Դովեղի Սբ. Սարգիս
Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղից 6կմ դեպի հարավ-արևելք՝ սարալանջի վրա: Գրանցված է Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում:
Անվան ծագում
Տեղացիների համար եկեղեցու անվանումն ունի շատ պարզ բացատրություն՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում Սուրբ Սարգիսը սրբերից ամենասիրելին է, ինչի պատճառով եկեղեցին անվանել են նրա անունով: Տեղացիների փաստմամբ տարածաշրջանում ժամանակին եղել է չորս եկեղեցի՝ բոլորն էլ Սուրբ Սարգիս անունով, սակայն Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցու զորությունն այլ է:
Ասում են, որ Սուրբ Սարգիս զորավարը եղել է այս տարածքում, քարոզ է արել և լուսավորել մարդկանց: Ինչից հետո էլ այդքան սիրվել է տեղացիների կողմից:
Պատմություն
Ցավոք, Սուրբ Սարգիս եկեղեցու մասին մեզ հասած շատ քիչ տեղեկություններ կան: Նույնիսկ թվագրման հարցում կարծիքները հակասական են: Որոշ ուսումնասիրողներ այն թվագրում են 16-րդ դար, իսկ որոշները՝ 18-19-րդ դարեր: Սակայն կասկած չկա, որ այն եղել է վանական համալիր՝ կազմված եկեղեցուց, զանգակատնից, միաբանության շենքերից և պարսպից:
Մեզ անհայտ ժամանակներից եկեղեցին մնացել է առանց խաչի: Եվ տեղացիներն իրենց ձեռքերով պատրաստել են եկեղեցու ներկայիս խաչը: Այն պատրաստված է արկից, որը ձևափոխել դարձրել են խաչ և ագուցել եկեղեցու գմբեթին: Տեղացիների մեկնությամբ, նրանք չարին ու թշնամանքին պատասխանում են սիրով և հավատով, ինչի վառ ապացույցն են համարում իրենց՝ Սբ. Սարգիս եկեղեցու խաչը:
Ուխտատեղի
Սբ. Սարգիս եկեղեցի տանող ճանապարհին կա ջրի աղբյուր, որից բխող ջուրը տեղացիները համարում են սուրբ, բուժիչ ջուր: Չնայած ամբողջ տարվա ընթացքում եկեղեցին չի ունենում այցելուների պակաս, սակայն հոկտեմբերի առաջին և երկրորդ կիրակին Սբ. Սարգիս եկեղեցում մարդաշատ է լինում: Այդ օրերին Սբ. Սարգիս եկեղեցին դառնում է ուխտատեղի բոլորի համար, ուր գալիս են թե՛ մոտակա, թե՛ հեռավոր վայրերից: Մարդիկ հավատում են, որ այս Սբ. Սարգիս եկեղեցին բուժում է բոլորին՝ անկախ ազգությունից:
Հարկ է նշել նաև, որ տեղացիները Սբ. Սարգիս եկեղեցին կոչում են Դովեղի Խաչ, իսկ եկեղեցու բուժիչ լինելը մեկնաբանում, թե Դովեղ նշանակում է «դև եղ», այսինքն այն վայրը, որտեղ մարդիկ կարող էին բուժվել դևերից: Եվ այսպես մեկնաբանում Սբ.Սարգիս եկեղեցու բուժիչ լինելը: Սակայն ուսումնասիրողները կարծում են, որ առաջ գյուղը կոչվել է Դավեղ և մեկնաբանել են որպես՝ «դեպի վեր»:
Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցին վերակառուցվել է 1845-1849թթ.: Իսկ տեղացիների կողմից պատրաստված խաչը օծվել է 2021թ.:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: