Արարատ բարձրանալ երազել եմ դպրոցական տարիքում, բայց այն ժամանակ անհասանելի էր թվում: Հետո երազանքս մոռացվել էր ու 2023-ի մարտին, ոգեշնչվելով արշավականներից, որոշեցի ուժերս փորձել ու բարձրանալ: Պատրաստվել եմ 4 ամիս ու օգոստոսին բարձրացել: Վերելքի առաջին երկու օրերն ավելի բարդ էի պատկերացնում, սակայն միակ բարդությունն արևն էր ու Արարատի փոշին )): Վերելքի գիշերն անկանխատեսելի էր, թթվածնային քաղցից ուժեղ գլխապտույտ ունեի, ինչը շատ էր խանգարում:
Արարատի գագաթը՝ որպես ուժ գտնելու խորհրդանիշ
Մինչև վերելքն Արարատն ասոցացնում էի սփյուռքահայերի, կորցրած հայրենիքի հետ: Վերելքից հետո ամեն անգամ տեսնելիս, հիշում եմ, որ գագաթին եմ եղել ու լիքը ուժ եմ ստանում:
4600 մետրն ու Ռոմանի խոսքերը
Ամենամեծ դժվարությունը 4600 մետր բարձրությունից հետո անտանելի գլխապտույտս էր ու ձեռքերիս սառելը: Սակայն Ռոմանի (ուղեկցորդի) խոսքերն օգնում էին երևի, «Ես ուժեղ եմ, հաստատ կարող եմ հասնել գագաթ»։ Այնտեղ հասնելու պահին հենց “We are the champions, my friend” խոսքերն էին հնչում ականջներումս:
Փոթորկից հետո ամեն բան խաղաղվեց
Ճանապարհի սկզբում ներսումս դեռ սառն էր, անորոշ զգացում ունեի, դրսում կիզիչ արև էր, քարքարոտ, փոշոտ ճանապարհ: Հետո աստիճանաբար ներսս եռռում էր, իսկ դրսում սառում, քամին ուժեղանում: Ամենաբարենպաստ եղանակն իջնելուց հետո 3200-ի ճամբարում էր, երբ մասնակիցներով քննարկում էինք, կիսվում էմոցիաներով: Ներսումս էլ, դրսում էլ շատ ջերմ, տաքուկ զգացում ունեի, ոնց որ ամեն բան խաղաղված լիներ փոթորկից հետո:
Արարատն ինձ տվեց սիրելի մարդկանց ու ինքս ինձ հաղթելու կարողություն
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեի ինքնահաղթ բառով (չգիտեմ սենց բառ կա, թե չէ )։ Արարատը ռեստարտի պես մի բան էր մարմնիս ու հոգուս համար, բոլոր բջիջներս պայքարում էին վերելքի վերջին ժամերին: Վերելքը հնարավորություն տվեց ինքս ինձ հաղթել ու բնության քմահաճույքներին ավելի մոտ գտնվել: Բայց Արարատն ինձ տվեց նաև սիրելի մարդկանց: Նրանց հետ դժվարությունները թեթև էին անցնում, իսկ ուրախությունը հարյուրապատկվում էր: Better together.
Մեծ աշխարհն, ու դրանում մի փոքր մասնիկ լինելու զգացումը
Արարատի էմոցիաները նկարագրելիս միշտ անզորություն եմ զգում: Բառերով դժվար եմ արտահայտում, բայց մի մեծ աշխարհ լինելու ու միաժամանակ այդ աշխարհի մի փոքր մասնիկը լինելու զգացումն ունեցա, որը մնաց ինձ հետ: Շատ կուզեի նույն կազմով վերադառնալ ու ուժերս կրկին փորձել, համեմատել հին Քրիստինայի հետ: Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով, ու էլ երբեք առաջվանը չի լինի, ինչի համար ուրախ ու շնորհակալ եմ:
Արարատի վերելքի մանրամասներն այստեղ:
Առաջիկա արշավներ