Էդուարդ Խաչատրյան
Ես Էդուարդ Խաչատրյանն եմ։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ծրագրային ապահովման վիզուալ կոմպոնենտների մշակմամբ եմ զբաղվում։ Ֆիլմերի ու կոմիքսների մեծ սիրահար եմ։ Դե իսկ կիթառս հոբբիներիցս երևի ամենակարևորն է։
Համալսարանում 1-ին կուրս էի, ընկերներիս թեթև ձեռքով հայտնվել էի Սկաուտական շարժման շարքերում, ու առաջին արշավս հենց իրենց հետ էր․ Գյումրիից Մարմարաշենի ջրվեժ էինք գնում (ինքս գյումրեցի եմ)։ Արշավը բարդ չէր, բայց ուրախությանս չափ չկար՝ ոնց որ մինչ այդ նայածս ամերիկյան ֆիլմերից մեկում հայտնված լինեի։ Իսկ սկաուտությունը հետագայում շատ կարևոր դեր էր ունենալու բնությանը ու սարերին հավերժ սիրահարվելու գործում։ Շարժման հետ վաղուց կապ չունեմ, բայց մինչ օրս հպարտությամբ պահում եմ սկաուտական համազգեստս։
«Ամեն ինչ նման է սար բարձրանալուն․․․»
Ինձ համար արշավն առօրյա, շատ հաճախ անհետաքրքիր գործերից կտրվելու, ինքդ քո հետ կամ սարեցիներիդ հետ մնալու հնարավորություն է․ շանս է քայլելիս մեդիտացիա անելու, էներգիա ու մուսա հավաքելու։ Իսկ արշավականները մարդիկ են, ովքեր սիրում են սարերն ու բնությունն անկախ ամեն ինչից, ու որոնք ունակ են ներդաշնակ լինել մեզ շրջապատող աշխարհի հետ։
Լեռներն առաջին հերթին տալիս են ուժերիդ հավատալու հնարավորություն։ Երբ զուգահեռներ ես տանում, կյանքում ամեն ինչ նմանվում է սար բարձրանալուն։ Պետք է հավատաս քեզ, կողքիններիդ, ու արդյունքը շատ տպավորիչ կարող է լինել՝ գագաթից բացվող տեսարանի պես։
Մեր ակումբի անդամներից երևի շատերի լեռնային ուղղությունների ֆավորիտներում է Ծակքարի լիճը: Ես ևս բացառություն չեմ։ Մինչև հիմա փշաքաղվում եմ տեսարանները հիշելիս։
Ինչպես հայտնվեցի ArmGeo-ում
Առաջիկայում պլանավորում եմ բարձրանալ Էլբրուսը, տեսնենք՝ ոնց կստացվի։ Դեռ երազանքի մակարդակում Ֆուձիյաման է, Կիլիմանջարոն ու մինչև Խան-Տենգրիի բազային ճամբար 7 օրանոց աշավը։
ArmGeo-ի հետ առաջին արշավս եղել է Բարդողը (Կողբասարը)։ Համալսարանից հետո բանակ, կարիերա, ու երևի 5-6 տարի աշավի չէի գնացել։ Գործուղման պիտի մեկնեի, բայց չեղարկել էին ու կատաղած նստած էի։ Կոլեգաներիցս մեկը եկավ ու ուսապարկս ուզեց, որ Արևմտյան Հայաստան աշավի գնա։ Առանց մտածելու ասեցի՝ «չեմ տա, ես էլ եմ գալիս»։ Զանգեցինք, գրանցվեցի ու հայտնվեցի ArmGeo-ում։ Մինչև հիմա զարմանում եմ՝ ինչպես համաձայնվեցին ինձ վերցնել էդ բարդ արշավին։
Կարծում եմ՝ միշտ պետք է քեզ հնարավորություն տաս նոր բան փորձելու։ Ուրեմն ուղղակի արա դա։ Ու հնարավորության դեպքում ունեցիր լավ կոշիկներ ու մի մոռացիր արևապաշտպան քսուքը՝ անկախ տարվա եղանակից։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.