Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժավանգ վայրերից է: Լեռնաշխարհի տարածքում կործանիչ երկրաշարժերի մասին առաջին վկայություններից մեկին հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։ Խորենացին նշում է մ.թ.ա. 550 թ-ը:
Այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա մի խոռոչ, որն այժմ էլ տեսանելի է:
Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Հայկական լեռնաշխարհի տարածքում: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (1045, 1132, 1319 թթ-ին), 893թ-ի երկրաշարժից կործանվեց Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է մի հսկա լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308 թ., 1931 թ. (քանդվել է Տաթևի վանքը), 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը: 1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից ավերվեց Սպիտակը, Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանը, ինչպես նաև ավելի քան 350 գյուղ:
Երկրաշարժերը լեռնաշխարհում պայմանավորված են հիմնականում 2 գործնով.
- Լեռնաշխարհը գտնվում է Ալպ- Հիմալայան գեոսինկլինալային գոտում:
- Հայկական լեռնաշխարհը հյուսիսից սեղմվում է Էվքսինյան և Կուր-Արաքսյան սալերի կողմից, հարավից լեռնաշխարհը ենթարկվում է Արաբական սալի ճնշմանը: Կենտրոնական մասում այս 2 սեղմումներին դիմադրում է Երզնկաի կոշտը:
Ամենասեյսմոակտիվ շրջանը Երզնկայի դաշտն է, որտեղ բազմիցս տեղի են ունենում ավերիչ երկրաշարժեր: Լեռնաշխարհում սեյսմոակտիվությամբ երկրորդ շրջանը Արարատյան դաշտն է, երրորդ շրջանը Շիրակի դաշտն է, 4-րդը՝ Վայոց Ձորն է, որտեղ 735 թվականին ավերվեց Մոզ բնակավայրը: Սեյսմոակտիվ են նաև Զանգեզուրի, Ջավախքի տարածաշրջանները: