Արտոս լեռան վերելքից հետո որոշեցինք անցնել Հայկական Պար լեռնաշղթան և տեսնել Գայլատու լիճը: Շեղվեցինք Բայազետ – Իգդիր – Կարս հիմնական ճանապարհից և գյուղերով բարձրացանք լեռներն ի վեր: Լիճը գտնվում է լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակերևույթից 2247 մետր բարձրության վրա: Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։
Գայլատուն Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից ամենաբարձրն է: Գայլատուն (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ ) այժմ կոչվում է Բալըք գյոլ (թուրք. ձկների լիճ):
Լճում երևում էին ձկնորսական նավակները: Մի քանի հնձվոր հնձում էին լճի ափի խոտը: Ծանոթացանք մի ընտանիքի հետ ովքեր Իգդիրից էին եկել գայլատուի ափին հանգստանալու: Նրանք մեզ հրավիրեցին ինքնաեռով պատրաստվող թեյ խմելու:
Լճի ափին կարճ դադարից հետո շարունակեցինք ճանապարհը դեպի նախկին Կողբ (Թուզլուջա): Կտրեցինք Հայկական Պար լեռնաշղթան հարավից հյուսիս: Ճանապարհին բացվեց հիանալի տեսարան դեպի Կողբասարը (Բարդող, Թեքելթի), որն այս դիրքից տեսնելը տպավորիչ էր:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի