info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը

առաջին հայուհին Էվերեստի գագաթին

առաջին հայուհին Էվերեստի գագաթին

Բոլորս էլ ունենում ենք մեր կյանքի Էվերեստը․ դնում ենք նպատակ ու հասնում ենք դրան։ Այս խոսքերի հեղինակը 2016 թվականին աշխարհի ամենաբարձր գագաթ հասած առաջին հայուհին է՝ Իռենա Խառազովան։ 8848 մետր բարձրություն հաղթահարած Իռենան հպարտությամբ է պատմում իր անցած ճանապարհի, ընթացքում ունեցած բազմաթիվ վախերի ու հաղթահարած դժվարությունների մասին։

Հանդիպում-սեմինար հայաստանցի արշավականների հետ

Օրերս մեր նախաձեռնությամբ Իռենան հանդիպում-սեմինար ունեցավ հայաստանցի մի խումբ արշավականների հետ, որի ընթացքում խոսեց Էվերեստը հաղթահարելու ճանապարհի ու ընդհանրապես լեռնագնացության մասին։ Նրա համար սարեր բարձրանալը, լեռնագնացությամբ զբաղվելը նպատակի նման բան է։

«Ինչի՞դ էր պետք»

«Լեռնագնացության մեջ ամեն մեկն իր մոտիվացիան ունի․ մեկը գնում է գեղեցկության համար, մյուսը գնում է արշավային կյանքի նկատմամբ սեր զգալով։ Կոնկրետ ես գնում եմ մասնավորապես նպատակի համար, որովհետև հաղթանակի զգացումը ամենահիանալի զգացումն է», – նշում է լեռնագնացը։

Իռենա Խառազովան՝ Էվերեստի վերելքի ճամբարում

Պատմելով Էվերեստի վերելքի մասին՝ Իռենան ընդգծում էր, որ այդ ամբողջ 45 օրը, որ իրենք բարձրացել են լեռը, վախի մասին է եղել․ «Իմ մոտ ամեն դեպքում այդպես էր․ ամբողջ ընթացքում զրույցներ են մահվան մասին, մի պահ խելագարվում ես, մի պահ գովում ես ինքդ քեզ, հետո դիակների ես հանդիպում ու մտածում ես, թե ինչպես են մահացել այդ մարդիկ։ Դու անընդհատ գտնվում ես այդ մթնոլորտում։ Խոսում ես հարազատներիդ հետ, նրանք ինչ-որ սրճարանում նստած են, իսկ դու այստեղ ես։ Մտածում ես՝ ինչի՞դ էր պետք սա»։

Իռենա Խառազովա

Նա նկատեց, որ 4500 մետրից այն կողմ մարդու օրգանիզմն այլևս չի վերականգնվում․ «Դու քեզ անիծում ես ամեն րոպե, որ  գտնվում ես այնտեղ, ասում ես՝ ինչի՞դ էր պետք, մնայիր տանը։ Ամբողջ խնդիրն այն է, որ դու չգիտես, թե ինչպես նման բարձրության վրա կդրսևորի ուղեղդ։ Ես երբեք վերևներում գեղեցկությամբ չեմ հիանում, որովհետև դա վերջին բանն է, որ կարող է ինձ այդ պահին հուզել, քանի որ ինձ շատ վատ եմ զգում»։

Վերելք դեպի Էվերեստ

«Չէի ուզում մարմինս մնար Էվերեստի վրա»

Ամենաբարձր կետ հասած առաջին հայուհին Էվերեստի գագաթին հասնելու 4 փուլանոց ծրագրի մասին պատմեց  ու ասաց, որ երբեմն մարդիկ նպատակ են դնում բարձրանալ ոչ թե գագաթ, այլ մինչև որոշակի բարձրություն։ 4-րդ՝ ամենավերջին փուլը կարող են բարձրանալ միայն նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա, քանի որ նման բարձրության վրա ոչ ոք ոչ ոքի չի կարող օգնել, անգամ եթե մահանաս, այնտեղից քեզ չեն իջեցնի։ Այդ է պատճառը, որ իրենց ճանապարհին լեռնագնացները հանդիպել են բազմաթիվ դիակների, որոնք տարբեր ժամանակներում մահացած մարդիկ են եղել։ Իռենան պատմում է, որ որոշ դեպքերում ինքը տեսել է նաև մահացածների դեմքերը, քանի որ նման պայմաններում մաշկը ժամանակի ընթացքում շատ չի փոխվում։

Վերելք դեպի Էվերեստ

«Ես իմ օգնականին ասում էի՝ «արի քննարկենք գործողությունների պլանը, եթե ես մահանամ», որովհետև չէի ուզում իմ մարմինն այնտեղ մնար, մարդիկ գային ու տեսնեին ինձ այնտեղ պառկած։ Ես նրան ասացի, որ իմ ընտանիքը նրան «կհարստացնի», միայն թե ինձ իջեցնի, այնտեղ չթողնի։ Նա ինձ ասաց, որ վստահ չէ, որ դա հնարավոր կլինի։ Ասացի՝ «դե, լավ, եթե չստացվի, գլխարկս հանի, թող մազերս ծածանվեն քամու հետ, որ թագուհու նման մեռնեմ» », – պատմում է լեռնագնացը։

Իռենա Խառազովան՝ իր օգնականի հետ

Առաջին հայուհին Էվերեստի գագաթին

Իռենան նշում է՝ այն, որ իրեն հաջողվել է բարձրանալ Էվերեստը, մեծ մասամբ նաև իրենց խմբի ղեկավար Ալեքսանդր Աբրամովի շնորհիվ է։ Նա պատմում է, որ բազմիցս վախեր է ունեցել, սակայն խմբի ղեկավարը կարողացել է մոտիվացնել նրանց շարունակել քայլել։ Իռենան նշեց, որ Ա․ Աբրամովն իրենց հրահանգել էր գագաթ հասնելուն պես արագ իջնեն 7000 մետրից ներքև, քանի որ եթե մնան հանգստանալու, հնարավոր է՝ այլևս չկարողնան վեր կենալ ու շարունակել։ Շատ մարդիկ, պատմում է Իռենան, նախկինում հենց այդպես են մահացել։ Դրա համար էլ խումբը, հասնելով գագաթ, իրար շնորհավորելուց ու նկարվելուց հետո, անմիջապես սկսել է իջնել։

Էվերեստի գագաթին

«Դրանից հետո այնպես ես ուզում ապրել, որ պատմես բոլորին այդ ամենի մասին», – ասում է Իռենան՝ նշելով, որ ինքն այնքան արագ է իջել, որ առաջինն է հասել ճամբար։

Էվերեստի վերելքից հետո

«Էվերեստի ճանապարհը երազանքի մասին է»

Այսքանից հետո Իռենան վստահ է, որ արժի բարձրանալ աշխարհի ամենաբարձր գագաթը․ «Էվերեստի ճանապարհը երազանքի մասին է․․․ Բոլորն էլ ունենում են իրենց կյանքի Էվերեստը․ դնում են նպատակ ու հասնում են դրան»։

Վերելք դեպի Էվերեստ

Իռենայի առաջին լեռը եղել է Կիլիմանջարոն (5895մ), որտեղ էլ առաջին անգամ լսել է Էվերեստի մասին ու նպատակ դրել, որ հաղթահարելու է այդ վերելքը։ Նա նշում է, որ մինչ այդ անգամ վրանում չէր քնել, իսկ դրանից հետո 5 տարի անց բարձրացել է Էվերեստը։

Կյանքը՝ պատերազմից հետո

Առաջին հայուհին Էվերեստի գագաթին հասնելու ճանապարհին հանդիպել է տարբեր խնդիրներով մարդկանց, ու նշում է, որ եկել է Հայաստան, որ հանդիպի պատերազմից հետո վերականգնողական կենտրոններում գտնվող տղաներին ու ոգեշնչի նրանց։ Նա պատմեց, որ Էվերեստ բարձրացող իրենց խմբում կար նաև Իրաքի պատերազմին մասնակցած ու ոտքը կորցրած մի ամերիկացի երիտասարդ, որին ևս հաջողվեց բարձրանալ լեռը։ Էվերեստի գագաթ հասածների թվում էր նաև արգենտինացի դերասան Ֆակունդո Արանան, որը քիմիոթերապիայի կուրսն ավարտելուց մեկ տարի անց եկել էր բարձրանալու Էվերեստը։

Էվերեստի գագաթին

«Ես ուզում եմ պատմել տղաներին, թե ինչպես կարելի է շարունակել ապրել պատերազմից հետո։ Մարդիկ  հաշմանդամություն ստանալուց հետո շատ հաճախ նպատակ են դնում էվերեստը բարձրանալ ու բարձրանում են։ Այսինքն՝ նրանք այդքանից հետո իրենց մեջ ուժ են գտնում ու անում են ինչ-որ արտասովոր բան», – նշում է լեռնագնացը, որը նպատակ ունի նաև պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացած տղաներիի հետ արաշավների գնալ։ Իռենան դեռևս Հայաստանի սարերում չի եղել, սակայն նշեց, որ Արարատն է բարձրացել ու նպատակ ունի բարձրանալ Արագածը։

Վերելք դեպի Էվերեստ

Հանդիպման ժամանակ Armenian Geographic-ի հիմնադիր-ղեկավար Տիգրան Վարագը Իռենա Խառազովային նվիրեց իր հեղինակած «Հայաստանի լեռները» երկլեզու գիրքը։

Աշխարհի ամենաբարձր գագաթին եղած հայուհին լեռնագնացությունը լավագույն թմրանյութն է համարում, որը հնարավորություն է տալիս մարդու ուղեղին վերալիցքավորվել։

Լուսանկարները տրամադրեց Իռենա Խառազովան։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր առաջիկա արշավները