Գեղամա լեռներ
Երկարությունը՝ 72 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռ (3597 մ)
Կոորդինատները՝ 40․224939, 44․948800
Գեղամա լեռները գտնվում են Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Ձվաձև տարածվում է միջօրեականի ուղղությամբ, երկարությունը 70 կմ է, լայնությունը՝ 48 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ):
Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են: Ունի անհամաչափ կառուցվածք: Արլ. լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվումեն մերձսևանյան լավային սարավանդներին: Արմ. զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռն. գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակասար և այլ հրաբուխներով: Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր. ալիքավոր սարավանդ է՝ հրաբխ. կոներով (Աժդահակ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար):
Հվ-արմ-ում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը: Հվ. բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով: Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխ. ձևերը: Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ: Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք): Գութանասարի, Սպիտակասարի Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ: Որոշ հրաբխ. կոների խառնարաններ վերածվել են լճակների: Անթրոպոգենի սառացապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում:
Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամռանը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-40C, սարավանդներում՝ 2-00C, գագաթին՝ -20C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ: Լանջերից սկիզբ են առնում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր: Նշանավոր է Ակնա լիճը:
Գ. լ-ի հվ-արմ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելեցի մեջ: Հողաբուս. ծածակույթը ենթակա է վերընթաց գոտիականության: Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են , ավելի բարձր՝ մերձալպայն և ճահճացած մարգագետիններ: Արմ. լանջերին կան արլ. կաղնու և գիհու նոսրանտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապսատակ, գայլ, աղվես, արջ, սողուններից՝ մողեսներ, օձեր: Շատ են թռչունները:
Անվան ծագումնաբանություն
Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ: Գեղամա նահապետը հայ ժողովրդի նախահայրերից է։ Նա պարթևահասակ էր ու գեղեցիկ։ Ըստ ավանդության՝ գահակալալ է 50 տարի։ Գեղամ նահապետի անունով են բացատրվում Հայկական բարձրավանդակի մի շարք տեղանուններ, այդ թվում՝ Գեղամա ծով,Գեղամա լեռներ, Գեղամաշեն, Գեղամավան և այլ տեղաննուեր։
Ժայռապատկերներ
Գեղամա լեռներում կան հազարամյակներ առաջ քարերին փորագրված ժայռապատկերներ, որոնք աշխարհում եզակի են իրենց ծավալով, նշանների բազմաքանակությամբ, սյուժեների բազմազանությամբ և կատարման տեխնիկայով։ Ժայռապատկերներում ներկայացված տեսարանները արտահայտում են տվյալ դարաշրջանի մարդկանց աշխարհըմբռնումը, նրանց նյութական և հոգևոր կյանքը։
Դրանց միջոցով հնարավոր է պատկերացում ունենալ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների կենցաղի, սովորությունների և պաշտամունքի մասին։ Գիտնականների կարծիքով ժայռապատկերային նշանները գաղափարագրեր կամ նշանագրեր են, որոնք, ըստ որոշ մասնագետների, հիմք են դարձել նախնական գրերի ստեղծման համար։
Գեղամա լեռների ժայռապատկերները փորագրված են երբեմն հսկայական չափերի հասնող ժոյռաբեկորներին՝ մեծ մասամբ մետաղական փայլով մակերեսներին՝ ձեռքի քարե թակիչների և կտրիչների օգնությամբ։ Ժայռապատկերների մեջ աչքի է ընկնում վայրի կենդանիների բազմազանությունը, որտեղ նշմարվում են ինչպես այժմ Հայաստանում գոյություն չունեցող, այնպես էլ մինչ օրս Գեղամա լեռներում ապրող կենդանիների պատկերները։ Կենդանիներն ու թռչունները, ինչպես նաև մարդկային ֆիգուրները, երկնային մարմինները, տարատեսակ առարկաններն ու աստվածային կերպարները պատկերված են թե առանձին և թե խմբային։
Գեղամա լեռների վիշապաքարերը
Գեղամա լեռներում կարելի է հանդիպել վիշապաքարեր։ Վիշապաքարերի մշակույթը հանդիպում է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Այս հսկա քարե կոթողները տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ, որպեսզի չար վիշապներին թույլ չտան փակել ջրի աղբյուրները։ Նաև խորհրդանշել են տարերքի անսանձ ուժ, բնության զարթոնք, պտղաբերություն և առատություն։
Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց: