Հայաստանի բուսական աշխարհը
Հայաստանի բուսական աշխարհը շատ առանձնահատուկ է և բազմատեսակ։ Լինելով տարածքով փոքր երկիր՝ Հայաստանն առանձնանում է բուսական աշխարհի հարստությամբ և բազմազանությամբ: Այս մասին Armenian Geographic-ի հետ զրույցում նշեց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Ա.Լ.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը։
Նա բացատրում է, որ տարածաշրջանի ակտիվ երկրաբանական անցյալը և որպես հետևանք բարդ լեռնային ռելիեֆը, կլիմայական պայմանների և հողային տիպերի բազմազանությունը, ուղղաձիգ գոտիականություն կազմող բարձրությունների զգալի տարբերությունները, ինչպես նաև ֆլորայի պատմությունն ու մի շարք այլ գործոններ պայմանավորում են Հայաստանի բուսական ծածկույթի բազմազանությունն ու խայտաբղետությունը: Մ․ Սարգսյանի խոսքով՝ Հանրապետությունը գտնվում է միանգամայն տարբեր ֆլորիստիկ մարզերի (համեմատաբար խոնավ կովկասյան և չորային հայ-իրանական) հատման գոտում։
«Հայաստանի յուրաքանչյուր 1000 կմ² տարածքոմ աճում է մոտ 107 բուսատեսակ: ՀՀ տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ, գիտնականների կողմից պարբերեբար նկարագրվում են գիտության համար նոր բուսատեսակներ։ Հայաստանում հանդիպում են տարածաշրջանին բնորոշ բուսականության գրեթե բոլոր տիպերը»,-նշում է գիտությունների թեկնածուն։
Մ․ Սարգսյանը նաև փաստում է, որ Հայաստանը մի շարք մշակովի բույսերի վայրի ցեղակիցների հայրենիքն է․ «Հացազգիներից հանդիպում են վայրի ցորեններ, գարին, աշորան, վարսակը: Հայաստանում բնականորեն աճում են ցորենի 3 տեսակներ` Ցորեն վայրին միահատիկ (Triticum boeoticum), Ց. Ուրարտական (T. urartu) և Ց. Արարատյան (T.araraticum): Ինչպես նաև հանդիպում են այնպիսի պտղատուների, զանազան հատապտուղների, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակների վայրի ցեղակիցներ, ինչպիսիք են տանձենին, խնձորենին, շլորենին, սզնին, մոշենին, սոխերը, ճակնդեղը, ոլոռը և այլն»:
Մ․ Սարգսյանը մեր խնդրանքով խոսեց Հայաստանում եղած բույսերի մի քանի կատեգորիաների մասին։
Էնդեմիկ բույսեր
Հայաստանի ֆլորայում շատ են էնդեմիկները (մոտ 126 տեսակ), այդ թվում և նեղ տեղային, որոնք հայտնի են հանրապետության տարածքի միայն մեկ աճելավայրում:
Դրանցից են՝ Արոսենին հայաստանյան (Sorbus hajastana), Սզնին Սյուզանկլեյնի (Crataegus susanykleinae), Օշանը Թամամշյանի (Salsola tamamschanjae), Սրոհունդը գեղատես (Hypericum formosissimum), Սրոհունդը Էլեոնորայի (Hypericum eleonorae), Խինձը գորովան (Scorzonera gorovanica), Գորտնուկը արագածյան (Ranunculus aragazii) և այլն:
Բուժիչ և օգտակար հատկություններով բույսեր
Հայաստանի ֆլորայի տեսակային կազմի մոտ 10 տոկոսը հանդիսանում են դեղաբույսեր: Ժողովրդական բժշկության մեջ վաղուց լայնորեն օգտագործվում են դժնիկի (Rhamnus), սզնու (Crataegus), գիհու (Juniperus), մասրենու (Rosa), սրոհունդի (Hypericum), ծորենու (Berberis) և այլ ցեղերին պատկանող բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ցավոք, դրանց հավաքը տարեց տարի ավելանում է, և արդեն անհրաժեշտություն է առաջանում բարձրաձայնել դրանց քանակի նվազման փաստի մասին:
Դեղաբանական հատկություններ ունեն նաև Հայաստանում աճող 122 տեսակի մակրոսնկեր:
Թունավոր բույսեր
Հայաստանում քիչ չեն նաև թունավոր բույսերը: Այդ բույսերը արտադրում են թունավոր նյութեր, որոնք կուտակվում են ինչպես բույսի բոլոր մասերում (բանգի, արջընկույզ, ընձախոտ և այլն), այնպես էլ առանձին օրգաններում (ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզներում):
Բույսերի թունավոր հատկությունները պայմանավորված են նրանցում պարունակվող ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով՝ ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, խեժեր, աղաղանյութեր, օրգանական թթուներ և այլն:
Կենդանիները շրջանցում են այդ բույսերը, չեն ուտում: Բայց ավաղ, լինում են թունավորման դեպքեր բնակչության շրջանում, հատկապես սիրողական բուսահավաքներով զբաղվողների մոտ:
Սովորաբար տեղի բնակչությունը լավ ճանաչում է թունավոր բույսերը, գիտեն դրանց կիրառման եղանակները՝ եռացնում են որոշ ժամանակ, մշակում են և կիրառում, իսկ որոշներից էլ հեռու մնում: Թունավոր բույսեր ազդում են կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային, սիրտանոթային և մարսողական, շնչառական համակարգերի և այլ օրգանների վրա։
Որոշ թունավոր բույսեր արտաքնապես նման են ուտելի բույսերին, ինչն էլ շփոթմունք ու թունավորումների պատճառ է հանդիսանում:
Թունավոր բույսերից մատնոցուկը, ընձախոտը, բծավոր գինազոխը, ոջլադեղմը մահամորմը, բանգին, մոլեխինդը, ղանձլամերը, իշակաթնուկը և այլն:
Շատ թունավոր բույսեր, ի շնորհիվ իրենցում պարունակվող նյութերի, հանդիսանում են դեղաբույսեր:
Ոչնչացման վտանգի առաջ կանգնած բույսերը
Հայաստանի ֆլորայի անոթավոր բույսերի 452 տեսակ ներառված է Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ: Դա կազմում է ֆլորայի մոտ 12 %-ը: Դրանք ունեն պահպանման կարիք:
ՀՀ բույսերի կարմիր գրքում ներառված բույսերի տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաներ՝ կրիտիկական վիճակում գտնվող տեսակ` CR, վտանգված տեսակ` EN, խոցելի տեսակ` VU, վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ`NT, տվյալների անբավարարություն` DD, քիչ մտահոգող տեսակ` LC :
Կարմիր գրքում գրանցված տեսակներից են՝ Նոնեա բազմագույն (Nonea polychrome), Հիրիկ նեղգծային (Iris lineolate), Հիրիկ նրբագեղ (Iris elegantissima), Սզնի պոնտական (Crataegus pontica), Դորոնիկում Բալանզայի (Doronicum balansea), Գազ Մասսալսկու (Astragalus massalskyi), Հողմածաղիկ գորտնուկային (Anemone ranunculoides), Զանգակ ազգակից (Campanula propinqua), Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha), Արիստոլոխիա վրացական (Aristolochia iberica), Ջրաշուշան սպիտակ (Nimphaea alba), Մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii) և այլն:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), որտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը:
Ուտելի բույսերը
Դարեր շարունակ բնակչությունը օգտագործել է կենսպաշարները սննդի մեջ, որպես վառելիք, շինանյութ, դեղամիջոց և այլն:
Հայաստանի հարուստ ֆլորայի մասն են կազմում ուտելի բուսատեսակները։ Դեռ հնադարից հայ ժողովուրդն իր սննդակարգում կիրառել է վայրի բույսեր և դրանց օգտագործման ավանդույթները փոխանցել է սերունդներին: Հայաստանի ուտվող սնկերը ներկայացված են 290 տեսակով: Առավել շատ օգտագործվում են սովորական ականջասունկը (Pleurotus ostreatus), մարպապետնային շամպինյոնը (Agaricus campestris), մանուշակագույն ոտիկով լեպիստան (Lepista personata), շեկլիկը (Lactarius deliciosus) աղվեսասունկը (Cantharellus cibarius):
Ուտելի խոտաբույսերը՝ մոտ 300 տեսակ, օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում (եփված, թթու դրած և այլն): Տապակած վիճակում օգտագործում են սննդի մեջ սիբեխը (Falcaria), ծնեբեկը (Asparagus), շրեշը (Eremurus), մանդակը (Astrodaucus), շուշանը (Cherophyllum), ծտապաշարը (Capsella), եղինջը (Urtica) և այլն: Թթու դրած օգտագործում են բոխին (Hippomarathrum), ծնեբեկը (Asparagus), մանդակը (Chaerophyllum) և այլ ցեղերի տեսակները:
Հայաստանի ֆլորան հարուստ է նաև վայրի պտղա-հատապտղատուներով՝ շուրջ 120 տեսակներ: Առավել արժեքավոր են ընկուզենին (Juglans), տխլենին (Corylus), տանձենին (Pyrus), խնձորենին (Malus), հոնենին (Cornus), մոշենին (Rubus), հաղարջենին (Ribes) և բազմաթիվ այլ տեսակներ.
Հայաստանում շատ բուսատեսակներ հանդիսանում են լավ մեղրատուներ՝ շուրջ 350 տեսակ և լայնորեն տարածված են բոլոր լանդշաֆտային գոտիներում: Մեղրատուներին են պատկանում՝
- պտղատու ծառատեսակներից ծիրանենի, սալորենի, դեղձենի, կեռասենի, բալենի, խնձորենի, տանձենի և այլն,
- անտառային ծառատեսակներից՝ ուռենի, թխկի, կաղնի, չիչխան, ցաքի, լորենի և այլն,
- մարգագետնային խոտաբույսերից հատկապես կարելի է նշել շրթնածաղկավորների, թիթեռնածաղկավորների, վարդազգիների ներկայացուցիչներին՝ կատվադաղձ, աբեղախոտ, ուրց, առվույտ, եղեսպակ, փրփրուկ և այլն։
Հայաստանում շատ են կերային բույսերը՝ շուրջ 2000 տեսակներ: Առավել արժեքավոր են կորնպանի (Onobrychis), երեքնուկի (Trifolium), առվույտի (Medicago), աղվեսապու (Alopecurus) ցեղերին պատկանող տեսակները:
Հայաստանի տարածքում աճում են մոտ 120 տեսակի ներկատու բույսեր, որոնցից դեռ վաղ ժամանակներից ավանդաբար օգտագործվում են իշակաթնուկի (Euphorbia), դժնիկի (Rhamnus), կտտկենու (Sambucus), տորոնի (Rubia) և այլ ցեղերի տեսակները: Հայտնի են նաև բազմաթիվ վիտամինատու, դաբաղանյութեր պարունակող և խեժատու բույսեր:
Եթերայուղատու բույսերի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է կապված դրանցից ստացված եթերային յուղերի օգտագործման բնագավառների զարգացման հետ: Դրանք օգտագործվում են օծանելիք և խնամքի միջոցներ պատրաստելիս, դեղագործության, սննդի արդյունաբերության, լիկյորների և այլ ոգելիչ խմիչքների պատրաստման ժամանակ:
Դարերի ընթացքում հոտավետ և եթերայուղային բույսերը կիրառվել են ոչ միայն սննդի և բուսաբուժության մեջ, այլև կատարվող կրոնական ծիսակատարություններում՝ Սրբալույս մյուռոնի պատրաստման մեջ:
Այսօր խոտային թեյերի արտադրանքը մեծ թափ է ստացել Հայաստանում: Թեյի համար հավաքվում է Ուրց (Thymus), Դաղձ (Mentha), Ուրցադաղձ (Ziziphora), Խնկածաղիկ (Origanum), Պատրինջ (Melissa), Զիվան (Cephalaria) և այլն:
Ինչքանո՞վ են Հայաստանում ճիշտ օգտագործվում բույսերը
Կենսապաշարների երկարատև և անխնա օգտագործումը հանգեցնում է անդառնալի հետևանքների: Շատ բուսատեսակներ հայտնվում են անհետացման եզրին:
Այսօր շատ մոդայիկ է դարձել թեյաբույսերի արտադրությունը, շուկայում ամեն օր հայտնվում են նոր անուններ, որոնք իրենց խոտային թեյերի մեջ օգտագործում են վայրի աճող բույսեր: Իհարկե, պետք է օգտագործել բնության բարիքները, շատ ու շատ ընտանիքների համար դա սոցիալական հարցեր լուծելու միջոց է: Սակայն բույսերի հավաքը կատարվում է անգրագետ, քաոսային, չեն պահպանվում հավաքի կանոնները: Չի կարելի մի տարածքից հավաքել երեսուն տոկոսից ավել տվյալ բույսից, քանի որ շատ կարևոր է բույսի վերարտադրության համար սերմերով բազմացումը: Այսօր անցնելիս տարածքներով, որտեղ եղել է հարուստ կենսաբազմազանություն, տեսնում ենք աղքատացած բուսածածկ:
Սոցիալական ցանցերում նույնպես մոդայիկ է դարձել խոտաբույսերի վերաբերյալ խմբերի բացումը: Առաջին հայացքից թվում է, որ լավ է, երբ ազգաբնակչությունը ծանոթանում է հայրենի բնության հետ, սկսում է ճանաչել բույսերը: Ցավալին սկսում է այն պահից, երբ մարդիկ իրար խորհուրդ են տալիս այս կամ այն բույսը, պատմում օգտակար հատկությունների մասին: Ու տեսնում ենք տխուր մի պատկեր, երբ համացանց են ներբեռնվում մեծ քանակությամբ հավաքած խոտաբույսերի լուսանկարներ ու հարցնում, թե ինչ օգտակար հատկություն ունեն այդ բույսերը: Ինչու հավաքել անծանոթ բույսերի այդքան քանակ, որ նույնիսկ չգիտեք օգտակար հատկություն ունի, թե ոչ: Այստեղ ես այլ վտանգ էլ եմ տեսնում: Բույսի լուսանկարի տակ մեկնաբանություններում նշվում են սխալ անուններ, մարդիկ նույնիսկ չճանաչելով բույսերը, իբր փորձում են օգնել, ու տալով սխալ անուններ, մոլորության մեջ են գցում բույսը չճանաչողներին: Չէ որ հանդիպում են թունավոր բույսեր, որոնց անգրագետ օգտագործումը կարող է վնասել, բերել անդառնալի հետևանքների:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: