Կոշի բերդ
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս, բլրի գագաթին է գտնվում Կոշի բերդը, որը թվագրվում է որպես 13-րդ դարի կառույց:
Բերդ – համալիրի կառուցվածքային առանձնահատկությունները
Կոշի բերդ ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված 6,8 մ բարձրություն ունեցող խաչքար-հուշարձան (1195թ.), որն ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն:
Կոշ գյուղի և Կոշի ամրոցի վերաբերյալ հիշատակություններ
Հայկական մատենագրության մեջ պահպանվել են IV դարին վերաբերող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է,որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշ գյուղում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները: Այդ պատճառով Տիրանը անիծում է Արշակին և վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։
Գոյություն ունեն նաև վաղ Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ: Գյուղում են գտնվում Սբ. Գրիգոր (13-14-րդ դդ.) և Սբ. Գևորգ (19-րդ դ.) եկեղեցիները: Արձանագրության համաձայն` Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: