Էթնիկ տուրիզմը Հայաստանում
Ի՞նչ է էթնիկ տուրիզմը
Էթնիկ տուրիզմը զբոսաշրջության երիտասարդ և քիչ ուսումնասիրված ճյուղերից մեկն է: Չնայած որ այն նոր առաջացած ճյուղ է, այնուամենայնիվ, զարգանում է արագընթաց տեմպերով: Նման արագ զարգացումը կարելի է կապել տեխնիկական առաջընթացի և գլոբալիզացման տեմպերի հետ: Քանի որ ինչքան ավելանում են գիտատեխնիկական հայտնագործություններն, այնքան մարդկությունը ձգտում է դեպի ավանդական, էկզոտիկ մշակույթները: Հենց նման էկզոտիկ մշակույթների բացահայտմանն է ուղղված էթնիկ զբոսաշրջությունը։
Խոսելով էթնիկ տուրիզմի մասին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ ասել է էթնիկ խումբ կամ էթնոս: Էթնիկ խումբը կամ էթնոսը բնորոշվում է որպես մարդկանց խումբ, որն ունի միևնույն գենետիկ կոդը և ծագումը: Հաճախ որպես էթնիկ խմբի տարբերակիչ գործոններ են հանդիսանում նաև մշակույթը, հավատքը, լեզուն և ավանդույթները:
Էթնիկ տուրիզմի մեջ զբոսաշրջությունն ու էթնոսը շատ մոտ հարաբերվածություն ունեն, որտեղ էթնոսները ներկայացվում են որպես զբոսաշրջային գրավչություն: Մի շարք հետազոտողներ էթնիկ տուրիզմը բացատրում էին որպես մի ճանապարհորդություն, որի ժամանակ այցելուն անմիջական շփում էր ունենում տեղի բնիկ ժողովրդի հետ առանց որևէ միջամտության: Նրանք հիմնականում այցելում էին ծանոթանալու ավանդույթներին, սովորույթներին, տարբեր արարողակարգերին և, իհարկե, ապրելակերպին:
Սակայն զբոսաշրջութունը մեծ ազդեցություն է թողնում ազգային պատկանելիության վրա: Ամենանշանակալի ազդեցություններից մեկն այն է, որ այն կարող է ուժեղացնել էթնիկ ինքնությունը, խրախուսելով էթնիկ մշակույթը, արվեստն ու փառատոնները: Զբոսաշրջությունը շատ ժամանակ կարող է խթանել էթնիկ խմբերի վերածննդին, ավելին այն նաև որոշ էթնիկ խմբերին հնարավորթյուն է տալիս աշխարհին ցույց տալու իրենց ոչ հայտնի կենցաղը:
Էթնիկ տուրիզմի նախադյալները Հայաստանում
Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում ստեղծել է մշակութային բազում արժեքներ, որոնք քաղաքակիրթ աշխարհում լայն ճանաչման և գնահատանքի են արժանացել: Քանի որ արդեն նշել ենք, որ էթնիկ տուրիզմի ժամանակ զբոսաշրջիկի հիմնական նպատակը տվյալ էթնիկ խմբի մշակույթին և սովորույթներին անմիջապես առընչվելն է, հետևաբար Հայաստանի ներուժը այս ոլորտում բավականին մեծ է: Նշենք մի քանի ռեսուրսներ որոնք կարող են խթանել էթնիկ տուրիզմի զարգացումը Հայաստանում.
1․ Հայ ժողովրդի կենցաղը, ծեսերն ու տոները
3․ Արհեստներ՝ գորգագործությունը, մանրանկարչությունը, խաչքարագործությունը և փայտագործությունը
4․ Տարազ
5․ Ազգային յուրահատուկ երաժշտական գործիքները
6․ Խոհանոց
7․ Ազգային փոքրամասնություններ
Հաշվի առնելով հայկական մեծ սփյուռքի առկայությունը, կարող ենք ասել, որ այն ևս զգալի դեր կարող է խաղալ Հայաստանում էթնիկ տուրիզմի զարգացման համար: Ապագայում հայերի՝ իրենց ծննդավայր կատարվելիք այցելությունները կարող են մեծ բաժին կազմել Հայաստանում էթնիկ տուրիզմի սեգմենտում: Քանի որ էթնիկ տուրիզմը ներառում է նաև այցելություններ, որոնք ուղղված են դեպի ակունքներ, երբ զբոսաշրջիկը վերադառնում է իր ծննդավայր՝ ծանոթանալու իր ազգային մշակույթին և ավանդույթներին:
Էթնիկ-ազգային պարկեր Հայաստանում
Էթնիկ տուրիզմի զարգացման կարևոր գործոն է համարվում նաև նոր էթնիկ ենթակառուցվածքների ստեղծումը: Այն չի ենթադրում նոր ազգային էթնիկ տարրերի ստեղծում, այլ էթնիկ մշակութային տարրերի համախմբումն է: Այն իրենից ենթադրում է ազգային էթնիկ պարկերի ստեղծումը: Ի՞նչ են իրենցից ներկայացնում ազգային էթնիկ պարկերը: Չնայած Հայաստանի հարուստ ավանդույթների և պատմության, այսօր հազվադեպ կարող ենք հանդիպել էթնիկ կենցաղով ապրող մարդկանց:
Նման էթնիկ-ազգային պարկն իրենից ենթադրում է բոլոր էթնիկ տարրերի միավորում, մի վայր որտեղ կարելի է հանդիպել բոլոր սովորույթները, կենցաղը, ծեսերը ինչպես նաև էթնիկ սիմվոլները: Էթնիկ-ազգային պարկ կարող է հանդիսանալ ցանկացած գյուղ կամ համայնք, որն ապրելով իր ավանդական կենցաղով և ավանդույթներով ինքնին կհանդիսանա որպես զբոսաշրջային գրավչություն էթնիկ տուրիզմի դեպքում: Էթնիկ գյուղում զբոսաշրջիկը ոչ միայն հետևում կամ ծանոթանում է կենցաղին, այլ նաև ինքն անձամբ մաս է կազմում այդ ամենի: Շնորհիվ զբոսաշրջիկների համար կազմակերպվող խաղերի, ծիսական արարողությունների և մի շարք անիմացիոն ծրագրերի զբոսաշրջիկը լիարժեք պատկերացում է կազմում տվյալ էթնիկ խմբի սովորույթների և ավանդույթների մասին: Եվ, իհարկե, նման էթնիկ-ազգային պարկերը կարելի է ստեղծել Հայաստանի տարբեր մարզերում: Նման ձևով մենք կկարողանանք ապահովել զբոսաշրջության կայուն և համաչափ զարգացում, ընդգրկելով ոչ միայն քաղաքները, այլ նաև գյուղերը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր մարզում ներկայացնել հայ էթնիկ մշակույթը համեմված տեղական բազմաթիվ սովորույթներով:
Նման էթնիկ-ազգային պարկերի ստեղծումը նաև կբարձրացնի բնակչության կենսամակարդակը գյուղական և մարզային համայնքներում: Այն մեծ հաշվով կլուծի նաև գործազրկության խնդիրը, քանի որ մարդիկ ապրելով իրենց կենցաղով, ավանդույթներով և ծեսերով հնարավորություն են ունենում զբոսաշրջիկներին ծանոթացնելու իրենց կենցաղին, որը բերում է զբոսաշրջային այցելությունների աճի, որից էլ հետևում են նոր եկամուտներ և զարգացած տնտեսություն:
Եվ, իհարկե, ամենամեծ ազդեցությունը, որ նման էթնիկ-ազգային պարկերի ստեղծումը կարող է ունենալ, թերևս, մարդկանց մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացնելն ու այն պահպանելն է:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: