Տրվի՛ր ջրի հոսանքին / Ռաֆթինգ
«Մեկ էլ տեսար՝ ջրհեղեղ եղավ, պետք է թիավարել իմանալ». Լաուրայի առաջին ռաֆթինգը
«… Ռաֆթը տեղ-տեղ ալիքների վրա վեր ու վար էր լինում, ու մեզ թվում էր՝ հիմա կընկնենք ջուրը․ամեն անգամ, երբ բոլորի մոտ վախի զգացում էր առաջանում, բարձր երգում էին՝ «Happy birthday to you»»,- պատմում է օրերս «Armenian Geographic»-ի նախաձեռնությամբ Դեբեդ գետի վրա տեղի ունեցած ռաֆթինգի մասնակից Լաուրա Հովհաննիսյանը:
Լաուրան, որն իր ծննդյան օրը որոշել է հաղթահարել ջրի նկատմամբ ունեցած վախը, երջանիկ է, որ նման էմոցիաներով լի փորձ է ունեցել: Ի սկզբանե նա այդ օրը պետք է այլ արշավի մասնակցեր, բայց վերջին պահին հանկարծակի փոխել է որոշումը. «Սկզբից չէի ուզում գնալ ռաֆթինգին, որովհետև լողալ չգիտեմ ու ջրի խորությունից վախենում եմ։ Վերջին պահին փոխեցի որոշումս ու հասկացա, որ իսկական ժամանակն է հաղթահարելու վախս՝ հենց իմ ծննդյան օրը»։
Թեպետ Լաուրան միշտ շատ է սիրել էքստրիմն ու մասնակցել է բազմաթիվ արշավների, այս փորձը նրա համար լրիվ նոր էր: Նա նշում է, որ շատ քիչ բան է իմացել ռաֆթինգի մասին, ու իր համար լրիվ բացահայտում էր այն, ինչ այդ օրը տեղի ունեցավ Դեբեդի վրա:
Լաուրան ակնկալում էր իր ծննդյան օրն ունենալ ադրենալինի մեծ չափաբաժին, սակայն դժվարանում է մի քանի բառով նկարագրել իր զգացողությունները. «Դժվար է մի քանի բառով նկարագրել զգացողությունները, որոնք ապրեցի իմ ու «Արմջրերի» ծննդյան օրը: Երբեք չէի մտածել ջրի հոսանքով գնալու մասին: Անընդհատ պայքարում ես ջրին հավասար վազելու, ետ չմնալու, ջուրը չընկելու համար: Հետո հասնում ես մի տեղ, որտեղ ջրի հոսանքը կանգնած է։ Ու կարծում եմ՝ բացի էքստրեմալ լինելուց՝ նաև ինչ-որ տեղ մեր կյանքին է նման: Մենք էլ անընդհատ շարժման ու պայքարի մեջ ենք, երբեմն էլ՝ կանգնած ու խաղաղ։ 11 կիլոմետր հաղթահարելուց հետո՝ դու քեզ հաղթած ես զգում»:
Հաղթահարված էտապ
Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս բոլորին՝ առանց վախենալու մասնակցել ջրային արշավներին: Ըստ նրա՝ դրանք շատ են տարբերվում լեռնային արշավներից. «Հագեք լողային հարմար հագուստ և լավ տրամադրություն: Այնքան էի հավանել, որ ծնունդիս նվեր քարտ տվեցին՝ կրկին մասնակցելու: Նախորդ անգամ Աժդահակ բարձրանալու նպատակով էի հագնված, ու վերջին պահին փոխվեց ամեն ինչ: Այս անգամ ավելի ճիշտ կհագնվեմ: Ու քանի որ առաջին անգամ էի ռաֆթինգ անում, շատ բան չգիտեի, ու ցուցումների ժամանակ լարված էի քշում ու պահում թիակը: Հիմա արդեն գիտեմ օգտվելու կանոնները ու ավելի ինքնավստահ կթիավարեմ»:
Լաուրան երջանիկ օր է ունեցել ու ավելի երջանիկ է, որ ամեն տարի այդ օրը նշելու են նաև «Արմջրերի» ծնունդը. «Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ ինչ-որ մեկից մեծ եմ 22 տարով»:
Ռաֆթինգը Լաուրայի համար փորձությունների հաղթահարում էր։ Հիմա ավելի ինքնավստահ է իրեն զգում ու չի վախենում ջրից ու ջուրն ընկնելուց. «Համ էլ, մեկ էլ տեսար՝ ջրհեղեղ եղավ, պետք է թիավարել իմանալ»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: