Բացահայտելով Հայաստանը
2013 թվականի, հուլիսի 12-ին ծննդյանս առավոտը սկսեց Գառնիի ճանապարհով: 7 հոգով նստեցինք Գառնի գնացող ավտոբուսը և սկսվեց… Ասեմ, որ միակ տրանսպորտն էր, որին գումար ենք վճարել 9 օրվա ընթացքում: 7 հոգուց երկուսս էինք հայ, մնացածը տարբեր երկրներից էին, որոնք ուզում էին տեսնել Հայաստանից այնքան տարածք, ինչքան կհասցնեինք մինչև նրանց մեկնելը: Հասանք Գառնու տաճար: Երկար մնացինք, սովորական տուրիստներ չէին, որ էնքան որ նկարվեն, տեսնեն ու գնան: Նրանց հետաքրքիր էր մեր մշակույթը, տաճարները, եկեղեցիները, դրանց էներգիան: Երեկոյան իջանք Ազատ գետի ափին ու այնտեղ գիշերեցինք կրակի կողքը: Մի քիչ զգույշ էինք, որովհետև ամռան այդ շոգին գյուրզաների ամենաակտիվ ու ագրեսիվ շրջանն է, ու հեչ ցանկություն չկար անհանգստացնելու նրանցից մեկին:
Դեպի Հավուց Թառ
Առավոտյան նախաճաշելուց հետո մի քանի հոգով որոշեցինք բարձրանալ Հավուց Թառ, որն անմիջապես մեր գլխավերևում էր, սարի վրա, բայց ալարեցինք շրջանցել սարը ու միանգամից սկսեցինք բարձրանալ: Իրերը թողեցինք ներքևում ու ճամփա ընկանք: Մի քայլ դնում էինք, երկու քայլ հողը հետ էր իջեցնում, ջուր էլ չէինք վերցրել, ու հուլիսյան անխնա արևի տակ բարձրացանք մինչև վերջ: Երբ հասանք նրան, հասկացանք, որ արժեր… Կիսաքանդ վանքը էնքան սիրունություն ուներ իր մեջ, ճարտարապետություն, որ չէինք հագենում տարբեր սենյակներ մտնելուց, կամ ուղղակի նստելուց ու ձուլվելուց նրան: Իջանք նույն ճանապարհով ու միանգամից մտանք գետը… Ոնց եմ սիրում Գառնու սառը գետը, երևի էնքան էի միացել գետին, որ մի ձուկիկ եկավ ու սկսեց ոտքիս բզել բերանով, ինձ թվաց ոտքս խանգարումա, քաշեցի մի կողմ, բայց նա նորից եկավ ոտքիս մոտ ու մի տեսակ հրում էր, նենց հավես էր…
Գեղարդի քարանձավները, Ազատի կիրճն ու մեր փնտրած աղբյուրը
Ճանապարհ ընկանք դեպի Գեղարդ, հենց գետի հունով էլ գնացինք, մինչև հասանք գլխավոր ճանապարհին ու մի քանի մեքենա մեզ հասցրեցին Գեղարդ: Որոշ տեղ էլ քայլեցինք՝ ճանապարհին հիանալով քարանձավներով: Արդեն մութ էր, երբ հասանք եկեղեցի, եկեղեցականները մեզ տեղ տվեցին եկեղեցու բակում, որպեսզի վրան դնենք, բայց մի քանիսս որոշեցինք գիշերն անցկացնել քարանձավում: Ես վրան ունեի, բայց ոչ քնապարկ, ու մերժեցի ընկերներիս առաջարկը նրանց քնապարկը վերցնելու և որոշեցի ինքս ինձ փորձել ու քնել հենց քարանձավի քարե հատակին առանց որևէ բանի: Հետաքրքիր գիշեր էր այն քարանձավում, որտեղ ժամանակին վանականներն են եղել: Առավոտյան պարզվեց կիրակնօրյա պատարագն էր, մնացինք պատարագին ու շարժվեցինք դեպի Երանոսի լեռներ: Բայց դեպի Երանոս գնացինք երկուսով, քանի որ մյուսները համարեցին, որ դժվար կլինի նրանց համար: Ես վրանս փոխեցի ընկերներից մեկի քնապարկի հետ և առանց վրան ճամփա ընկանք: Ավտոստոպով հասանք Գառնի ու սկսեցինք Ազատի կիրճով շարժվել դեպի լեռները, դեպի ջրամբար: Ճամփի կեսին, երբ արդեն մթնում էր, հասանք մի տնակի, որտեղ Ալբիկ և Նելլի հիանալի ամուսինները մեզ տեղ տվեցին իրենց այգում, նաև կերակրեցին ու հիանալի ժամանակ անցկացրեցինք նրանց ընկերակցությամբ: Առավոտյան շարունակեցինք մեր ճամփան, փորձելով գտնել հանքային ջրի աղբյուրը, որի մասին պատմում էին: Ջրի մեջով գետն անցանք ու մի ուրիշ հանքային աղբյուր գտանք, սպիտակ, կլոր քարերով, հետաքրքիր համ ունեցող ջրով: Բայց քանի որ մեր փնտրածը թթու ջուր էր, զգացինք, որ դա չի: Մի քանի անգամ գետն անցանք, մի քիչ կորեցինք, մինչև գտանք մեր փնտրած աղբյուրը: Աղբյուրի մոտ բարձրանալուց առջևից ես էի գնում, համարյա հասել էինք, մեկ էլ մի քիչ ինձանից վերև, կամարաձև քարի տակ տեսա գյուրզայի շատ հաստ պոչը: Օձերին սիրում եմ, բայց այդ չափսի մեծ ու մահացու օձ տեսնելուց իհարկե վախեցա: Գրեթե առանց աղմուկ հետ քաշվեցի ու կանգնեցի: Օձը բնականաբար զգաց ներկայությունս և մենք փոխադարձ համաձայնությամբ գնացինք տարբեր ուղղություններով:
Այդ ջրում զգում ես, թե ինչ է նշանակում մաքուր ջուրը
Հասանք աղբյուրին , և առաջին բանը, որ արել եմ, դա գլուխս ավազանի մեջ մտցնելն է եղել, սկսեցի խմել էդ թթու ու համով ջուրը, հանգստացանք ու լրիվ մտանք ջուրը: Այդ ջրում զգում ես, թե ինչ է նշանակում մաքուր ջուրը, մաքուր էներգիայով, զգում ես, թե ոնցա ամեն բջիջդ կլանում այն:
Լուսինը կորեց սարերի հետևում, ու մնացինք մենք ու մեր պուճուրիկ կրակը
Շուտով նորից ճամփա ընկանք, ուզում էինք գտնել Երանոսի գունավոր լեռները, ուղեկիցս գունավոր ավազներով ուզում էր մանդալա սարքել: Իջանք կիրճ, հետո ընկանք ցեխերի մեջ, արդեն մոտենում էինք ջրամբարին ու ամբողջը ցեխ էր, մի կերպ անցանք գետը նորից ու բարձրացանք սարը: Հասանք տեղ, նստեցինք, որ հանգստանանք, որովհետև շատ թեք ու ավազոտ սար էր ու… Հայտնաբերեցի, որ շատ կարևոր մի բան է ընկել ճանապարհին… Ստիպված նորից հետ ենք իջել, էս անգամ առանց պայուսակների, ահագին հետ ենք գնացել, ամբողջ տարածքում փնտրել ու երբ հուսահատված նորից հասնում էինք սարի գագաթին, տեսանք, որ հենց այդտեղ է ընկել: Էս անգամ կրկնակի հոգնած փռվեցինք գագաթին, մի քիչ հանգստացանք ու սկսեցինք քայլել դեպի ջրամբար: Հասանք էդ տարածքի ամենաբարձր կետին, վայելեցինք մայրամուտը ու սկսեցինք գիշերելու տեղ փնտրել: Քանի որ ջուր չունեինք, պիտի իջնեինք ջրամբարի մոտ, հենց ջրամբարի ափին էլ կրակ վառեցինք, ջրամբարի ջուրը եռացրեցինք ու խմեցինք: Լուսինն էլ կորեց սարերի հետևում ու էդ տարածքում մնացինք մենք, ու մեր պուճուրիկ կրակը… Չորրորդ գիշերն անցավ նույնպես նորմալ… Առավոտյան մտանք ջուրը ու ես նորից փորձեցի լողալ սովորել: Այս անգամ հաջողությունս ավելի շատ էր, երևի ուսուցիչս էր լավը: Բայց քանի որ ժամանակը քիչ էր, տենց էլ ես մնացի խեղդվողի մակարդակում, բայց արդեն դա էլ նորմալ չէի անում, դրանից առաջ գոնե լավ խեղդվում էի :D
Անտանելի շոգը, դեղձի այգիներն ու Գետազատ գյուղը
Կերանք այն շատ քիչ սնունդը, որ մնացել էր, ջուր վերցրեցինք ու հենց ջրամբարի կողքի սարերում էլ գտանք մի քանի գույնի ավազները: Սկսեցինք նրա պատկերացրածը սարքելու գործընթացը, ահագին չարչարվեցինք, որովհետև տարածքը շատ էր վեցրել, իսկ մենք երկու հոգով էինք, բայց հուսով եմ նա գոհ է արդյունքից, չնայած շատ բան չհասցրեցինք անել: Սկսեցինք քայլել դեպի մոտակա գյուղը, որպեսզի սնունդ առնենք ու շարժվենք դեպի Դվին: Ես հասկացա էն մարդկանց, որոնք անապատներում քայլում են առանց ջրի ու սննդի: Էդ տարածքում ծառեր չկան ու շոգն անտանելի է, շշի մեջի շատ քիչ ջուրն էլ եռման աստիճանի է: Հսկայական ուսապարկերն ուսներիս, սոված, ծարավ ու հոգնած քայլում ենք ճանապարհով ու հանկարծ ինձ թվում է, թե դիմացս միրաժ է, աչքիս այգիներ են երևում, առանց ցանկապատի: Վերջին ուժերով վազեցինք մոտիկ ու… դեղձի այգիներ: Ես երևի էդքան դեղձ կյանքում չէի կերել, ամեն մի կիսախակ ու թթվաշ դեղձի հետ ես զգում էի, թե ոնց են վերադառնում ուժերս: Հետո ինչքան տեղ ունեինք պայուսակներումս լցրեցինք դեղձերը ու այգիների միջի ճանապարհով հասանք Գետազատ գյուղը: Գյուղի խանութից ուտելիք առանք ու հենց խանութի կողքին ուտում էինք, երբ մեզ մոտեցավ մի մարդ ու առաջարկեց հանգստանալ իրենց տանը ու տեսնել իր հոր թանգարանը: Հաճույքով ընդունեցինք հրավերը ու մեծ հետաքրքրություն առաջացրեց թանգարանը: Թանգարան կոչվածը մի սենյակ էր տան կողքին, որտեղ այս մարդու հոր փայտե քանդակներն էին, բայց ի՜նչ քանդակներ, կյանք կար նրանց մեջ, պատմություն: Նրանք չէին վաճառում դրանք, ուղղակի նրանց հերիք էր, որ մարդիկ տեսնեն ու իմանան: Մի քիչ էլ զրուցեցինք այդ հյուրընկալ մարդու ու նրա հոր հետ, և այդ մարդը ուղիղ մայրամուտին մեզ մեքենայով հասցրեց մինչը Դվինի ավերակներ:
Դվինի ավերակներն ու տարօրինակ քարը
Իմացել էինք, որ այնտեղ հնարավոր է գիշերել… Պարզվեց, որ այդտեղի պահակը ժամանակին տուն է սարքել հենց տարածքում ու արդեն մի քանի սերունդ ընտանիքով ապրում են այդտեղ: Մենք որոշեցինք հենց ավերակներում քնել մեր քնապարկերով, բայց մինչև քնելը նրանց հետ ձմերուկ էինք ուտում , երբ նրանց բարեկամն եկավ ու խոսքի մեջ պատմեց, որ մի ամիս առաջ նրա եղբոր այգում երկնաքար է ընկել, հարվածից եղբայրը ուշաթափվել է, տարածքում փոս է առաջացել ու վառվել են խոտերը: Մենք իհարկե թերհավատությամբ վերաբերվեցինք, էդ ժամանակ նա առաջարկեց տանել իր տուն մեքենայով, ցույց տալ ու մեզ նորից հետ բերել: Իհարկե նման առիթը չէինք կարող բաց թողնել ու համաձայնեցինք: Երբ տեսանք բռունցքի մեծության քարը, որը ոնց-որ դեմք լիներ ու էդքան էլ քար չէր, տարօրինակ զգացողություն ունեցանք, հետաքրքիր էր ձեռքում պահել մի իր, որը հնարավոր է երկաաաար ճանապարհ է անցել, մինչև մեզ հասնելը ու երկար պատմություն ունի: Այդ մարդն ասեց, որ ուզում են վաճառի այդ քարը, բայց զգույշ էր շատ, վախենում էր: Ասեց նաև, որ քարին ձեռք տալուց հետո պատահաբար ձեռքը բերանին է կպցրել ու սկսել է մրմռալ բերանը: Տարօրինակ քար էր: Ոչ երկրային զգացողություններով պառկեցինք քնելու մեր երբեմնի թագավորի ամրոցի ավերակներում: Հինգերորդ օրն ավարտվեց:
Ճանապարհ ընկանք դեպի Սյունիք
Վեցերորդ օրվա առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Սյունիք: Արարատ չհասած մեզ հանդիպեց այն մեծ մեքենաներից, որ մեծ բեռներ են տեղափոխում երկար ճանապարհ ու մինչև գրեթե Զորաց քարեր հասցրեց: Մնացած ճանապարհն էլ անցանք ոտքով կամ մեքենայով և մեր դեմ բացվեց դաշտը, որտեղ տեսանք մեր Ստունհենջից հին մեր մշակույթը: Տարօրինակ զգացողություններ են արթնացնում այդ քարերը, մանավանդ երբ մութն ընկավ, նստեցինք մեջտեղում , ու կենտրոնացանք զգացողությունների վրա: Անգամ լռությունն էր անսովոր էդ վայրում, մի տեսակ ահավոր միստիկ գիշեր էր, էն գիշերներից, որ ինչ էլ պատահի, չես զարմանա: Ոչ մի անսովոր բան չեղավ, բացի նրանից, որ աստղերն էին մեզ բարևներ ուղարկում, մենք էլ նրանց:
Գիշերել՝ շնագայլերի համերգի ներքո
Հաջորդ օրը կեսօրին մեզ միացան մեր երկու ընկերներն ու մենք ճամփա ընկանք դեպի Խնձորեսկ: Խնձորեսկի քարանձավների մոտ հասանք արդեն մթնով, ու կամուրջն անցնելուց արդեն, մեզ դիմավորում էին շնագայլերի բազմազան ձայները: Գտանք մի քարանձավ, կրակ վառեցինք ու պատրաստվեցինք գիշերելու: Շնագայլերը շարունակում էին իրենց համերգը, ես էլ որոշեցի նրանց միանալ գայլի ոռնոցով, բայց նրանք չգնահատեցին տաղանդս ու ավարտեցին համերգը :D Քնեցինք վարգանի հնչյունների տակ (դա երաժշտական գործիք է, որ նվագում էր մեր ընկերը): Գիշերը զգացի, որ շնագայլերից մեկը հենց մեր քարանձավի մոտ է, նստեցի՝ հյուրերի սպասելով, բայց երևի դաստիարակությունը թույլ չտվեց ներս մտնել ու գնաց: Առավոտյան արթնացանք դաֆի ձայնից, որ կամուրջի մեջտեղում նվագում էր մեր մյուս ընկերը: Հետո, երբ տեսանք ձորը, քարանձավներն ու ինչքան կողքներս նայեցինք, ավելի համոզվեցինք, որ մի օրը շատ քիչ է, ու որ մի գիշեր էլ ենք մնալու: Երբ որոշումը կայացվեց, որ մնալու ենք, ես սկսեցի մենակով թափառել ու ուսումնասիրել տարածքը: Ահագին քայլելուց հետո մի բարձր քարի վրա բարձրացա ու արևի տակ քնեցի: Հետո լողացա աղբյուրում ու միացա ընկերներիս, որոնք արդեն ուտելու բան էին սարքում: Ես էլ ճանապարհին լիքը մոշ էի քաղել, այնպես որ սկզբում վայելեցինք դա, հետո հաց կերանք: Հետո հանդիպեցինք տեղի պահակին, ու նա, իմանալով որ գրեթե սնունդ չունենք արդեն, իր այգուց մեզ լիքը ուտելիք տվեց: Ամբողջ ճանապարհին հանդիպել ենք բարի ու հյուրասեր մարդկանց, որոնց շատ շնորհակալ եմ: Երկրորդ գիշերն էլ Խնձորեսկում անցկացրեցինք շնագայլերի համերգի ներքո:
Ավտոստոպով հասանք Տաթև
Հաջորդ օրն արդեն պիտի շարժվեինք, բայց մի տեսակ հարազատ էր դարձել էդ ձորը, էդ քարանձավը, կարծես տանը լինեինք: Մեծ դժվարությամբ պոկվեցինք նրանից ու էլի ավտոստոպով հասանք Տաթև: Ժամերգություն էր Տաթևում, մենք ներս մտանք, իսկ մեր մի ընկերը դրսում սպասում էր, էդ ընթացքում վանականներից մեկը մի մեծ աման ծիրան է հյուրասիրել նրան: Ես այդ օրը ինքս զգացի, թե ինչու է տարածված Տաթևի վանականների ու հայր Միքայելի բարի համբավը: Խնդրեցի նրան մեզ թույլատրել որևէ տեղ գիշերել, նա մեզ տրամադրեղ Ձիթհանի շենքը, որը որպես թանգարան է, հետո մի մեծ աման ուտելիք բերեցին մեզ ու էդ ամենը այնպիսի սիրով, որ հասկանում ես, որ այդ մարդը իրոք կատարում է հոգևորականի իր առաքելությունը: Առավոտյան մասնակցեցինք կիրակնօրյա պատարագին, շնորհակալություն հայտնեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան, իհարկե մի պահ թաթախվեցինք նաև Սատանի կամուրջի ջրերում:
10 օր եղել ենք ճանապարհներին, չենք ծախսել ոչ մի կոպեկ տրանսպորտի վրա, այդ ընթացքում հանդիպել ենք լիքը հետաքրքիր ու լավ մարդկանց, որոնցի ոմանց հետ մինչև հիմա կապը կա:
10 օր և 9 գիշերը եղել ենք հնարավորինս մոտ բնությանն ու մշակույթին: Հնարավորինս չվնասելով նրանց: Այդ օրերի ընթացքում ես տեսա մեր հազարամյա հզոր մշակույթը, որի դեմ խոնարհվում էին իմ արտասահմանցի ընկերները:
Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է
Ես ինձ ավելի պատասխանատու զգացի բնությանս ու մշակույթիս առջև, որովհետև երբ վայելում ես մի բան, պետք է նաև պահպանել այն: Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է, էդ էն քայլն է, որ մարդ հանկարծ հասկանում է, որ կարող է կորցնել այն, ինչ սիրում է ու թանկ է: Իսկ հայրենիքդ սիրելու լավագույն միջոցը ճանաչելն է այն, այդ օրերի ընթացքում ես մի փոքր ավելի ճանաչեցի նրան ու շատ ավելի կապվեցի ու պատասխանատու դարձա: Ահա թե նաև ինչ տվեց ինձ էդ փոքրիկ, բայց հետաքրքիր ճամփորդությունը Հայաստանով:
Անի Խաչատրյան