ժայռերին: Այրիվանք անունը ստացել ի շնորհիվ 140-ի հասնող այրերի:
ՅՈՒՆԵՍԿՕ
2018թ. Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը ներառվել են ՅՈՒՆԵԿՍՕ-ի «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ» ունեցող հուշարձանների ցանկում: Այս կարգավիճակը տրվել է աշխարհի տարբեր երկրներից ընդամենը 17 հուշարձանի:
Այս կարգավիճակը տրվում է միայն մարդկության համար բացառիկ նշանակություն ունեցող ազգային և մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին: Այս որոշումն իրականացվել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. կոնվենցիայի շրջանակներում: Կարգավիճակ ստացած հուշարձանները պաշտպանվում են «…միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից»,- սահմանված ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկանքում:
Գեղարդ անվան ծագումը
Վանական համալիրն ի սկզբանե անվանել են Այրիվանք՝ բազմաթիվ այրերի և ժայռերի պատճառով: Վանական համալիրում 140-ի հասնող այր-խցեր են եղել՝ նախաեսված մենաստանի, ճգնելու համար: Բացի այդ, վանական համալիրում կան չորս ընդարձակ ժայռակերտ սրահներ, որոնք ինչ-որ առումով նման են Քոբայրավանքին, որտեղ կառույցները միաձուլված են շրջապատող ժայռերի հետ:
Այրիվանք
Այրիվանքը վերջին ժամանակահատվածում հայտնի է դառնում Գեղարդի վանք, Գեղարդավանք անվանումներով: Այդ անվանումները կապված են Հիսուս Քրիստոսի խաչելության հետ: Վանքն անվանումը ստացել է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդի անունով: Այն համարվել է սուրբ մասունք և 14-րդ դարից սկսած պահվել վանքում, որը մինչ այդ գտնվում էր Էջմիածնում: Գեղարդ անվանումը փոխանցվեց նաև մոտակա ձորին կոչվելով Գեղարդաձոր, ինչպես նաև Գեղամա լեռների դեպի հարավ ձգվող մի հատվածը՝ վերանվանվելով Գեղարդասար:
Ավանդություններ
Գեղարդի վանքի մասին ավանդությունները շատ են: Դրանցից մեկի համաձայն, լինում են ազնվական տոհմից մի քույր ու եղբայր, որոնք ցանկանում էին թողնել աշխարհիկ կյանքն ու ձորի մեջ տաճար կառուցել: Նրանք Աստծուց խնդրում են իրենց օգնել այդ հարցում և առավոտյան արթնանալիս տեսնում են, որ բրիչ է խրված լեռան կատարին: Այդ դեպքից հետո նրանք քրտնաջան աշխատում են և հիմնում տաճար, որտեղ էլ հետագայում մահանում են:
Լենկթեմուր
Կա նաև մեկ այլ ավանդություն, ըստ որի 14-րդ դարում Լենկթեմուրը լսելով վանքի մասին որոշում է գալ և սեփական աչքերով տեսնել այդ հրաշքը՝ Գեղարդի Սուրբ Նշանը: Նա հարձակվում է վանքի վրա և հրամայում իր մոտ բերել Սբ. Նշանը: Սակայն երբ ցանկանում են նիզակներով խոցել այն, ինչ-որ բյուրավոր անէական զինվորներ հարձակվում են նրանց վրա: Լենկթեմուրի զինվորների մի մասը կուրանում է, մյուսների ձեռքերը չորանում ու քարանում: Ինչից հետո Լենկթեմուրը թողություն է խնդրում և լքում վանքը:
Գեղարդի գանձերը
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատությունում ներկայացվում են վերոնշյալ երկու ավանդազրույցները, սակայն Լենկթեմուրի հետ կապված կա ևս մի ավանդություն, որը վերաբերում է Գեղարդի վանքի թանկարժեք քարերին: Լենկթեմուրը լսելով գանձերի մասին, որոշում է գալ Գեղարդ և տիրանալ դրանց: Սակայն նրա պլաններն անհաջողության են մատնվում:
Իրականում Գեղադի վանքում ոչ մի գանձեր չկային, ճարտարապետական և կառուցողական լուծման շնորհիվ երդիկ ընկնող լույսից վարպետները կարողացել էին ստանալ կլորավուն լույսի պատկեր, որը հեռվից ադամանդի տպավորություն էր թողնում: Իսկ Լենկթեմուը մոտենալով ադամանդին, փակում էր լույսի ճանապարհն ու այն անհետանում էր: Մի քանի անգամ փորձելուց և անհաջողելուց հետո նա թողնում է ու հեռանում Գեղարդից:
Ակուստիկ եկեղեցի
Գեղարդի վանքը հայկական եկեղեցիներից լավագույն ակուստիկա ունեղոց կառույցն է: Գեղարդի վանքի եկեղեցին և գավիթները ունեն կատարյալ ակուստիկ հորինվածք: Գավիթն ունի քառակուսի հատակաձև, որի շնորհիվ ձայնը համաչափ է սփռվում դեպի շինության բոլոր անկյունները: Ձայնն անցնելով պատերի միջով՝ վերադառնում է յուրահատուկ մաքրությամբ, որն անդրադառնում է ձայնի տեմբրի վրա: Կառույցի ներսում գտնվելիս թվում է, թե ձայնը երկնքից է գալիս: Գեղարդի կառույցների որոշ հատվածներում ձայնի արձագանքը չի մարում նույնիսկ մինչև 40 վայրկյան:
Ակուստիկ հայտնի եկեղեցիներից է նաև Սաղմոսավանքը, որն իր անունը ստացել է եկեղեցում հնչող սաղմոսների յուրահատուկ հնչեղության շնորհիվ:
Կաթողիկե եկեղեցի
Ինչպես օրինակ Հովհաննավանքում, Թալինի և Մարմաշենի վանական համալիրներում, այնպես էլ Գեղարդի վանքի գլխավոր եկեղեցին կոչել են Կաթողիկե, որը նշանակում է գլխավոր, տիեզերական կամ մայր եկեղեցի: Գեղարդի Կաթողիկե եկեղեցու կառուցման մասին կա պահպանված արձանագրություն արևմտյան դռան ճակատին, ըստ որի այն կառուցվել է 1215թ. Բարսեղ վարդապետի օրոք: Ավելի ուշ՝ 1219թ. Իվան Զաքարյանը եկեղեցուն նվիարբերում է Բերդաղ գյուղը:
Գալձագ ճարտարապետ
Եկեղեցու գավթի ճարտարապետը եղել է ոմն մի Գալձագ, ով գավթի կառուցումը սկսել է Կաթողիկե եկեղեցու հետ, սակայն ավարտել միայն 1225թ.-ին: Գավիթը երկհարկ ավանդատներով, ավելի շատ քաղաքացիական հոինվածք ունեցող կառույց է՝ ավելի շատ հիշեցնելով լեռնային գյուղական տուն:
Գալձագն աշխատելով Գեղարդի վանքում շուրջ 40 տարի, ըստ ուսումնասիրողների, մեծ ներդրում է ունեցել անշուք և միապաղաղ այրերը վերածելով քրիստոնեական վերգետնյա տաճարին համարժեք ժայռամեջ կերտվածքների:
Հոդվածը գրելիս օգտվել ենք Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատությունից և Լ. Կիրակոսյանի «Հայկական եկեղեցիների ակուստիկ առանձնահատկությունները» գիտական հոդվածից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: