Դիտվան / Դիտավանք
Դիտավանք (Դիտեվան, Դիտվան) – լեռնագագաթ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին, Գնդասարի լեռներում, Ելփին գյուղից 6.5 կմ հյուսիս: Դիտավանքի հարավային լանջից է սկիզբ առնում Արփա գետի աջ՝ Ելփին վտակը, իսկ հարավ-արևելյան լանջին են գտնվում Սարիաղբյուր և Մարիամ աղբյուրները: Լեռան լանջերին տարածվում են լեռնամարգագետնային տափաստաններ:
Դիտվանի առասպելը
Բարձրությունը՝ 2835 մ է: Ասում են` լեռան գագաթից երևում է Վանա լիճը, և դրա համար այն կոչվում է Դիտվան կամ Դիտիվան: Ուղևորվեցինք Ելփին գյուղ: Գյուղացիներին հարցուփորձ անելով` համոզվեցինք, որ այդ պատմությանը բոլորն են տեղյակ: Մի տատիկ էլ համոզված ասաց, որ Դիտվանից մեր ամբողջ Էրգիրը երևում է:
Ինչքան էլ անհավանական էր թվում, բայց Էրգիրը տեսնելու ցանկությունը մեծ էր, և քարտեզն ուսումնասիրելուց հետո էլ հասկացանք, որ պետք չէ բացառել այդ տարբերակը:
Գյուղացիներն ասում են, որ կա մի օր երբ Դիտվանի գագաթից հաստատ երևում է Վանա լիճը, բայց թե դա որ օրն է բոլորը դժվարանում են ասել:
Դիտվանի գագաթի մատուռն ապացույցն է այն բանի, որ ելփինցիների համար սա սրբավայր է:
Վանա լիճը մենք ցավոք չտեսանք, քանի որ ցերեկվա ժամերին դաշտերը մշուշով են պատվում, բայց միևնույն է վայելեցինք Հայկական լեռնաշխարհի գեղեցկությունը և շփվեցինք սարերում բանջար հավաքող կանանց հետ:
Տիգրան Շահբազյան