Մեծ Աբուլ լեռ / Ջավախք

Մայիսի 9-11 մեկնեցինք Ջավախք: Գնում էինք Աբուլ լեռ անունը կրող նպատակի ետևից։ Ցանկություն ունեինք ծանոթանալ ջավախահայությանը և լսել մեր հայրենակիցներին հուզող խնդիրները:

Պատմա-աշխարհագրական ակնարկ

Ջավախքը տարածվում է Կուր գետի գլխավոր աջ վտակներից մեկի` Փարվանայի ավազանը ներառող և ջրբաժան լեռնաշղթաներով 3 կողմից (բացառությամբ արևմտյանի) սահմանազատված բարձրավանդակի վրա, որը զբաղեցնում է շուրջ 2600 քառ. կմ մակերես և գտնվում է ծովի մակերևույթից 1700 մ միջին բարձրության վրա:

Փարվանա

Փարվանան` Ջավախքի մայր գետը, հոսում է երկրամասի գրեթե կենտրոնով և արևմուտքում` Խերթվիս բերդի մոտ, միախառնվում Կուրին: Երկրամասի մնացյալ բոլոր գետերը Փարվանայի աջ ու ձախ վտակներն են: Դրանց թվում են Բուղդաշեն, Քառասնակն, Հեշտիաջուր, Աբլար, Ճանճղաջուր և Ջոբարեթ վտակները: Գետերը մշտահոս են, սնումը` հիմնականում աղբյուրներից: Բացառությամբ Փարվանա գետի, որի հունն առավելապես անցնում է ձորամիջով, մյուս գետերն ու վտակները հոսում են հարթ տարածություններով:

Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության` Ջավախքի լճերը դասվում են հետևյալ կերպ. Մադաթափա (2108 մ), Փարվանա (2706 մ), Տաբածղուր (1990 մ), Սաղամո (1986 մ), Խանչալի (1928 մ) և Խոզապին (1798 մ):

Փարվանա լիճ

Փարվանա լիճ

Ջավախքի բարձրավանդակը հյուսիսից, արևելքից և հարավից սահմանազատված է ջրբաժան լեռնաշղթաներով: Առավել բարձր գագաթներ ունեն Աբուլը (3301), Սամսարը (3284), Փոքր Աբուլը (2799), Մադաթափան (2714), Սբ. Հովհաննեսը (2375) և այլն:

Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի մասին պատմագրությանը հայտնի հնագույն հիշատակությունը մ.թ.ա. Ը դարից է, Արգիշտի Ա-ի (786 – 764) Խորխորյան տարեգրության մեջ որպես երկրանուն Զաբախա անվանաձևով: Մցխեթայում հայտնաբերված արամեերեն արձանագրություններից մեկում հիշատակվում է Զեվախ անձնանունը, որը թերևս, ծագում է սույն Զավախ երկրանունից, Զավախ (զ-ջ անցումով) Ջավախք (հայերենի հոգնակիության ք ցուցիչով նախկին ա ցուցիչի փոխարեն):

Ջավախքի առաջին հիշատակությունը սույն անվանաձևով հանդիպում ենք Ե դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որն առընչվում է Մեծ Հայքի Վաղարշակ արքայի ծավալած վարչաքաղաքական համակարգի բարենորոգումներին:

Ջավախքում գտնվող նախաքրիստոնեական շրջանին վերաբերող նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները, սալարկղային և ժայռափոր թաղումները, իրենց բնութագրման առանձնահատկություններվ բաղկացուցիչ մաս են կազմում և նույնանում Հայկական լեռնաշխարհի պատմական վաղագույն շրջանի հնդեվրոպական բնիկ քաղաքակրթության մշակույթի հետ: Հանգամանք, որն ինքնին վկայում է Ջավախքի` Հայկական լեռնաշխարհում ձևավորված միասնական մշակույթի ոլորտում ընդգրկված լինելը:

Աբուլ գյուղ

Մեր ճանապարհորդության առաջին օրն այցելեցինք Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարան, Փարվանա և Սաղամո լճեր և երեկոյան հասանք Աբուլ գյուղ:

Աբուլ գյուղ

Աբուլ գյուղը

Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, լեռան հարավ-արևմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արևելք, ծովի մակերևույթից ունի 1964-1985 մ բարձրություն: Կանգ առանք Սբ. Հարություն եկեղեցու մոտ: Աբուլցիներն իմանալով, որ պատրաստվում ենք գիշերել վրաններում առաջարկեցին գիշերել դպրոցում: Բայց նախքան դպրոցում տեղավորվելը հանդիպեցինք աբուլցի բանաստեղծ Բարդուղիմեոս Շաշիկյանին: Նա իմանալով, որ եկել ենք Աբուլ լեռ բարձրանալու միանգամից հրավիրեց իրենց տուն, առարկելն անհնար էր, քանի որ նա վճռական էր տրամադրված և միանգամից հասկացանք, որ հենց այնպես բաց չի թողնի: Ճիշտն ասած մենք էլ դեմ չէինք այդպիսի ջերմ հյուրընկալությանը, քանի որ եղանակը մեղմ ասած այնքան էլ բարենպաստ չէր:

Բարդուղիմեոս Շաշիկյանը

Բարդուղիմեոս Շաշիկյանը

Տեղավորվեցինք Բարդուղիմեոսի հայրական տանը, որի քարերը նույնիսկ հայկական են` շարված Արթիկի մուգ տուֆից: Երեկոյան զրուցեցինք Բարդուղիմեոսի հետ, տվեցինք մեզ հուզող հարցերը: Թեև տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերը հայկական են ու միմիայն բնակեցված հայերով, բայց Վրաստանի կառավարությունը Ջավախքը վրացականացնելու քաղաքականություն է տանում: Մտահոգություն կա, որ ինչպես Ախալցխան կամաց-կամաց բնակեցվեց վրացիներով և այսօր նրանց թիվը գերազանցում է հայերի թվին, նույնը կարող է լինել Ախալքալաքի հետ:

Խոնարհվում եմ Ջավախահայերի առջև, զարմանալի է այսքան տարի ապրել Վրաստանի կազմում, պահպանելով լեզուն և ավանդույթները: Ոչ մի օտար զգացողություն, Ջավախքում քեզ զգում ես ինչպես տանը: Հատկապես մեզ բախտը ժպտաց, որ հանդիպեցինք այնպիսի մարդու ինչպիսին Բարդուղիմեոսն է:

Վերելք Աբուլ լեռ

Հաջորդ առավոտյան սկսվեց վերելքը դեպի Աբուլ լեռ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի երիտասարդներից երկուսին` Սևակին ու Շոթային, որոնք նույնպես բարձրանում էին Աբուլ և որոշեցինք միասին բարձրանալ: Վերելքը հեշտերից չէր, մանավանդ, որ վերջին երկու ժամը բարձրանում էինք մառախուղի միջով: Հասանք գագաթ… երկինքը գոռում էր կարծես հիմա շուռ կգա մեր գլխին… սկսվեց կարկուտը…

Վերելք Աբուլ լեռ

Վերելք Աբուլ լեռ

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Հ. Թումանյան

Վերելքը բարեհաջող ավարտ ունեցավ, խմբի բոլոր մասնակիցները հասան գագաթ: Հետդարձի ճանապարհին մի լավ թրջվեցինք անընդմեջ տեղացող անձրևից: Երեկոյան թրջված ու հոգնած ֆիզիկապես, բայց թարմ ու տպավորված ներքուստ վերադարձանք հետ:

Արշավ դեպի Թմկաբերդ

Երորդ օրը ևս մի սպասված արշավ ունեինք դեպի Թմկաբերդ: Սկզբում գնացինք Վարձունիք (Վարձիա), որը գտնվում է Կուր գետի ձախակողմյան գրեթե ուղղաձիգ, ժայռապար ձորալանջին, Թմոգվի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Վարձունիքը պաշտամունքային այն մեծահռչակ օրրաներից է, որն ամենայն հավանականությամբ, որպես սրբատեղի գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Այստեղից սկսվեց մեր արշավը դեպի Թմկաբերդ, որի ավերակները պահպանվում են նախկին Մարգաստան և պատմական Թմոք գյուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Կուր գետի ձախ ափին վեր խոյացող լեռան վրա: Թմոք բերդը կառուցված էր հայ միջնադարյան բերդաշինությանը հարազատ ու լայն տարածում գտած կառուցողական սկզբունքներով և ռազմավարական հնարքներով: Բերդի ներսում պահպանվում են սրբատաշ քարից կառուցված իշխանական ապարանքի մնացորդներ, պարսպապատերին կից օժանդակ շինություններ և ժայռակերտ աստիճաններով մինչև Կուր գետի ափը ձգվող գետնուղին:

Թմկաբերդ

Թմկաբերդ

Թմկաբերդը բոլորիս քաջ հայտնի է Հովհաննես Թումանյանի « Թմկաբերդի առումը» պոեմից: Հենց պոեմի նախերգանքն էլ թող լինի մեր ճանապարհորդության վերջաբանը: Հեռանում ենք Ջավախքից ևս մի կտոր Հայաստան բացահայտած:

Թմկաբերդի առումը

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։Անց են կենում սեր ու խընդում,Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,Թե մուրազով սիրած կին։Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Տեքստը` Տիգրան Շահբազյանի (աշխարհագրական և պատմական տվյալները Սամվել Կարապետյանի «Ջավախք» գրքից)

Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի, Մար Պետրոսյանի, Գայանե Տոնոյանի, Կարապետ Սահակյանի, Վազգեն Բրուտյանի

Բլոգ Հայաստնի մասին

Armenia on ancient maps
Winter Hiking
The Mountainous Island
Astghashen
ArmGeo Kids’ Club
Chess with Suren
Guin Dalera
Armenia with a roadbike
Armenia with a roadbike