Գառնիկ Պողոսյան
Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Մասնագիտությամբ ատամնատեխնիկ եմ: Զբաղվում եմ ծաղիկների բիզնեսով, աճեցնում եմ ծաղիկներ, ունեմ ծաղկի սրահ:
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Մեր երկրին ավելի լավ ծանոթանալու, նոր բացահայտումների ու արկածների որոնումերով որոշեցի մասնակցել արշավների: Արշավականի կյանքը միշտ հետաքրքրել է ինձ: ArmGeo-ի էջին հետևում էի մի տարուց ավել և հիացած էի մեր երկրի գեղեցկությամբ, որը ներկայացված էր լրիվ ուրիշ անկյունից: Հրաշք լուսանկարները, հետաքրքիր ու արկածային պատմություններն արշավների մասին ինձ ստիպեցին, որ իմ աչքով տեսնեմ ու զգամ այդ ամենը: Ես մեծացել ու ապրում եմ գյուղում: Իմ համար հարմարավետության գոտին բնությունն է, գյուղն է, լեռն է, որը բարձրանում եմ, քարն է, որի վրայով քայլում եմ, լիճն է, որում լողում եմ, հողն է, որը մշակում եմ:
Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում, ի՞նչ են տալիս քեզ լեռները
Շատ եմ տվել ինձ այս հարցը ու միշտ ուզել եմ մի նախադասությամբ ու կարճ պատասխանել, բայց դեռ չեմ գտել այդ նախադասությունը: Լեռներ բարձրանում եմ առօրյաից հանգստանալու, ինձ փորձելու, դժվարությունները հաղթահարելու, գագաթից հեքիաթային պատկերը տեսնելու ու նոր բացահայտումնրի համար: Լեռները սովորեցնում են մեզ հավատալ սեփական ուժերին և չհանձնվել: Դու ունես հստակ նպատակ՝ հասնել գագաթ, չնայած ճանապարհի դժվարություններին ու հանդիպող խոչընդոտներին: Ճանապարհին ոտքերդ հոգնում են, ուժերդ քիչ-քիչ լքում են քեզ, բայց քո նպատակը մնում է նույնը՝ հասնել գագաթ: Հասնելով գագաթ դու քեզ հաղթանակած ես զգում: Լեռներում գտնում ես մի նոր աշխարհ, որտեղ դու ազատ ես, ունես շատ ժամանակ մտածելու, մտքերդ ծանր ու թեթև անելու, ինքդ քո հետ զրուցելու: Լռներից իջնում ես հավաքված մտքերով: Լեռները տալիս են ինձ նոր մտքեր, նոր գաղափարներ, ուժ ու էներգիա:
Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին
Վիսոցկու բառերն եմ շատ հավանում.
Лучше гор могут быть только горы,
На которых ещё не бывал.
Ունե՞ս ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Ինձ թվում է նրանք ովքեր բարձրանում են լեռներ ունեն ցանկություն գերազանցել իրենց արդյունքը: Բարձրանալ ավելի բարձր, քայլել ավելի դժվար ուղով:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Բոլոր արշավները, որոնց մասնակցել եմ հետաքրքիր են անցել: Բոլորում էլ հիշվող պահեր շատ կան, բայց կուզեի առանձնացնել հատկապես ուղևորությունը Արևմտյան Հայաստան: Վայրեր, որոնց մասին կարդացել կամ լսել էի, տեսա իմ աչքերով: Տարբեր զգացմունքներ՝ հուզմունք, կարոտ, ցավ մեր կորցրածի ու այնտեղ թողածի հանդեպ: Բաց երկնքի տակ գիշերակացը Վանա լճի ափին ամենաարկածայիններից էր: Առավոտը արթնանում ես լճի ալիքների ձայնից ու տեսնում, թե ինչպես է արևը կամաց բարձրանում լճի վրայով: Հեքիաթային գեղեցկություն: Կուզեի նշել նաև Նեմրութի խառնարանում շամպունով լողալը ?, Սիփանի դժվար վերելքը, Ախթամար կղզին, Անին, Կարսը, որոնք միշտ կհիշվեն: Շնորհակալ եմ ArmGeo-ից, որ հնարավորություն տվեց ունենալ նման զգացողություններ և հիշողություններ:
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Խորհուրդ կտայի գոնե մեկ անգամ փորձել: Փորձել թեթև և կարճ ուղով արշավ, բայց փորձել: Մինչև նուռը չկտրես ու չհամտեսես ի՞նչ իմանաս քաղցր է, թէ թթու:
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.