Ցրտահարություն
Նախքան ցրտահարություն երևույթի մասին խոսելը խորհուրդ ենք տալիս կարդալ հիպոթերմիայի մասին հոդվածը, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի:
Ցրտահարությունը մարմնի հյուսվածքների սառեցումն ու վնասումն է ցրտի ազդեցությունից: Սակայն պետք չէ ցրտահարությունը շփոթել սառցե այրվածքների հետ։ Վերջինս փափուկ հյուսվածքների վնասվումն է սառը իրերի, գազերի հետ առնչվելու հետևանքով, օրինակ՝ հեղուկ ազոտի թափվելը ձեռքի վրա, ձմռանը սառած մետաղի կտոր բռնելը և այլն: Ցրտահարումը սկսվում է վերջույթներից՝ ձեռքերի և ոտքերի մատներից, քթից, ականջներից, այտերից, շրթունքներից, ձեռքերից և ոտքերից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը դադարում է բավարար քանակությամբ արյուն մատակարարել մարմնի այդ հատվածներ, որպեսզի էքստրեմալ ցուրտ պայմաններում կարողանա պահպանել կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը:
Ցրտահարությունների տեսակները
Ցրտահարվում են առաջին հերթին մարմնի չպաշտպանված հատվածները, սակայն անգամ տաք ձեռնոցի տակից ձեր ձեռքերը կարող են ցրտահարվել: Ցրտահարության ռիսկը մեծանում է, երբ օդի ջերմաստիճանն իջնում է՝ հասնելով -5°ի: Բարդացնող հանգամանքներ կարող են հանդիսանալ ուժեղ քամին, չոր կամ խոնավ օդը, բարձր լեռնային պայմանները: Քամու ժամանակ օդի ջերմաստիճանի ազդեցությունն ավելի է սրվում և զգացվում, ինչպես առավել ցածր ջերմաստիճանը:
Բարձր լեռնային պայմաններում օրգանիզմը, որպես կանոն, թուլացած է լինում, իսկ դիմադրողականությունը՝ ընկած, ինչի պատճառով էլ այն դժվարանում է պայքարել արտաքին ներգործությունների դեմ: Խոնավությունն էլ ավելի արագ է խլում ջերմությունը: Ցրտահարությունը հաճախ ուղղեկցվում է հիպոթերմիայով, կամ հանգեցնում դրան՝ առավել ծանր դեպքերում:
Ցրտահարությունը բաժանվում է չորս աստիճանի ըստ բարդության՝
- Առաջին աստիճան՝ ձեռքերի ափերն ու ոտնաթաթերը սառն են, սպիտակած: Տաքացնելուց հետո կարմրում են: Հնարավոր է թեթևակի ցավ և ծակծկոց, քերվածություն մաշկի վրա: Անցնում է առանց լուրջ հետևանքների և առավելագույնը մեկ շաբաթում:
- Երկրորդ աստիճան՝ մաշկի վնասված հատվածները լցվում են թափանցիկ հեղուկով՝ առաջացնելով բշտիկներ: Մաշկը գունատվում է, կորում է զգայունությունը արտաքին ազդակների նկատմամբ: Ցավն ուժեղանում է, սկսվում է ուժեղ քոր և այրվող զգացողություն։
- Երրորդ աստիճան՝ վնասված հյուսվածքները մեռուկանում են (նեկրոզ), դրանց տեղում առաջանում են արյունով լցված բշտիկներ՝ ալ կարմիր և կապույտ հիմքով: Վերքերի սպիացումը (рубцевание) կարող է տևել մինչև մեկ ամիս:
- Չորրորդ աստիճան՝ մեռուկացումը հասնում է հյուսվածքների ներքին շերտերին, առանձնակի ծանր դեպքերում ընդհուպ մինչև մկաններ և ոսկորներ: Մաշկը կապտում է, այնուհետև սևանում, տաքացնելուց հետո առաջանում են խոշոր այտուցներ: Այս իրավիճակի երկարատև շարունակությունը հանգեցնում է գանգրենայի, ինչի արդյունքում մարմնի վնասված հատվածները հաճախ ենթարկվում են ամպուտացիայի:
Ցրտահարման դեմ պրոֆիլակտիկա
Սկզբունքն այստեղ, ընդհանուր առմամբ, նույնն է, ինչ հիպոթերմիայի ժամանակ, բայց առանձին ցանկանում ենք նշել հետևյալ կետերը՝
- Հագնվել շերտերով, սակայն այնպես, որ հագուստը չսեղմի, շատ քիփ չլինի: Կոշիկի կապիչները շատ ամուր մի ձգեք, որպեսզի ոտնաթաթերում արյուն խաղա։
- Ստուգեք եղանակը դուրս գալուց առաջ։
- Հնարավորության դեպքում տաքացրեք ձեռնոցները, կոշիկները և մնացած հագուստը հագնելուց առաջ:
- Թափ տվեք ձյունը, եղյամն ու ջրի կաթիլների ձեռնոցների և կոշիկների վրայից։
- Հանեք ձեր վրայից զարդեղենը՝ ժամացույցը և մարմնին հարող ցանկացած մետաղական բան։
- Մի մոռացեք հեղուկ խմելու մասին, թույլ մի տվեք բանը հասնի ջրազրկման: Եթե դուք ծարավ եք զգում, դա նշանակում է՝ ջրազրկումն արդեն սկսվել է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անըդհատ փոքր կումերով հեղուկ խմել:
Առաջին օգնություն ցրտահարության ժամանակ
Ցրտահարված տուժածին, առաջին հերթին, պետք է հասցնել տաք շինություն, վրան: Եթե դա հնարավոր չէ՝ պետք է տեղում կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել:
Թեթև աստիճանի ցրտահարում ստացած վերջույթները, երբ դեռ արյունը շրջանառվում է բոլոր հյուսվածքներով և չկա մեռուկացում, կարելի է տաքացնել ձեռքի տակ ընկած միջոցներով, բնականաբար, խելամտության սահմաններում: Ձեռք տվեք ցրտահարված մատներին, եթե դրանք դեռ փափուկ են և դուք կարողանում եք ցրտահարված ձեռքի բութը և ճկույթը միացնել իրար, ապա ցրտահարությունը թեթև է: Այս դեպքում պետք է անել հետևյալը՝
- Ազատվել թրջված ձեռնոցներից, գուլպաներից և հագնել չորը: Դուք միշտ ձեզ հետ ունեք սրանց փոխնորդը, այնպես չէ՞: Եթե կոշիկները լրիվ թրջված են, փաթաթեք ոտնաթաթերը պոլիէթիլենային տոպրակների մեջ և այդպես հագեք դրանք:
- Պետք է արյան շրջանառությունը վերականգնել վերջույթներում, որպեսզի տաքացնեք դրանք: Պարզում եք ձեռքերը վերև և արագ մեծ ամպլիտուդով շարժումներով թափահարում ձեռքերը՝ մեխանիկորեն մղելով արյունը դեպի վերջույթներ:
- Տաք, քաղցր հեղուկներ խմել։
- Ձեռքերը տաքացնելու արդյունավետ ձև է նաև դրանք թևատակերում թաքցնելը: Դրանք մարմնի առավել տաք հատվածներն են:
Առավել ծանր դեպքեր են, երբ նկատվում է մաշկի մեռուկացում, արյունը դադարում է հոսել հյուսվածքների մեջ, մատները հնարավոր չի լինում շարժել: Այս պարագայում շտապ պետք է տուժածին հասցնել փակ կացարան և բժշկական օգնություն ցուցաբերել:
- Չի կարելի կտրուկ տաքացնել վնասված հատվածը։
- Վնասված հատվածը պետք է մեկուսացնել բինտի մի քանի շերտանոց վիրակապով, փափուկ տաք շարֆով:
- Կարևոր է, որ վնասված հատվածը լինի ջերմամեկուսացված, բայց վիրակապը չսեղմի, որպեսզի արյան շրջանառությանը չխանգարվի:
- Ֆիքսել, անշարժացնել վնասված հատվածը։
Ցրտահարության ժամանակ խստիվ արգելվում է՝
- Խմել կոֆեին և ալկոհոլ պարունակող ցանկացած բան
- Տրորել վնասված հատվածը ձնով, կոպիտ կտորով՝ մեծ է հավանականությունը վնասված ստանալու, որին կարող է հաջորդել ինֆեկցիայի առաջացումը
- Ծանր դեպքերում արտաքին ինտենսիվ ջերմության աղբյուրի կիրառումը՝ տաք վաննաներ, ջեռակներ, կրակի կամ ջեռուցիչի մոտ ձեռքերը պահել
- Վերքերը տրորել յուղով, սպիրտով կամ ցանկացած այլ բանով: Առհասարակ զերծ մնացեք ժողովրդական բժշության անգրագետ մեթոդներից, չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ:
- Չի կարելի ծակել, բացել այտուցված փուչիկները:
Ե՞րբ է պետք դիմել բժշկի
Տնային պայմաններում ինքնուրույն հնարավոր է բուժել միայն առաջին կարգի ցրտահարումը: Փուչիկները ծակվում և մաքրվում են վիրաբուժական կաբինետում՝ ստերիլ պայմաններում: Երրորդ և չորրորդ կարգի ցրտահարության դեպքում վիրաբուժական միջամտությամբ զգուշորեն հեռացվում են մեռուկացած հյուսվածքները և դրվում է ստերիլ վիրակապ: Այս կանոններին չհետևելու դեպքում հնարավոր են բարդացումներ՝ տարբեր ինֆեկցիաների ներթափանցման, գանգրենայի և այլ բորբոքումների տեսքով: