info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մեղրու բերդ

Մեղրիի բերդ

Մեղրիի բերդ

Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրու բերդ-ամրոցը:

Մեղրիի բերդ

Մեղրու բերդ

Բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Տեղակայված է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով քաղաքի հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից:

Եզակի ամրաշինություն

Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա:

Կառուցվածքային առանձնահատկություններ

Մեղրու բերդը բաղկացած է 6 աշտարակներից: Իրենց հատակագծերով բերդի 6 աշտարակները երկու տեսակի են՝ ուղղանկյուն և կլոր: Ուղղանկյուն հատակագիծ ունեն երկու, իսկ կլոր հատակագիծ՝ չորս աշտարակները: Կլոր հատակագծով աշտարակներից երեքը տեղադրված են արևմտյան, մեկը՝ արևելյան լեռնաշղթայի վրա: Դրանց հատակագծերը կանոնավոր շրջանագծեր են՝ 5,5 մ արտաքին տրամագծով, և պատերի նույն հաստությամբ՝ 1 մետր:

Մեղրու բերդաշտարակներից

Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատների բացվածքները ունեն ճառագայթաձև դասավորություն: Ուղղանկյուն հատակագծով երկու աշտարակները գտնվում են մեկական լեռնաշղթաների վրա: Դրանց երկարությունները գրեթե նույնն են՝ 10,20 մ և 10,60 մ, լայնությունները տարբեր՝ 2,70 մ և 3,90 մ: Պատերի հաստությունը 1 մ է: Մուտքերը հյուսիսային կողմերից են: Հրակնատները դասավորված են շախմատաձև՝ աշտարակների ամբողջ պարագծով: Թե´ կլոր, թե´ ուղղանկյուն աշտարակները երկհարկանի են և կառուցված են կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարից:

Մեղրու բերդ

Պատերի մեջ, աշտարակների ողջ պարագծով, որպես սեյսմակայուն գոտիներ, մի քանի շարքով օգտագործվել են կաղնու փայտե հեծաններ: Աշտարակների կայունությունն առավել ուժեղացնելով՝ պատերը դեպի վերև, դրսի կողմից նեղանում են, իսկ ներսի կողմից ուղղաձիգ են: Աշտարակների հրակնատները ունեն միևնույն կառուցվածքը. ուղղանկյուն բացվածքներով են, տարբեր բարձրությունների վրա և աշտարակների ամբողջ շրջագծով:

Տեսարան բերդաշտարակից

Պաշտպանական եզակի առանձնահատկությունների, հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ 1723 թ. Մեղրու բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:
Ամրոցն ամբողջովին վերականգնվել է 18-րդ դարում:

Մեղրու բերդը իր ճարտարապետությամբ համարվում է եզակի հայկական ամրոցաշինության մեջ, այն չունի պարսպապատեր, սրանց փոխարինել էր լեռնաշղթան, հրազենի օգտագործման դեպքում բնակավայրը հնարավոր է եղել վերցնել հսկողության տակ որոշակի հեռավորությունից:  

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ