info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Քաղենիի ամրոց / Դաշտադեմի ամրոց

Քաղենիի ամրոց

Քաղենիի ամրոց

Ֆեոդալական դղյակ Արագածոտնի մարզում

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:

Քաղենիի ամրոց

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։

Քաղենիի ամրոց / ամրոց Արագածոտնի մարզում

Ամրոց – համալիրում առկա կառույցները

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար):

Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Պատմական ակնարկ

Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։

Քաղենիի ամրոց

Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Սելջուկների կողմից 1064թ. Անի քաղաքը գրավելուց հետո, ամրոցը նույնպես անցնում է նրանց տիրապետության տակ: Սելջուկներից հետագայում այն անցնում է Շադադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին: Վերջինս 1174թ. նորոգում և վերակառուցում է ամրոցը, սրբատաշ քարերից և կրաշաղախից ուղղանկյուն հին աշտարակին կցելով կիսաշրջանաձև, բազմանկյուն հատակագծով բուրգեր։ Այդ մասին է վկայում հարավային բուրգի վրա թողնված արաբերեն արձանագրությունը:

Քաղենիի ամրոց

Ամրոցը հետագայում ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից: Նրանց է վերագրվում միջնաբերդի շուրջ կառուցված կիսաշրջանաձև աշտարակներով առաջին պարսպապատի կառուցումը: Ինչպես երևում է, հետագա ժամանակներում այն անցել է Զաքարյանների մեծ տոհմի շառավիղներից մեկին՝ Աղպաղային: Դղյակի մուտքի դռան վրա եղել է նվիրատվության վերաբերյալ մի ընդարձակ արձանագրություն՝ 1307թ.։ Միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա։ Ամրոցի շրջագծից դուրս՝ նրա արևմտյան կողմում, բլրի լանջերին կիկլոպյան տիպի շարվածքով պարիսպների հետքեր են նկատվում։ Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր։ Ամրոցի հնագույն շինությունը դահլիճն է, որն ունի քառակուսի ձև։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։

Բերդի պարսպապատերը

Վերականգնումներ և պեղումներ

Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը:
1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

2005-2007թթ. մասնակիորեն վերականգնվել են միջնաբերդը և արտաքին պարսպապատերը, Միլանի հայկական մշակույթի ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ պեղվել են Զաքարյանների կառուցած պարսպի գլխավոր, կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները: 2006 թվականին եկեղեցին հիմնովին վերականգնվել է: 2011-2012, 2015 թթ. ամրոցի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում` միջնաբերդի և պարսպապատի միջև, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից իրականացվել են պեղումներ: 2015 թվականին ամրոց-համալիրի տարածքում կատարվել են օտար կառույցներից մաքրման աշխատանքներ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ