Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի ամրոց-քաղաքը: Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սբ. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում:
Պատմական ակնարկ
Էրեբունի ամրոց-քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Մենուայի որդի Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: Ուրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):
Ճարտարապետական նկարագիր
Քաղաքաշինական առումով Էրեբունի ամրոցը, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։
Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ՝ հարավարևելյան հատվածում կազմում են երեք շարք, և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։
Միջնաբերդ
Էրեբունի ամրոց-քաղաքի՝ Արարատին և Արագածին նայող կողմերը, միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասերն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։
Պալատը
Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։
Պալատի ամենամեծ դահլիճը (12,0մ×30,0մ), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։
Կառուցվածքային առանձնահատկություններ
Ամրոցին կից տարածքի մի մասը շրջապատված է եղել հզոր պարիսպներով: Պարիսպը, յուրաքանչյուր 8մ հեռավորության վրա, ամրացված է եղել 5 մ-անոց որմնահեցերով: Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ (բակ) կարելի էր հասնել աստիճաններով:
Խալդիի տաճար
Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի` պաշտամունքային, պալատական և տնտեսական: Կրոնա-պաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք: Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը՝ իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով: Դահլիճը կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտե սյուներից; Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով: Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար ունեցել է մի քանի հարկ, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ: Սակայն, հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց:
Իուբշա աստծո տաճար
Պալատական հատվածի արևմտյան հատվածում էր գտնվում Սուսի տաճարը` ձոնված Իվարշա/Իուբշա աստծուն: Ընհանրապես, սովորաբար Սուսի տաճարները ձոնվել են Ուրարտուի գերագույն աստված Խալդիին, և միայն Էրեբունիում և Չավուշթեփեում (Հայկաբերդ) այս տաճարները համապատասխանաբար նվիրված են եղել Իվարշա և Իրմուշինի աստվածներին: Իվարշա աստծո վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Դրանցից մեկի համաձայն Իվարշայի պաշտամունքն ունեցել է փոքրասիական ծագում: Ըստ մեկ այլ կարծիքի`այս աստվածությունը եղել է Արարատյան դաշտի տարածքում գտնվող Ուազա երկրի բնակիչների աստվածություններից մեկը:
Ամրոցի ռազմավարական նշանակությունը
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից՝ Արարատյան հարթավայրը Էրեբունի ամրոց-քաղաքի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Պեղումներ
Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ. Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում Արին բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի I թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի ամրոց-քաղաքի կառուցման վավերագիրն էր: Հուշարձանի արժեքը կրկնապատկվեց, երբ ուրարտագետ Մ. Իսրայելյանի մեկնաբանման շնորհիվ այն դարձավ նաև Երևան քաղաքի ծննդյան, գիտական առումով` առաջին հավաստի վկայականը:
Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ: Դրանց համաձայն էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:
Վերականգնման աշխատանքներ կատարվել են սյունազարդ բակին կից կառույցներում` 1980-ական թվականներին: Չնայած նրան, որ ներկայումս էլ շարունակվում են պեղման և ամրակայման աշխատանքներն, այնուամենայնիվ, հուշարձանը, մասնավորապես պալատական սենյակները, Խալդի տաճարը և որոշ սենյակների պատեր, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող կառույցներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: