Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Տեղակայված է Խաչեն գետի ձախ ափին գտնվող Գանձասար լեռան վրա:
Պատմություն
Պահպանված արձանագրության համաձայն վանական համալիրի կառուցողական աշխատանքները սկսվել են 1216թ.-ին և ավարտվել 1238թ.-ին:
Համալիրը կառուցվել է Հասան Ա Ջալալյանի օրոք՝ ի փառք Սուրբ Երրորդության: Ըստ արձանագրության այն կառուցվել է Հասանի Ա-ի հոր՝ Վախթանգի, հայտնած վերջին ցանկությունը կյանքի կոչելու նպատակով:
Ըստ պատմիչ Կ. Գանձակեցու վկայությունների՝ վանական համալիրի բացումը տեղի է ունեցել 1240թ.-ին մեծ հանդիսությամբ և շքեղությամբ՝ միայն հրավիրված հոգևորականների թիվը գերազանցելով 700-ը: Հատուկ մտածված և ընտրված էր բացման օրը՝ 1240թ. հուլիսի 22-ը՝ Վարդավառ հայ ժողովրդական տոնի օրը:
Անշուշտ, հանդիսությունը մեծ տպավորություն էր թողել բոլորի վրա: Այդ ժամանակաշրջանի շատ հայ և օտարազգի պատմիչներ են անդրադարձել և հիացմունքով գրել վանական համալիրի մասին:
Գանձասարը՝ ազատագրական կենտրոն
17–րդ դարի վերջում Գանձասարն արդեն մեծ անուն ունեցող պատմամշակութային և հոգևոր կենտրոն էր: Եվ ահա դարավերջին սկսվում է համալիրի որպես ազատագրական կենտրոն՝ դառնալով հայրենասիրական ձգտումներ ունեցող մարդկանց գլխավոր հավաքատեղի: Շարժումը գլխավորում և առաջնորդում էր Գանձասարի Եսայի կաթողիկոսը: Նրա և Իսրաել Օրու համախմբման շնորհիվ արվեցին Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին քայլերը:
1701թ. հենց Գանձասար վանական համալիրում է ստորագրվել Ղարաբաղի և Սյունիքի մելիքների նամակը ուղղված ռուսական ցար Պյոտր Ա-ին: Նամակում ձևակերպված էր մելիքների՝ երկիրը արևելքից սպառնացող բարբարոսներից պաշտպանելու խնդրանքը:
Գանձասարի հին եկեղեցի
9-10-րդ դարերից մեզ հասած արձանագրությունների, ինչպես նաև պատմիչների շնորհիվ պարզ է դառնում, որ 13-րդ դարում կառուցված Գանձասար վանական համալիրի տարածքում նախկինում եղել է հին եկեղեցի: Գանձասարի այդ եկեղեցին համարվել է քաղաքական և հոգևոր հավաքատեղի արցախահայության համար:
Այդ տարածքում ավելի հին եկեղեցու մասին են վկայում նաև համալիրի շրջակայքում սփռված խաչքարերի թվագրությունները՝ 1174թ.,1182թ.,1202թ. և այլն: Ամենայն հավանականությամբ նախկին եկեղեցին եղել է չափերով ավելի փոքր և ոչ այնքան շքեղ՝ չհամապատասխանելով Խաչենի մելիքության հզորությանը: Ուստի, որոշում է կայացվել այդ եկեղեցու տեղում կառուցել նոր համալիր:
Բոլոր ուսումնասիրողները Գանձասարի վանական համալիրը միաձայն համարում են 13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանը»:
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Գանձասար վանական համալիրը կազմված է եկեղեցուց և գավթից: Վերջիններիս հորինվածքն այնպիսին է ասես մեկ ընդհանուր կառույց լինեն, չնայած այն հանգամանքին, որ գավթի կառուցումն ավարտվել է միայն 1266թ.-ին՝ եկեղեցու կառուցումն ավարտելուց 28 տարի անց (1238թ.):
Սբ. Հովհաննես Մկրտիչն ուղղանկյուն հատակագծով եկեղեցի է՝ ներսից չորս անկյուններում տեղակայված երկհարկ ավանդատներով: Արտաքին և ներքին ճարտարապետական և զարդարային հորինվածքները մեկ մաբողջություն են՝ լրացնելով մեկը մյուսին:
Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով: Հատկապես ուշագրավ է գմբեթի արտաքին զարդարանքը՝ լի պատկերաքանդակներով, զարդանախշերով: Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն իր հորինվածքով նման է Հովհաննավանքի եկեղեցու գմբեթին: Ի դեպ, Հովհաննավանք վանական համալիրը նվիրված է եղել Հովհաննես Մկրտչին:
Եկեղեցու ամեն հատվածի զարդաքանդակները մտածված են մանրակրկտորեն, ձևավորված են եկեղեցու ամեն պատն ու անկյունը, սյունն ու կամարը: Իրականում եկեղեցու ճարտարապետական հորինվածքին նվիրված ամբողջական գրքեր են հրատարակվել՝ վկայելով եկեղեցու եզակի և խորհրդանշական լինելը:
Գավիթ
Գավիթն իր մեծությամբ, ներքին և արտաքին հարդարանքի շնորհիվ եզակիներից է հայկական եկեղեցաշինության և ճարտարապետության մեջ: Այն իր ներքին շինարարական լուծմամբ շատ նման է Հաղպատի գավթին՝ հիմնված լինելով զույգ որմնասյուների վրա: Որմնասյուների հորինվածքային շարունակությունն են երկու միահյուսված կամարները:
Բացի եկեղեցուց և գավթից, ինչպես բնորոշ է հայկական վանական համալիրներին, շրջակայքում տեղակայված են եղել աշխարհիկ, բնակելի կառույցներ: Համալիրի հյուսիսային հատվածում տեղակայված են հոգևորականների համար նախատեսված թվով 8 կառույցներ:
Համալիրի արևելյան կողմում պահպանվել է երկհարկ շինություն, որը ժամանակին ծառայել է որպես դպրոց, իսկ հետագայում նաև որպես բնակելի կառույց վանահայրերի համար:
Օտարազգի ուսումնասիրողները
Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը նշում է, որ Գանձասար վանական համալիրը եզակի է իր ճարտարապետական հորինվածքով և ամբողջ Հայաստանում չենք հանդիպի նմանատիպ մեկ այլ հոգևոր կենտրոնի: Նա բազմաթիվ ակնարկներ ունի նվիրված Հայաստանի պատմամշակութային հւոշարձանների ուսումնասիրությանը՝ այդ թվում առանձին գրքով անդրադառնալով Գանձասար վանական համալիրին:
Անգլիացի լրագրող և գրող Թոմաս դե Վաալը նշում է, որ Գանձասարը Արցախի ամենահայտնի վանական համալիրն է: Նա հեղինակել է «Սև այգի» գիրքը, որը նվիրված է Արցախյան պատերազմին և միջազգային ճանաչմամբ համարվում է միակ աշխատությունը, որը հնարավորինս չեզոք կարողացել է ներկայացնել երկու կողմերի միջև տեղի ունեցող հակամարտությունը:
Ֆրանսիացի պատմաբան Շառլ Դիլը Գանձասարը համարում էր հայկական հուշարձաններից երրորդը, որ դարձել էր համաշխարհային մշակույթի քառասուն հուշարձաններից մեկը:
«Արցախյան մեծ հարսանիք»
2008թ. Արցախում՝ Գանձասարում, Շուշիում և Ստեփանակերտում, իրականացված բարեգործական ծրագրի շրջանակներում՝ տեղի էր ունեցել 674 զույգ երիտասարդների պսակադրություն: Ծրագիրն ուղղված էր երիտասարդ ընտանիքների աջակցությանն ու երեխաների ծնելիության թվի բարձրացմանը: Ինչի արդյունքում 5 տարվա ընթացքում Արցախում ծնվեց 1070 երեխա:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: